Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղադիտարանը շահարկելու թեմա չէ

Մարտ 07,2012 13:14

«Առավոտի» փետրվարի 16-ի համարում տպագրվել է «Ակադեմիական» կրքեր եւ աշխատավարձի խոստումներ» հոդվածը, որը վերաբերում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենի վերջերս կայացած ընտրություններին:

Լուսանկարը՝ հեղինակի

Աստղադիտարանի կոլեկտիվի 2/3-ի հավանությանը արժանացած թեկնածուն ես եմ: Դրան հետեւեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստը, որով նախկին տնօրենը՝ Հայկ Հարությունյանը, երկու տարով այդ պաշտոնում վերընտրվեց, ինչպես Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանն է ասում՝ «որպես միակ հնարավոր տարբերակ»:

Հիմնական թիրախը, որը փորձում են օգտագործել իմ դեմ, դա աշխատավարձերը բարձրացնելու իմ խոստումն է: Իրականում Հարությունյանը քաջատեղյակ է, որ ի տարբերություն Բյուրականի աստղադիտարանի, որն ունի պետական ֆինանսավորում, իմ ղեկավարած հիմնարկը՝ Գառնիի «Գալակտիկա» ՓԲԸ-ն, պետական ֆինանսավորում ընդհանրապես չի ստանում եւ արդեն հինգ տարի է՝ շարունակում է աշխատել միայն հայրենական եւ արտասահմանյան գործընկերներիս՝ իմ նկատմամբ ունեցած վստահության շնորհիվ՝ նրանց պատվերների եւ դրա դիմաց ֆինանսավորման հաշվին: Հայկ Հարությունյանը հոդվածում ասում է, որ ես 10 ամիս աշխատավարձ չեմ վճարել, ինչը իրականությանը չի համապատասխանում: Իմ մասին ստեր տարածելու փոխարեն՝ ավելի լավ է նա պատասխանի Ակադեմիայի բաժանմունքի բյուրոյի նիստում իր հասցեին հնչած մեղադրանքներին, մասնավորապես այն մասին, որ աստղադիտարանին հատկացված դրամաշնորհները եւ VIVACELL-ից ստացված ֆինանսական աջակցությունը փոշիացվել են եւ նպատակին չեն ծառայել: Ինչ վերաբերում է իմ խոստումներին, որոնք ներկայացրել են որպես պոպուլիզմ, աստղադիտարանը վերականգնելու նոր ֆինանսական միջոցներ գտնելու հարցում, ես ունեմ գրավոր հավաստիացումներ, թե ովքեր են պատրաստ ներդրում կատարել աստղադիտարանի ապագայի համար, սակայն այժմ դրանց հրապարակումը տեղին չեմ համարում: Հոդվածում, որպես չեզոք անձ, ներկայացված է Արեգ Միքայելյանը: Ինչպե՞ս կարող է նա լինել չեզոք, երբ Հայկ Հարությունյանի հետ երկուսով նույն հասարակական կազմակերպության համանախագահներն են: Բացի այդ, Ակադեմիայի բաժանմունքի ժողովում նա բացահայտորեն պաշտպանել է Հարությունյանի թեկնածությունը: Իսկ Արեգի այն միտքը, որ ինձ չեն ճանաչում աստղադիտարանում, առնվազն ծիծաղելի է: Այս կապակցությամբ պետք է ասեմ, որ ես իմ մանկությունը եւ ողջ գիտակից կյանքս անցկացրել եմ Բյուրականի հետ սերտ կապի մեջ: Իմ հայրը՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լյուդվիգ Միրզոյանը, իր ամբողջ կյանքը նվիրել է Բյուրականի աստղադիտարանին, 26 տարի եղել է ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անփոխարինելի տեղակալը: Իմ սիրտը ցավում է Բյուրականի աստղադիտարանի համար, իմ հոր հիշատակի համար, մեր հայրենիքի աստղագիտական նվաճումների պահպանման եւ հետագա զարգացման համար:

Արեգ Միքայելյանը նաեւ կարծիք է հայտնել իմ ներկայացրած ծրագրի վերաբերյալ: Սակայն ինչպե՞ս կարող է դա անել, երբ ինքը այդ ծրագրի ներկայացման ժամանակ չի մասնակցել Բյուրականի աստղադիտարանի կոլեկտիվի ժողովին: Վերջապես, որպես գիտական կազմակերպիչ եւ տնօրեն ինքնադրսեւորվելու համար, ցուցադրելու իր կարողությունները եւ կազմակերպչական հմտությունները, Հայկ Հարությունյանը ունեցել է 24 տարի ժամանակ: Սակայն իր ապաշնորհ տնօրինության արդյունքում այսօր աստղադիտարանի 5 դիտակներից եւ ոչ մեկը չի աշխատում, աստղադիտարանում բացակայում են գիտական ժողովները, քննարկումները, աշխատակիցները ներկայանում են աշխատանքի շաբաթը մեկ անգամ, նախկինում եղած ակտիվ համագործակցությունները արտասահմանյան գործընկերների հետ անհույս կորսված են, երիտասարդ գիտնականները հուսահատված են, աստղադիտարանի տարածքը՝ երբեմնի կանաչ դրախտը, մատնված է անտերության: Արտասահմանյան գործընկերների մեծ մասը կորցրել է հետաքրքրությունը Բյուրականի աստղադիտարանի նկատմամբ: Գուցե Բյուրականի աստղադիտարանի վերականգնումը, կամ գոնե ժառանգության պահպանումը այսօր այլեւս օրակարգային հարց չէ՞:

ԱՐԱ ՄԻՐԶՈՅԱՆ
ֆիզմաթ գիտությունների թեկնածու
Գառնիի «Գալակտիկա» ՓԲԸ տնօրեն

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031