Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխնախարարն արտասանեց մանկավարժների համար

Մարտ 07,2012 17:34

PHOTOLURE

«Ամենքինն ես, իմը չես,

Ամենքին ես սիրում դու,

Ա՛խ, ոսկով են գնում քեզ,

Անհաս ցնորք իմ հոգու…»,- տերյանական «Ցնորք»-ով այսօր` ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ուսուցիչներին շնորհավորեց

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ` ԿԳ նախարարությունում կազմակերպված հանդիպման ժամանակ:

Ներկայացվեց նախարար Արմեն Աշոտյանի ուղերձը ուսուցիչներին եւ ուսանողուհիներին. «Ցանկանում եմ առողջություն, հաջողություն եւ երջանկություն: Թող ժպիտն ու կանացի հմայքը Ձեզ ուղակից լինեն ողջ կյանքում»:

Մ. Մկրտչյանը նշեց, որ արդար հասարակությանը բնորոշող մեկ չափանիշ կա. «Դա այն է, երբ մանկավարժները հասարակության վերին շերտն են համարվում: Ճիշտ է, մենք դեռեւս շատ հեռու ենք դրանից, քանի որ հասարակության վերաբերմունքն առայժմ այդպիսին չէ, բայց, համենայն դեպս, ձգտում ենք դրան»:

Երեւանի եւ մարզերի դպրոցների մի շարք վաստակավոր ուսուցիչներ արժանացան ԿԳՆ պատվոգրերի:

«Առավոտի» հետ զրույցում Ապարանի ավագ դպրոցի փոխտնօրեն, ինֆորմատիկայի ուսուցչուհի Լարիսա Միքաելյանը նշեց, որ կարեւոր է արժանանալ նման ուշադրության. «Հասկանում ես, որ աշխատանքիդ արդյունքը գնահատված է: Երբ քեզ են առանձնացնում կոլեկտիվից, ապա պարտավոր ես առավել մեծ պատասխանատվություն կրել»:

Լ. Միքայելյանը հավելեց, որ, ուսուցչի ամենակարեւոր` դաստիարակչական գործառույթին զուգահեռ՝ ավագ դպրոցի պարագայում կան որոշակի խոչնդոտներ. «Փորձում ենք ընտելանալ հոսքային ուսուցմանը: Երեխաները կարծես դեռ չեն հասկանում դրա իմաստը եւ առարկաների ընտրության հարցում դժվարանում են կողմնորոշվել, բայց ժամանակի ընթացքում աշխատում ենք լուծել այդ խնդիրները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031