Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրեցիները գովերգեցին վարչապետին, նա էլ՝ ՀՀԿ-ին

Մարտ 07,2012 13:01

 Տիգրան Սարգսյանը երեկ Գյումրի էր եկել ՀՀԿ-ական վերնախավի հետ

Կառավարության ղեկավարի ունկնդիրները Շիրակի մարզպետարանի ու Գյումրու քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներն էին՝ դպրոցի ուսուցիչներ, բժիշկներ, մանկապարտեզների դաստիարակներ, նույնիսկ դայակներ ու պահակներ, որոնց ՀՀԿ-ական անվան տակ համախմբել էին՝ Տիգրան Սարգսյանի երկարաշունչ ելույթը լսելու: Վարչապետն իր այցի նպատակը բացատրեց նրանով, որ եկել է իր կուսակիցների առաջարկները լսելու ու ըստ այդմ՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը գրելու: Սակայն իրականում կառավարության ղեկավարը ներկաներին արդեն իսկ պատրաստի, բավականին ռոմանտիկ նախընտրական ծրագիր ներկայացրեց, այնպիսին, որ թվաց, թե մի քանի ամսից Հայաստանը առնվազն Շվեդիայի հետ է մրցելու:

Տիգրան Սարգսյանը հարմարավետ գյուղի մոդել առաջարկեց՝ հիանալի բարեկարգված ճանապարհներով, ինտերնետ կապով, գյուղացիներին դիզվառելիքի սուբսիդավորում խոստացավ, ժամանակակից ու որակյալ սերմերի մատակարարում, մի խոսքով՝ վստահեցրեց, որ դեմքով շուռ են գալիս դեպի գյուղացին: Պետության անունից նույնիսկ աղքատ ընտանիքների զավակներին բարձրագույն կրթություն խոստացավ: Նա չանտեսեց նաեւ առողջապահությունը՝ խոստանալով այն հասանելի դարձնել բոլորին:

Իսկ որ ամենակարեւորն էր, Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ իրենք միշտ ազնիվ են իրենց ընտրողների ու քաղաքացիների հետ. 5 տարի շարունակ, համաձայն իրենց կարգախոսի՝ «Առաջ Հայաստանի», զբաղված են եղել պետության ամրապնդմամբ ու բանակի հզորացմամբ, որը հաջողությամբ իրականացրել են: Սակայն մինչ այսպիսի շռայլ խոստումներ հնչեցնելը՝ վարչապետը խոսեց ՀՀԿ-ականների մեծահոգի, համերաշխ ու հանդուրժող լինելու մասին, ակնարկեց, որ կարող էին միակուսակցական կառավարություն ձեւավորել, բայց ընտրեցին համագործակցությունը՝ շանս տալով նաեւ մյուսներին: Նա իր խոսքը սկսեց այսպիսի ուշագրավ մտքով. «Մենք իշխող կուսակցություն ենք եւ մենք ենք ձեւավորել կառավարությունը, ընդ որում՝ մենք դա կարող էինք անել միայնակ, որովհետեւ բավարար ձայներ Ազգային ժողովում ունեինք, որպեսզի ինքնուրույնաբար ձեւավորեինք կառավարությունը, մենք գնացինք այլ ճանապարհով, որով մեզ առաջնորդում է մեր թիմի քաղաքական ղեկավարը, այն է՝ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորել համագործակցության մթնոլորտ, ապահովել համերաշխությունը: Սա լրջագույն մարտահրավեր էր մեզ համար 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո, մենք ունեինք պառակտված հասարակություն, սոցիալական, քաղաքական լարվածություն, եւ մեր առջեւ դրված էր խնդիր՝ կառուցել կամուրջներ ընդդիմության հետ: Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ մեզ հաջողվել է հաղթահարել այդ կարեւորագույն մարտահրավերը»,- ներկայացրեց վարչապետը:

Այնուհետեւ անդրադարձավ կոալիցիոն գործընկերներին՝ ասելով. «Դուք տեսնում եք՝ ինչ է կատարվում աշխարհում, ինչեր են կատարվում տարբեր երկրներում, եւ շատ հաճախ՝ անսպասելի քաղաքական ցնցումներ, սոցիալական ցնցումներ, որոնք բերում են պետությունների փլուզման: Հասկանալի է, որ Հանրապետական կուսակցությունը, գիտակցելով պատմական պատասխանատվությունը, որ ընկած է իր ուսերի վրա՝ ապահովել երկրի կյանքում համերաշխություն եւ համագործակցություն, գնաց այդ ճանապարհով: Մենք ձեւավորեցինք կոալիցիոն կառավարություն եւ համախմբում ենք բոլոր շահագրգիռ կողմերին՝ քաղաքական կուսակցություններին, հասարակական կուսակցություններին, եւ պետք է համատեղ կառուցենք մեր պետության ապագան»:

Այնուհետեւ կառավարության ղեկավարը սկսեց լսել դահլիճում նստածներին: Նրանց խոսք տալն ու կրակն ընկնելը մեկ եղավ: Մանկավարժ, թե գյուղապետ՝ ձայն ձայնի տված, դիֆերամբներ ձոնելով վարչապետին, նրան մեծարգո ու հարգարժան անվանելով՝ ելույթի կեսից բողոքախեղդ էին անում նրան. օրինակ՝ գեղագիտական կենտրոնը ջեռուցում չունի, տնօրենը երկու տարի է՝ նամակ է գրում վարչապետին, սակայն վերջինս բանի տեղ չի դնում, Ախուրիկ գյուղը գազիֆիկացված չէ, Գյումրու փողոցները քարուքանդ են, անցնել չի լինում, եւ այսպես շարունակ: Ամենահետաքրքիրն ու անկեղծը գյումրեցի վարսավիրներից մեկի բողոքն էր. վարչապետին առանց մեծարգո ու հարգարժան անվանելու՝ վարսավիրը միանգամից անցավ բուն թեմային: «Բարով եք եկել մեր քաղաք, թող ձեր ոտքը Գյումրիին խեր բերի, բայց ի՞նչ կլինի, որ միջամտեք ու զսպեք հարկայինին, թողնեն, որ առանց կանխավճարի աշխատենք, դեռ չաշխատած, եկամուտ չտեսած՝ գալիս փող են տանում՝ 3 ամսվա կանխավճար միանգամից»: Վարչապետը հարցրեց. «Եթե 3 ամիս հետո գան տանելու, բա որ ձեր բիզնեսը փակեք ու չտա՞ք գումարը»: «Ես բիզնես փակողներից չեմ, իմ վարսավիրանոցը ամենահինն է Գյումրիում»,- շարունակեց վարսավիրը: Վարչապետի այն հարցին էլ, թե ինչքա՞ն գումար է կազմում կանխավճարը՝ վարսավիրը հպարտ-հպարտ պատասխանեց. «Ամիսը 145 ռուբլի»: «Գյումրիում դեռ ռուբլիո՞վ են առեւտուր անում»,- ծիծաղեց վարչապետը՝ այդպիսի բարձր տրամադրությամբ էլ գյումրեցիներին ցտեսություն ասելով:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031