Մարտի 5-ին Չեխիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցավ հայ համայնքի բողոքի ցույցը՝ նվիրված Սումգայիթի զոհերի ոգեկոչության տարելիցին։ Չեխերեն, ադրբեջաներեն ու անգլերեն պաստառների վրա գրված էր «Սումգայիթը չի մոռացվի», «Ադրբեջանը զանգվածային ջարդ է իրագործել», «Ադրբեջանը իրագործում է հայատյաց քաղաքականություն» եւ այլ կարգախոսներ։ Համայնքի անդամները պարզել էին նաեւ Սումգայիթում սպանված 27 հայերի լուսանկարներն ու նրանց մահվան վկայականի պատճենները։ Նրանց հիշատակի համար տեղում վառվեց 27 մոմ։ Բարձրախոսով չեխերեն կարդացվեց հատուկ ուղերձ՝ 1988-ին Սումգայիթում կատարված այդ հրեշավոր իրադարձությունների մասին։
Ադրբեջանի դեսպանատունը վաղօրոք տեղեկացված էր հայկական համայնքի ձեռնարկի մասին եւ «պատրաստված ընդունեց» հայ ցուցարարներին. դեսպանատան պատշգամբից կախված էր Սումգայիթի եւ Խոջալուի միջեւ հավասարության նշան դնող ցուցապաստառ, իսկ պարսպից ներս հավաքվել էին ադրբեջանցի ուսանողներ, որոնք ձեռքներին պահել էին «Խոջալուի ջարդերի» հայտնի կեղծ լուսանկարներն ու ադրբեջաներեն եւ ռուսերեն վանկարկում էին զանազան հակահայ արտահայտություններ։
Դրսում դրված բարձրախոսներից հնչում էր ադրբեջանական բարձր երաժշտություն։ Դա հայ ցուցարարների վանկարկումներն ու բարձրախոսից կարդացվող խոսքը խլացնելու ապարդյուն փորձ էր։ Ի դեպ, հնչող երգերն էլ հայկական երգեր էին, որոնք հերթական կարգով փորձում են սեփականաշնորհել ադրբեջանցիները։ Սակայն դա եւս չօգնեց։ Բողոքի ձեռնարկը տեւեց մեկ ժամ եւ ավարտվեց «Արցախը չի վերադառնա Ադրբեջանի կազմ», «Այս երաժշտությունն այլեւս չի հնչելու Արցախում», «Ազատ, անկախ Արցախ» վանկարկումներով։
Կարդացեք նաև
Չեխիայի տարբեր քաղաքներից հավաքված հայ համայնքի ակտիվիստները հեռացան՝ թույլ չտալով որեւէ անախորժ միջադեպ, ինչը դրվատանքով էին գնահատել ձեռնարկը հսկող չեխ ոստիկանները։
ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Պրահա
«Առավոտ» օրաթերթ