Այս օրերին լուրեր են շրջանառվում, որ ՀՀԿ համամասնական ցուցակում բավականին ընդարձակ տեղ են զբաղեցնելու նախագահի փեսայի` Միքայել Մինասյանի ընկերներն ու շրջապատը: Եվ հավանաբար հենց սա նկատի ունեն հանրապետականները, երբ ասում են, որ ՀՀԿ համամասնական ցուցակը երիտասարդանալու է: Այս տեղեկությունը Aravot.am-ը փորձեց ճշտել ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանից: Նրա խոսքերով՝ «Դրանք ընդամենը տեղեկատվական հոսքեր են: Կարող են դրանք ինչ-որ առումով իրականությանը համապատասխանել, ինչ-որ առումով կարող են չհամապատասխանել: Բոլոր հարցերի պատասխանը կոնկրետ, հստակ կտա Հանրապետական կուսակցության համագումարը: Այսինքն, սա նորմալ նախընտրական քաղաքական գործընթացների սկիզբն է, իսկ ավելի կոնկրետ պատասխաններ, ես ձեզ հրավիրում եմ համագումար, այնտեղ ստանալու»:
Թեեւ հանրապետականները վստահեցնում են, որ ՀՀԿ ցուցակը պատրաստ չէ, բայց ՄԻԱԿ կուսակցությունը հայտարարել էր, որ իրենց անդամներից երեքը ցուցակում կան: Ուստի հարց է առաջանում, եթե ցուցակ չկա՝ ի՞նչ ցուցակի մասին գիտի ՄԻԱԿ-ը: Արտակ Զաքարյանի մեկնաբանությամբ՝ «Որքանով ես տեղյակ եմ մամուլից, ՄԻԱԿ- կուսակցությունը որպես նախընտրական գործընթացներում ՀՀԿ-ին աջակցող կուսակցություն, իր առաջարկն է ներկայացրել, իսկ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվածության վերաբերյալ համագումարից հետո կոնկրետ պատասխաններ կստանաք»: Մեր հարցին՝ այսինքն իրենք նախապես ենթադրում են, դրա համա՞ր են հայտարարում՝ պարոն Զաքարյանը պատասխանեց. «Ես չգիտեմ իրենք ինչ են ենթադրում: Որպես համագործակցող կուսակցություն՝ իրենց հայտարարությամբ նաեւ փաստել են, որ իրենց աջակցությունը եւ իրենց մասնակցությունը հետագայում Հանրապետական կուսակցության հետ ճանապարհ անցնելն է, ինչը կարող է արտահայտվել նաեւ այդ կերպ»:
ՀՀԿ պատգամավորը վստահեցրեց, որ չգիտի նաեւ իր տեղը ցուցակում. «Դա կուսակցութան ղեկավարության որոշելիքն է ընդհանրապես»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև