Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳԳ-ն կզբաղվի հրատարակչական «գողերով»

Մարտ 07,2012 13:17

Հեղինակային իրավունքների միջազգային օրվանից՝ ապրիլի 23-ից կմեկնարկեն «Երեւանը համաշխարհային գրքի մայրաքաղաք» ծրագրի միջոցառումները:

«Առավոտը» գրքի ոլորտի մարդկանց եւ ընթերցողների շրջանում անցկացրած հարցախույզից ճշտեց նրանց հուզող երեք հիմնական հարցերը. ինչո՞ւ են Հայաստանում  աճում հեղինակային իրավունքի խախտումները, ինչո՞ւ հայ գրողները մասսայաբար հասու չեն արտասահմանյան ընթերցողին, ինչո՞ւ հայ գրողը գրեթե չի ստեղծում համաշխարհային գրականությանը մրցունակ արժեքներ: Հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով զրույցի  հրավիրեցինք Առաջին գրական գործակալության (ԱԳԳ) տնօրեն Արեւիկ Աշխարոյանին:

ԱԳԳ-ն հիմնվել է 2011թ.՝ հայ հեղինակներին արտերկրում ներկայացնելու նպատակով: Գործակալությունը ներկայացնում է մի քանի գրական ոլորտ՝ արձակ, պոեզիա, մանկական գրականություն եւ ոչ գեղարվեստական գրականություն: Կառույցի հետ համագործակցում են շատ հեղինակներ, այդ թվում՝ Գուրգեն Խանջյանը, Լեւոն Խեչոյանը, Հովհաննես Երանյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը: Գործակալությունը ունի արտերկրում գործող ենթագործակալություններ (Իտալիայում, Սլովենիայում, Լեհաստանում, Հունաստանում, Բրազիլիայում եւ Իրանում):

Արեւիկ Աշխարոյանը հայտնեց, որ իրենց հետազոտությունների արդյունքում եկել են եզրահանգման, որ բարձրարժեք գրականություն ստեղծվում է այն ժամանակ, երբ դրան նախորդել է լուրջ թարգմանչական պրոցես: Մեր զրուցակցի համոզմամբ, թարգմանություններին պետք է մոտենալ զգուշորեն, քանի որ գեղարվեստական արժեքը անհաջող թարգմանության արդյունքում կարող է տուժել:

Արեւիկ Աշխարոյանը սրտնեղեց, թե հայ թարգմանիչների քանակը չի գերազանցում 50-ը, չկան մասնագետներ, որ գրականություն թարգմանեն ֆիններենից, հոլանդերենից, ճապոներենից, խորվաթերենից, չինարենից, կորեերենից:

Անդրադառնալով գրքի ոլորտում առկա այլ խնդիրների, տիկին Աշխարոյանը հայտարարեց. «Օրինակ, 1961 թվականից Սենտ  Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ունեցել է բազմաթիվ հրատարակություններ՝ հեղինակային իրավունքների ոտնահարմամբ: Միայն 2011 թվականին է հայ հրատարակիչներից մեկի կողմից գնվել հրատարակելու իրավունքը ու ձեռնարկը կյանքի կոչվել: Այլ օրինակներ էլ կան, որ այս կամ այն ստեղծագործությունը չի գնվել պաշտոնապես, այլ ընդամենը թարգմանվել է միջնորդ լեզվից: Ի դեպ, աշխարհում «ավանդույթ» կա, որ երբ որեւէ երկրի հրատարակչական «գողը» մեկ անգամ բռնվում է, նրա համերկրացիները հետագայում խնդիրներ են ունենում հեղինակային իրավունքներ ձեռք բերելիս. նրանց կամ միանգամից մերժում են, կամ առաջարկում վատ պայմաններ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031