Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հուսով եմ՝ մի օր Անահիտը տուն կգա» (Տեսանյութ)

Մարտ 07,2012 16:50

 

Այսօր ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանատան մոտ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) կազմակերպել էր Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան տեղափոխելուն նվիրված ակցիա։ Մեծ Բրիտանիայի դեսպաններին փոխանցվեցին Անահիտ դիցուհու արձանի մասունքները հայրենիք վերադարձնելու ուղերձի տեքստը եւ  հիմնադրամի նախաձեռնությանը միացած երիտասարդների ստորագրությունները։

Ակցիային միացավ նաեւ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը. «Պետք է խորին շնորհակալություն հայտնեմ հայ երիտասարդներին , հայ հասարակությանն առհասարակ, որ ոչ միայն բուռն արձագանքներ են տվել իմ այս առաջարկին, այլեւ սատար են կանգնել: Եղել են նաեւ հոռետեսական գնահատականներ, եզակի կարծիքներ, որոնք աննպատակահարմար են համարում վերադարձը: Մենք ունենք բարոյական հիմքեր՝ նման պահանջով հանդես գալու համար: Գործընթացը հեշտ չի լինելու…Նախադեպեր կան, երբ բրիտանացիները վերադարձրել են Եգիպտոսին եւ Հունաստանին պատկանող մշակութային մասունքները, եւ դա չի եղել  արագ գործընթաց: Ամեն ինչ հաջողությամբ կպսակվի, եթե լինենք հետեւողական, իսկ մենք, նման երիտասարդություն ունենալով, կլինենք այդպիսին: Ծայրահեղացումներ չեմ ընդունում, բայց, միաժամանակ, կարծում եմ, որ կա հազար պայման եւ հազար պատճառ՝ հետ ուզելու մեր Անահիտին եւ ընդամենը մեկ պատճառ՝ նրան չվերադարձնելու: Այդ մեկ պատճառն այն է, որ այսօր Անահիտը Բրիտանիայում է գտնվում: Ավելի խորհրդանշական է դառնում այս միջոցառումը նրանով, որ կանանց տոնի հետ է համընկնում: Անահիտը հին Հայաստանում մայրության աստվածուհին էր»:

Նախարարը հավելեց, որ որպես պաշտոնյա եւ քաղաքական գործիչ, պատրաստ է  հարցը հնչեցնել տարբեր առիթներով եւ ատյաններում. «Հուսով եմ, որ մի օր Անահիտը տուն կգա»:  

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀԵՀ-ը իր պաշտոնական կայքէջում հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, որ Անահիտի վերադարձի վերաբերյալ ստորագրահավաք է կազմակերպվել, որին միացել է շուրջ 20 հազար երիտասարդ՝ Երեւանից եւ մարզերից: «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ: Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում եւ  ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակութային նմուշներ են: Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը եւ ձեռքերը: Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի եւ պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն  են: Տեղեկացնենք, որ Անահիտը հայկական դիցարանում մայրության, պտղաբերության, արգասավորության, ծննդաբերության, վաղ շրջանում նաեւ ռազմի աստվածուհին էր՝ Արամազդի դուստրը: Անահիտը համարվել է խոհեմության ու պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող դիցուհի: Ուղերձի տեքստը և ստորագրությունների պատճենները կուղարկվեն նաև Բրիտանական թանգարան»,-ասվում է բրիտանացի դեսպաններին հղված ուղերձում:

Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Հայաստան վերադարձնելու նախաձեռնությունը վերածվել է համահայկական ակցիայի. Հայաստանի երիտասարդկան հիմնադրամին միացել են նաեւ մի շարք սփյուռքահայ երիտասարդներ՝ լոսանջելեսաբնակ Գեւորգ Մարտիրոսյանի գլխավորությամբ ամբողջ աշխարհից հավաքած 1063 ստորագրությամբ:

Կարևորելով նման երիտասարդական շարժումները`ՀԵՀ համակարգող Կարեն Ավագյանը նշեց. «Ակցիայի մտահղացումը հենց Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն է, բայց ամբողջ նախաձեռնությունը սկսվել է համացանցում, Արմեն Աշոտյանն իր պատին տեղադրել է համապատասխան գրառումը, որն արժանացել է բազմաթիվ մարդկանց ուշադրությանն ու հավանությանը …Ակցիան կշարունակվի այքան ժամանակ, մինչեւ ստանանք պաշտոնական արձագանք»:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ստորագրություններով ուղերձը փոխանցելով բիտանացի դեսպաններին, դուրս եկավ դեսպանատնից ու հայտարարեց. «Դեսպանը առաջարկել է եւ նախաձեռնում է, որպեսզի միջթանգարանային փոխանակում լինի, եւ Անահիտի մասունքները մինչեւ մեկ տարի ժամկետով տեղափոխվեն Հայաստան: Իհարկե, մենք շնորհակալություն հայտնեցինք, անպայման այս առիթից կօգտվենք եւ պատկան մարմիններին կդիմենք, որպեսզի կազմակերպեն այդ փոխանակումը եւ Հայաստանում ցուցադրությունը՝ Անահիտ աստվածուհու արձանի մասունքների:  Իհարկե, մեր վերջնանպատակն է վերջնական վերադարձը: Պետք է գնալ փուլ առ փուլ, զինվել համբերությամբ եւ լինել հետեւողական»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031