Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը հրապարակեց «Հրապարակ» օրաթերթի դեմ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Արթուր Գրիգորյանի պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի, որպես իրեն վիրավորանքի եւ զրպարտության հետեւանքով պատճառված վնասի փոխհատուցում՝ 18 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջի մերժման մասին վճիռը:
Դատարանը, ուսումնասիրելով հայցվորի, դատավարության կողմերի ներկայացված ապացույցները, գործի հանգամանքները, գտավ, որ հայցն անհիմն է:
Դատարանը հղում արեց նաեւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիային, ՀՀ սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Հօգուտ Հայաստանի Հանրապետւթյան պետական բյուջեի՝ փաստաբանից կբռնագանձվի 360 000 դրամ, որպես պետտուրքի գումար:
Փաստաբան Արթուր Գրիգորյանը Aravot.am-ի «Սպասում էի՞ք նման վճռին» հարցին պատասխանեց.«Ես ամեն ինչ էլ սպասում էի», իսկ հարցին, թե բողոքարկելո՞ւ է վճիռը,նա ասաց.« Բնականաբար, բողոքարկելու եմ»:
Կարդացեք նաև
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն ասաց, որ վստահ էր իրենց ներկայացրած ապացույցներին եւ լավատես էր:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ