«Ոչ ոք չգիտի, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայիս շենքը ժամանակին եղել է հայտնի հայ գինեգործ Սողոմոնյանի շենքը, որը ժամանակին Չիկագոյում արժանացել է ոսկե մեդալի»,- այսօր «Արմատ» ակումբում հայտարարեց «Պետական կարիքների զոհեր» ՀԿ-ի նախագահ Սեդրակ Բաղդասարյանը: Նա իր մտահոգությունը հայտնեց, որ ոչ ոք չի հիշում այն մասին և ոչ ոքի մտքով անգամ չի անցնում պահպանել պատմամշակութային արժեք ունեցող հուշարձանները: Այնուհետև հավելեց. «Ի°նչ անենք, ՀՀԿ–ի գրասենյակի շենքի ճակատին բետոն թափենք ու գրենք, որ շենքը կառուցել է Մայրապետյան Սամվելը, ճարտարապետն էլ Նապոլեոն Սարգսյա°նն է»:
Պարոն Բաղդասարյանը մտահոգված է, որ պատմամշակութային հուշարձանների այսպիսի թափով վերացումը միայն թշնամիներին` հատկապես Ադրբեջանին է ձեռնտու, քանի որ նրա քաղաքականությունն ենք առաջ տանում, որը համացանցում շարունակաբար նյութեր է տարածում, որոնցով հարցականի տակ է դնում Երևանի դարավոր պատմությունը: Միևնույն ժամանակ Ս. Բաղդասարյանը ահազանգում է. «Մենք կորցնում ենք վերջին ապացույցները, որ Երևանը գոնե 100-120 տարվա պատմություն ունի: Կամ գուցե ուզում են նո°ր պատմություն գրել` սկսած 2000 թվականից, երբ կառուցվեց Հյուսիսային պողոտան»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ