Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տղամարդիկ ձախողել են քաղաքականությունը, ժամանակն է տիկնայք շտկեն նրանց սխալները (տեսանյութ)

Մարտ 07,2012 17:06

«Տեսակետ» ակումբում այսօր հյուրընկալել էին կին քաղաքական գործիչներ՝ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը եւ ՍԴՀԿ նախագահ, ՀԱԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Սարգսյանը:

Լիլիթ Գալստյանը, խոսելով կանանց իրավունքների մասին, նկատեց, որ մեր երկրում ոչ միայն կանանց, բոլորի՛ իրավունքներն են «խեղված, եւ ինչու չէ՝ բռնաբարված», ապա բերեց մի քանի թվային տվյալներ, որոնք ապացուցում էին, թե ինչ «բացառիկ անպատվաբեր» վիճակում է կանանց ներգրավվածությունը երկրի կառավարմանը: Չնայած աշխարհում քաղաքականությանը կանանց ներգրավվածությունը միջինը 22,5% է, սակայն Հայաստանում այդ թիվը շատ ավելի փոքր է՝ ԱԺ-ում՝ ընդամենը 9,4% է, կամ՝ 131 պատգամավորից 11-ը, կառավարությունում էլ շատ քիչ կանայք: Տիկին Գալստյանը նաեւ նշեց, որ ունենք մեկ կին մարզպետ, սակայն այդ տվյալը հնացած է, արդեն երկար ժամանակ է՝ չունենք կին մարզպետ, փոխարենը ունենք ընդամենը 24 կին գյուղապետ:

Այս կապակցությամբ նա մտավախություն հայտնեց, որ  Տիկին Գալստյանը խոսեց նաեւ օրենքով սահմանված քվոտավորումից, որի համաձայն առաջիկա խորհրդարանում համամասնական ցուցակներում յուրաքանչյուր 5-րդը պետք է լինի կին: Դաշնակցության ցուցակը նույնպես այդ սկզբունքով է ձեւավորվելու՝ «մենք օրենքը չենք խախտելու»: Նա միայն մտավախություն ուներ, որ քվոտավորումը չդառնա ֆորմալ, եւ զուտ օրենքի պահանջը կատարելու համար գործից չհասկացող կամ համապատասխան արժանիքներ չունեցող, եւ միայն կոճակ սեղմելու նպատակին ծառայող կանանցով  չլցնենք խորհրդարանը:

Իսկ ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ կնախընտրեր, որ կանայք այնքան արժանավոր լինեին, որ առանց որեւէ քվոտավորման տեղ ունենային խորհրդարանում, եւ ընդհանրապես՝ քաղաքականության մեջ: Նաեւ նկատեց, որ չնայած խաղի կանոնները սահմանում են տղամարդիկ, եւ կանանց համար մի փոքր դժվար է խաղալ նրանց սահմանած կանոններով, սակայն, այն կանայք, ովքեր փորձ են անում «դուրս գալ իրենց խոհանոցներից», եւ նպատակաուղղված առաջ են գնում՝ շատ բաների են հասնում: Տիկին Սարգսյանը նաեւ համարում է, որ հայ կանայք միշտ իրենց երկրորդ պլանում են պահել, զիջել են տղամարդկանց, որպեսզի վերջիններս կարողանան ինքնադրսեւորվել, սակայն անհրաժեշտ եւ կարեւորագույն պահին կանայք իրենց դերը կատարել են:

Իր հերթին Լիլիթ Գալստյանը նկատեց, որ այսքան տարիներ տղամարդիկ են Հայաստանում քաղաքականություն իրականացրել եւ ամեն ինչ իրենց ձեռքն են վերցրել, սակայն փաստը մնում է փաստ, որ «ձախողել են»:

Լյուդմիլա Սարգսյանը, ի պատասխան տղամարդ լրագրողի հարցի, թե այդ քվոտավորմամբ արդյո՞ք չեն խախտվում տղամարդկանց իրավունքները, ասաց.«Մի անհանգստացեք, մենք չենք փորձում տղամարդկանց տեղը զբաղեցնել, մենք ուզում ենք ընդամենը նրանց լրացնել: Կանայք շատ ավելի կրթված, սկզբունքային եւ նվիրված են, բայց ներկայացված չեն եւ որոշումների վրա ազդելու հնարավորություն չունեն: Երբ կգա ժամանակը եւ կարիք չի լինի քվոտաներով պարտադրելու, բոլորը հավասար իրավունքներ կունենան եւ քաղաքականության մեջ կլինեն արժանիները՝ առանց նայելու՝ տղամարդ են թե՞ կին»:

Լիլիթ Գալստյանը այս կապակցությամբ հայտարարեց.«Ես դեմ եմ, որ մենք լրացնում ենք տղամարդկանց: Ես իմ ասելիքի տերն եմ, եւ մինչեւ վերջ գնում եմ դրա հետեւից, երբեք չեմ ապրում ինչ-որ մեկին լրացնելու համար»: Այս խոսքերից Լյուդմիլա Սարգսյանը մի փոքր ազդվեց, եւ ինքն իրեն լրացրեց.«Ես ինքս էլ շատ ինքնուրույն եւ առաջադեմ մարդ եմ, որ երբեք թույլ չի տա, որ իրեն որպես լրացում դիտարկեն: Ուզում էի ասել, որ տղամարդիկ էլ մեզ են լրացնում, եւ մենք միասին ենք ամբողջությունը ներկայացնում»:

Մելանյա Բարսեղյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031