Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում ոչնչացվել են 30 պատմամշակութային հուշարձաններ

Մարտ 07,2012 14:59

Երևան քաղաքի 30 պատմամշակութային հուշարձաններ մինչ այժմ ոչնչացվել են, 9-ը` պատրաստվում են տեղափոխել, 5-ին սպառնում է նշվածների ճակատագիրը: Մայրաքաղաքի հուշարձանների պահպանության ահա այսպիսի անմխիթար վիճակն է պատճառ դարձել, որպեսզի Երևանի պաշտպանության նախաձեռնությունների միավորումը վաղվանից Թամանյանի արձանի շրջակայքում և Մաշտոցի պուրակում սկսի ամենօրյա ստորագրահավաք` ուղղված Երևանի պաշտպանության խնդիրներին: Նախաձեռնության անդամ հինգ քաղաքացիական նախաձեռնությունները քաղաքացիների ստորագրությունները կներկայացնեն ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին և Երևանի քաղաքապետին:

Այսօր «Արմատ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում քաղաքի պատմամշակութային հուշարձանների պաշտպանության հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները բարձրացրին մի շարք հրատապ խնդիրներ: Օրինակ` Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճի պահպանության քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Սարհատ Պետրոսյանը նշեց. «Այսօր վտանգված է Փակ շուկան, հենց այսօր քանդվում է արդարադատության նախարարության շենքը, որը Սևան հյուրանոցի մի հատվածն է»: Միևնույն ժամանակ Ս. Պետրոսյանը նշեց, որ այսօր նկատելի է նաև իշխանությունների տոլեռանդ վերաբերմունքը. գոնե հիմա լսում են իրենց:

Aravot.am-ի այն դիտարկմանը, դա արդյոք չի՞ նշանակում, որ այդպիսով իշխանությունները ցանկանում են հասարակության և նման նախաձեռնությունները համակարգողների գլխի տակ փափուկ բարձ դնել, Ս. Պետրոսյանը պատասխանեց. «Մեկ շաբաթ առաջ մենք հանդիպում ենք ունեցել քաղաքապետի հետ: Իհարկե, չեմ կարող ասել, որ այն արդյունավետ է եղել, քանի որ ես անգամ ձայնի իրավունք չունեցա, սակայն  2005-ի հետ համեմատած իրավիճակը փոխվել է»: Մեր մյուս հարցին` ի°նչ արդյունքի կարող է հասնել հասարակությունը և նման նախաձեռնությունները, եթե իրականում պայքարում են օլիգարխների դեմ, որոնք ունեն իշխանությունների բացահայտ հովանավորությունը, Ս. Պետրոսյանը պատասխանեց. «Երբ 2005-ից մենք սկսեցինք պայքարել այս խնդիրների դեմ, այն ժամանակ մեր նամակներին անգամ չէին պատասխանում: Հիմա գոնե մշակույթի նախարարությունը պատասխանում է` չնայած անհասկանալի ձևակերպումներով շատ զավեշտալի պատասխաններ է տալիս: Այնպես չէ, որ արդյունքներ չկան, օրինակ` Հանրապետության հրապարակի, Թռչկանի նախադեպերը: Հիմա մենք պայքարում ենք, որպեսզի նոր Մաշտոցներ չլինեն»:

«Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նածաձեռնության ղեկավար Գրիգոր Ղազարյանն էլ թվեց հասցեներ, որտեղ արդեն իրականացվում են շինարարություններ, ինչի արդյունքում վտանգվում են Երևանի պատմամաշակութային հուշարձանները. Աբովյան 3/1, Սարյան 26 և այլն:

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031