Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ դեղերի շուկան վերահսկվում է, ու բոլոր նրանք, որոնք ավելի որակյալ դեղորայք են ներմուծում ու ավելի արդյունավետ են աշխատում, նրանք էլ միշտ հաղթում են մրցույթները. «Ոլորտում գուցե եւ լինում է ժամկետանց ու անորակ դեղորայք, բայց չեմ տեսնում, որ հատուկ այդ նպատակով է բերվում, գուցե պահպանման մեխանիզմներն ե՞ն խախտված, այսինքն, որտեղ, որ դեղերն են պահպանվում: Հիմա մեր դեղի գործակալությունը ուսումնասիրություններ է կատարում, երբ արդյունքները պարզ լինեն, կհրապարակենք»: Նա ասաց, թե բացառվում է, որ խուսափեն պատժամիջոցներ կիրառել ոլորտում մենաշնորհային դիրք ունեցողների նկատմամբ, որոնք անորակ կամ ժամկետանց դեղորայք են ներմուծում. «Բացառվում է, ինչու՞ պիտի խուսափենք, բացի այդ, դա մի քիչ էլ բարոյական նորմեր են, յուրաքանչյուր ներմուծող պիտի հասկանա, որ նա դեղ է ներմուծում ու իրավունք չունի վատ դեղ ներմուծել Հայաստան»:
Պարոն Քուշկյանն անդրադարձավ նաեւ վերջին շրջանում հիվանդանոցային ոլորտում բացահայտված չարաշահումերին ու ասաց. «Միայն հիվանդանոցի հետ կապ չունի, օրենսդրական բացերի հետ կապված է: Համապատասխան գերատեսչությունների հետ կաշխատենք ու շատ կարճ ժամանակամիջոցում դա կվերացնենք: Դա մեր 2012 թվականի գերակա ուղղություններից է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ