Լրահոս
Օրվա լրահոսը

Անսահման բարի պապիկը

Մարտ 07,2012 18:14


«Լավություն արա´, գցի´ր ջուրը»… Ահա այս խոսքերով է իր ողջ` 75-ամյա, կյանքում առաջնորդվել ու դեռ առաջնորդվում Սասուն պապը: Նրան միշտ կտեսնես իրեն հատուկ ներքին հանգստությամբ, աչքերի խորությամբ ու հազիվ նշմարվող ժպիտը դեմքին: Հարևանները նրան անունով չեն դիմում… Ասում են` «անսահման բարությունն եկավ» ու նկատի ունենում հենց Սասուն պապին: Ճանապարհին հանդիպողներին միշտ ջերմագին բարևում է, հարցնում նրանց որպիսությունը «քեֆն ու հալը», նեղության մեջ գտնվողներին առաջարկում իր օգնությունը` լավ, հասկանալով, որ դժվար թե կարողանա որևէ մեկին նյութապես օգնել, սակայն դա իր համար երկրորդական է. «Կարևորն ուշադրությունն ա, բալե´ս, թե չէ մեկը ըլնի ինձ օգնի (կես լուրջ, կես կատակ ասում է Սասուն պապն ու ծիծաղում), դրամով կամ գործով ուժս չի պատի, որ օգնեմ, բայց հոգեպես օգնել ու խՈրհուրդ տալ հո կարամ»:

Ճակատի խորշերը, դաժանություններ ու անարդարություններ տեսած թախծոտ աչքերը, ֆիզիկական աշխատանքից կորացած մեջքը, ուժասպառ եղած ոտքի քայլերը… այս ամենը վկայում են նրա կրած տանջանքների, հաղթահարած դժվարությունների, հալալ քրտինքով վաստակած հացի մասին:

Սասուն պապն արթնանում է դեռ արևը չծագած: Հանդարտ քայլերով դուրս է գալիս սենյակից, այնպես, որ հանկարծ չարթնացնի կնոջը` 73-ամյա Անուշ տատին. «Պառավս մեղկ ա, շատ ա տանջվում ու հոգնում, թող մի լավ քնի հանգստանա»,- ձեռքը գցելով Անուշ տատիկի ուսին, ասում է Սասուն պապը:

Մեկ բաժակ կաթը հացով ու մեղրով «անուշ անելուց» հետո պապը գնում է իր ամենօրյա գործին` կովերին արածացնելուն: Ճանապարհին զրուցում է նրանց հետ… Մերթ պատմում իր ջահել ժամանակվա «տղայական» արարքների` հարևանների այգիներից միրգ ու պոպոկ գողանալու, սիրուն-սիրուն աղջիկների հետևից գնալու ու նրանց խոսեցնելու մասին, մեկ էլ հանկարծ տրամադրությունը միանգամից փոխվում է. հիշում է պատերազմը, սովը, անքուն ու ցուրտ գիշերները… Սկսում է գոռալ, անցյալի դառը հիշողություններից առաջացած բարկությունը թափել կովերի վրա, հանում է ճիպոտը, բայց… բայց երբեք չի հարվածում, ասում է` «ձեռս չի գնում, մեղք են է անասունները»:

Նրա մոտ, սակայն, բարկությունը ընդամենը մի վայրկյան է տևում… Սասուն պապին բնորոշ չեն չարությունն ու զայրույթը… Նա երանի է տալիս այս ժամանակներին, երբ, չնայած ամեն ինչին, կյանքն ավելի բարվոք է: «Կարևորը անցան էդ ժամանակները: Հիմա ամեն ինչ ուրիշ ա, հանգիստ ա: Փա´ռք Աստծո, թոռներս չեն տեսել էդ տարիների տանջանքները, ու տա´ Աստված, որ չտենան ըտենց օրեր»:

Սասուն պապը մտնում է տուն, թե չէ, առաջինը գրկում է թոռներին, օրվա կարոտն առնում, նստեցնում գիրկը ու համբերությամբ լսում նրանց պատմած չարաճճի պատմությունները: Թոռնիկները շատ են սիրում իրենց պապին. «Պապս շատ բարի ա, մեզ երբեք չի ծեծում ու միշտ կոնֆետ ա բերում»,- պապի վիզն ընկնելով՝ ասում է 8-ամյա Արմինեն:

Երեկոյան, երբ ընտանիքի բոլոր անդամները աշխատանքից վերադառնում են, Սասուն պապը բոլորին հավաքում է իր շուրջ ու միասին ամփոփում են այդ օրը:

Սասուն պապն իր տղաներին, իսկ հիմա նաև թոռներին սովորեցնում է ապրել արդար, դիմացինին նայել պարզ ճակատով. «Ամեն մեկը պետք ա իրա գործով զբաղվի, չնայի ուրիշի ձեռին, բավարարվի իրա ունեցածով, ու էդ ժամանակ կզգա, թե ինչքան երջանիկ ա, մնացած բաները սուտ են, անցնում, գնում են: Պետք ա կարանանք ընենց ապրենք, որ լավ անուն թողենք մարդկանց մոտ, որ սաղ միշտ լավ ձևով ու ափսոսանքով հիշեն մեր մասին»,- իմաստուն  հայացքով ասում է Սասուն պապը:

Նրա տղաներն արդեն հասուն մարդիկ են, բայց, ինչպես իրենք են նշում, մինչ օրս էլ առաջնորդվում են իրենց հոր խորհրդով ու ոչ մի քայլ չեն անում առանց իրենց հորը տեղյակ պահելու:

Ռուզան Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031