Պարզվում է` ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը մոտ է վերջերս իր երթով ու քոչարիով մեծ հետաքրքրություն վայելող «Հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանի հետ: Ուստի մենք ուզում էինք պարզել, թե ընկերաբար նրան խորհուրդ չե՞ն տալիս սանրվածքը փոխել, քանի որ հասարակությունը նրան, ինչպես գիտենք, նմանեցնում է Ադոլֆ Հիտլերին: Սակայն Արտակ Զաքարյանը նշեց, որ չգիտի, չի լսել, թե հասարակությունը նրան նմանեցնում է Հիտլերին, ինքն էլ նրանց միջեւ նմանություն չի գտնում, անգամ սանրվածքը չի նմանեցնում. «Որոշ մարդիկ գուցե փորձում են նմանություններ գտնել, ես` ոչ: Ես Խաչիկ Ասրյանին նմանեցնում եմ Խաչիկ Ասրյանի հետ` երիտասարդի, որի նվիրումը, էներգիան, մտահորիզոնը եւ աշխարհայացքն ամբողջությամբ հայրենասիրություն է պարունակում»:
Իսկ մեր զարմանքին ի պատասխան, որ ինչպե՞ս եք բացառում նմանությունը` պարոն Զաքարյանն ասաց. «Ես ոճաբան չեմ»:
Այսօր Արտակ Զաքարյանը լրագրողներին նաեւ ներկայացրեց իրենց կուսակցության պաշտոնական կայքը: Լրագրողների հարցին, թե Խաչիկ Ասրյանի գործունեությունը նույնպե՞ս լուսաբանվելու է կայքում` պարոն Զաքարյանը պատասխանեց, որ ինքը «Սյունյաց արծիվների» հիմնադիրներից է եւ նրա հայրենասիրական գործունեությունը կայքում տեղ կգտնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ