Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկան Արթուր Բաղդասարյանը չհիշեց, թե «Արմենիայում» սրսկվելուց հետո ինքը տուն գնացել է՞

Մարտ 07,2012 13:54

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիի դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի դատաքնությունը:

Անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի խաղաղ ցույցից հետո ոստիկանության բաժին բերման ենթարկված Վարդգես Գասպարիի դեմ ցուցմունք են տալիս ոստիկանության աշխատակիցները, որոնք չգիտեն, թե իրենք ինչ օրենքով են կարգավորվում, չգիտեն, որ ոստիկանապետը նախարար չէ, նաեւ չգիտեն, թե գործակա՞լն է բերման մասին որոշում կայացնում, թե՞ վաշտի հրամանատարը, կամ, ասենք, ջոկն ու դասակն ինչով են տարբերվում:

Այս ոստիկաններից մեկն էլ, որի կրծքին թվագրված էր «2-2-188» համարը, թեեւ ներկայացավ դատարան, որպես 1-ին սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար, սակայն պարզվեց, որ ներկայացնում է 2-րդ դասակի 2-րդ ջոկի 188 համարը:

Ոստիկան Արթուր Բաղդասարյանի ցուցմունքն ու հարցաքննությունն այսօր ավարտվեց: Նա նկարագրեց անցյալ տարվա հոկտեմբերի 20-ի ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած բողոքի ցույցը, որին մասնակցել են բանակում զոհվածների ծնողներն ու վետերան օդաչուները: Ասաց, որ ցույցը խաղաղ էր ընթանում, միայն Վարդգես Գասպարին էր, որ իր բղավոցներով խանգարում էր կառավարության աշխատանքը: Ըստ նրա տրամաբանության՝ «ՀՀ կառավարության անդամները հասարակության անդամներ են», իսկ հասարակական կարգի պահպանության համար իր վրա կան որոշակի պարտավորություններ: Նա հիշեց, որ Վարդգես Գասպարին «հայհոյել է» «ոչ անվանական» բղավելով.«դավաճաններ», «սրիկաներ», «ասկյարներ»,«մարդասպաններ»: Այս ոստիկանը փաստեց, որ Գասպարին սեռական բնույթի հայհոյանքներ չի տվել, սակայն նրա կարծիքով, հայհոյանք էր վերոնշյալ բառերը բարձր ասելը:

Նա նկարագրեց, թե ինչպես են կառավարության շենքից դուրս եկել նախարարները, «նախարար Ալիկ Սարգսյանը», ու այդ ժամանակ էլ Գասպարին սկսել է ավելի բարձր բղավել՝«խախտելով հասարակության անդորրը»: Վկան հիշեց, որ մինչ այդ մի քանի անգամ զգուշացրել է Գասպարիին, իսկ երբ Ալիկ Սարգսյանը մեքենան էր նստում, ինքը թեւանցուկ է արել Գասպարիին, ուղեկցելով Նալբանդյան փողոցի ուղղությամբ, եւ ասել է, որ պետք է բերման ենթարկի: Գասպարիի պաշտպանի՝ Ռոբերտ Ռեւազյանի հարցին, թե նա՞ է կայացրել բերման ենթարկելու մասին որոշումը, վկան դրական պատասխան տվեց: Մինչդեռ, նախորդ դատական նիստին մեկ այլ ոստիկան՝ Գեւորգ Մանուկյանն ասաց, թե ինքն է կայացրել այդ որոշումը, ինչը զարմանք պատճառեց դատարանին:

Բնականաբար, հետեւեց հարցը, թե վերադաս-ենթակա հարաբերությունների ժամանակ հնարավո՞ր է նման բան, կամ ինչ իրավական ակտով է կարգավորվում այս ամենը, վկան չկարողացավ պատասխանել:Հրամանատրը չհիշեց, թե իր ենթակայի ազգանունն ինչպես է: Նա դատական նիստի սկզբում սխալ էր ասել իր հետ հերթապահություն անողի անունն անգամ: Վկան հիշեց, որ Գասպարիին բաժին տանելուց հետո երթուղայինով տուն է գնացել: Ասաց, որ Գասպարին կտրուկ շրջադարձ կատարելուց հետո դաստակով հարվածել է իր գլխին, մի պահ է վատ զգացել, իսկ ապա ամեն ինչ անցել է:

Էական հակասություն տեսնելով՝ պաշտպանական կողմը միջնորդեց, որ հրապարակվեն վկայի նախաքննության ժամանակ տված ցուցմունքները, ինչպես նաեւ 3-րդ պոլիկլինիկա տանելու մասին բժշկական տեղեկանքը: Պարզվեց, որ «ուղեղի ցնցում» ախտորոշմամբ վկային տրվել է դատաբժշկի տեղեկանք, որով նա հետազոտվել է 3-րդ պոլիկլինիկայում, իսկ ապա ըստ «օպերատիվ ահազանգի»՝ շտապ օգնության ավտոմեքենայով տարվել է «Արմենիա» հիվանդանոց: Ոստիկան վկան դատարանում իմացավ, որ որ իրեն ցավազրկող են սրսկել, որից հետո չհիշեց, ինքը տուն գնացե՞լ է, թե՞ոչ:Ոստիկանն արդարացավ. «Դե, մի քանի ամիս է անցել, չեմ հիշում» չնկատելով պաշտպանական կողմի հարցադրման հեգնանքը. «Ձեզ ամեն օր են շտապ օգնության մեքենայով հիվանդանոց տանում»;

Նկատենք, որ դատական նիստի միակ հետեւողը Aravot.am-ն է:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 22-ին ժ. 9.30-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031