Ինչ նվիրել սիրելի կանանց՝ տոնի առիթով
1857 թվականի մարտի 8-ին մի խումբ կանայք Նյու Յորքում ցույցի դուրս եկան իրենց իրավունքների համար՝ պահանջելով 10-ժամյա աշխատանքային օր, իսկ 1910-ին՝ նույն օրը, Կոպենհագենում սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսի ժամանակ Կլարա Ցետկինը հանդես եկավ մարտի 8-ը կանանց միջազգային տոն հռչակելու առաջարկով: 1965-ից մարտի 8-ը ոչ աշխատանքային օր էր ԽՍՀՄ-ի տարածքում՝ գունավոր բացիկներ, համերգներ հեռուստատեսությամբ եւ ռադիոյով, ինչ-ինչ ժեստեր աշխատավոր կանանց: Անկախ Հայաստանի կանայք էլ կարող են հպարտանալ, որ երկու տոն ունեն՝ Մարտի 8 եւ Ապրիլի 7, իսկ ավելի ճիշտ՝ մի ամբողջ միամսյակ: Այլ հարց է, թե նրանց շրջապատող տղամարդիկ ինչ ջանքեր են թափում իրենց կանանց իսկապես տոն պարգեւելու համար
Անվանի դերասան Արմեն Էլբակյանն, օրինակ, «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Եթե հնարավորություն ունենայի՝ իմ սիրելի կանանց տոնի առիթով ամբողջ աշխարհը կնվիրեի: Ամեն անգամ նրանց հարցնում եմ՝ ինչ-որ բան նվիրելուց առաջ, որովհետեւ իմ կանանց շատ դժվար է լավ նվերներ անելը, չնայած պահանջկոտ չեն, ուղղակի, ամեն բան չէ, որ հավանում են: Իսկ ծաղիկներ միշտ եմ նվիրում»: Ինչ վերաբերում է մարտի 8-ից ապրիլի 7-ը ընկած միամսյակին, ապա Արմեն Էլբակյանի խոսքով. «Ինձ համար ամբողջ տարին, նույնիսկ ամբողջ կյանքս է միամսյակ»: Արվեստագետը, օգտվելով առիթից, շնորհավորեց բոլոր կանանց:
Կարդացեք նաև
Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը նշեց, որ զբաղվածության պատճառով դեռ չի որոշել, թե ինչ է նվիրելու տիկնոջն ու դստերը: Այ թոռնուհուն, գիտի՝ ինչով կարելի է ուրախացնել. կգնի նրա սիրելի ֆիլմերի DVD-ները, ամեն տարի այդպես է անում: «Աղջկաս ու կնոջս անպայման ծաղիկներ կնվիրեմ, մեկ էլ երեւի օծանելիք, ինչը ցանկացած կնոջ էլ հաճելի է»,- ասում է պարոն Հովհաննիսյանը: Իսկ միամսյակից չի նեղվում, որովհետեւ գտնում է, որ կանայք ամեն ինչի արժանի են. «Նրանց միամսյակն էլ է քիչ, կլոր տարին պիտի կնոջ համար տոն դարձնել»:
Բանաստեղծ եւ թարգմանիչ Վահե Արսենը հայտարարեց, որ այս տարի որեւէ կնոջ նվեր չի անելու: Ասածն էլ հիմնավորեց այսպես. «Քանի որ իմ սիրելի կանայք չափազանց շատ են, իսկ իմ ֆինանսական միջոցները չափազանց քիչ՝ երկրաչափական պրոգրեսիայով նվազում են, որոշել եմ այս տարի ոչ մեկին ոչինչ էլ չնվիրել եւ ի նշան աստվածային սիրո՝ հականյութապաշտական ակտ իրականացնել՝ հիմքում դնելով մարմնական եւ հոգեւոր ահագնացող իմպուլսները, որոնք հոգու եւ մարմնի բուրվառով առաքում եմ իմ սիրելի կանանց»:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանն ասում է, որ տիկնոջը նվեր անելիս աշխատում է միօրինակ չլինել, ինչ-ինչ անակնկալներ է մտածում՝ հաշվի առնելով կնոջ նախասիրությունները։ «Իմիջիայլոց ոչ մի տարի հատուկ չեմ որոշում՝ ինչ նվիրել։ Այդ օրն առավոտյան կարծես ինքնաբերաբար ստացվում է՝ ըստ օրվա զգացումի, տրամադրության, տրամադրվածության… Ամենակարեւորն իմ կարծիքով ոչ թե նվերն է՝ իր ֆիզիկական տեսքով, այլ զգացմունքը, ուշադրությունը եւ նվերը մատուցելու ոճը»,- կարծում է պարոն Պողոսյանը։
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ