Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմավիան» օդանավակայանին է մեղադրում, «Զվարթնոցն» էլ՝ «Արմավիային»

Մարտ 07,2012 12:56

Եթե օդանավակայանը ավիաընկերության առաջարկները չընդունի, «Արմավիան» կրկին գործադուլ կանի

Արդեն որերորդ դեպքն է, որ ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերության չվերթները տարբեր պատճառաբանություններով հետաձգվում են. կա՛մ «Զվարթնոց» օդանավակայանն է արգելում «Արմավիային» թռիչքներ իրականացնել՝ մինչեւ որ կուտակած պարտքերը չմարի, կա՛մ էլ «Արմավիան» է գործադուլ հայտարարում՝ պահանջելով օդանավակայանի ղեկավարությունից սպասարկման սակագներն իջեցնել:

Երեկ առավոտյան ժամը 6-ից «Արմավիա» ավիաընկերության ուղեւորները ընկերության գործադուլի պատճառով ստիպված են եղել ժամերով սպասել իրենց չվերթին ու այդ ընթացքում մի շարք անհարմարություններ են ունեցել: Ուղեւորների ներկայացմամբ՝ մինչեւ կեսօր ավիաընկերությունը, ինչպես որ պայմանագրով է սահմանված՝ հաց ու ջուր կամ հանգստի սենյակ չի տրամադրել: Որոշ ուղեւորներ էլ, երբ փորձել են իրենց տոմսերը վերադարձնել օդանավակայանում գործող ավիաընկերության տոմսարկղի կետում, չեն կարողացել: Ավիաընկերության ներկայացուցիչները պատճառաբանել են, որ իրենց բյուջեն սպառվել է, եւ որ տոմսերի գումարը գնան մայրաքաղաքի գրասենյակից ստանան: Քանի որ ավիաընկերության ու օդանավակայանի միջեւ պարբերաբար խնդիրներ են առաջանում, ինչի արդյունքում տուժում են ուղեւորները, երեկ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության միջնորդությամբ «Զվարթնոցն» ու «Արմավիան» մեկ ժամից ավելի բանակցություններ են վարել եւ ժամանակավոր «զինադադար» կնքել, որից հետո էլ չվերթները վերականգնվել են:

«Առավոտի» հետ զրույցում «Արմավիայի» մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան վստահեցրեց, որ այս համաձայնությունը տեւելու է մինչեւ մարտի 13-ը, եւ եթե «Զվարթնոցը» սպասարկման սակագները չիջեցնի, ապա ավիաընկերությունը կրկին գործադուլ կանի. «Նոյեմբերին 10% բարձրացում եղավ, հետո ամեն ուղեւորի համար 2 եվրոյով գինը բարձրացրին: Դա շատ թանկ է. բոլոր միջազգային ավիաընկերությունները գործադուլ են անում, որովհետեւ կրիզիս է: Իսկ մեզ համար այս շուկայական պայմաններում ավելի բարդ է: Մինչ օրս մենք դիմանում էինք, բայց էլ հնարավոր չէ»: Նանա Ավետիսովայի ներկայացմամբ՝ ճիշտ է, մի փոքր ուշացմամբ, բայց իրենց ուղեւորներին սնունդ տրամադրվել է. «Որոշ ուղեւորներ մոտեցել են դրամարկղին, ետ տվել տոմսերը, բայց գումարն անսահմանափակ չէ, փողը վերջացավ, ուստի ուղեւորների մի մասին էլ ուղարկել էինք քաղաքի մեր կենտրոն, բայց երբ իմացան, որ թռիչքը վերականգնվել է՝ ետ եկան»:

Մեր այն դիտարկմանը, որ օդանավակայանի ղեկավարությունը հայտարարել է՝ «Արմավիան», լինելով ազգային փոխադրող, ի տարբերություն մյուս ավիաընկերությունների՝ օգտվում է ընկերութան կողմից տրամադրված հատուկ սակագներից», «Արմավիայի» մեկ այլ ներկայացուցիչ ասաց. «Մեր այս ակցիան խոսում է հենց նրա մասին, որ մեզ համար առանձնահատուկ սակագներ չկան: Այլ երկրներում օդանավակայանն իր ավիափոխադրողների համար մի սակագին է ունենում, օտարերկրացիների համար՝ այլ: Պետությունն իր ավիաընկերություններին դոտացիա է տալիս: Հիմա «Արմավիայի» դեպքում պետությունը չի տալիս, հետո՝ ծառայությունների համար նույն պայմաններն են, ինչ օտարերկրյա ավիափոխադրողների համար»:

«Արմավիայի» ներկայացուցիչը դժգոհեց, որ դեռ մի բան էլ իրենց անունն է դուրս եկել՝ որպես մենաշնորհային դիրք ունեցող, բայց «ոչ մի մենաշնորհ» էլ իրականում չկա. «Մյուս գերհզոր ավիաընկերությունների հետ «Արմավիան» թռիչքներ է իրականացնում նույն ուղղություններով: Այսինքն՝ թռիչքների մենաշնորհ «Արմավիան» չունի»:

Մեր այն հարցին՝ դուք թռիչքների մենաշնո՞րհ եք ուզում, ընկերությունից ասացին՝ «Ոչ: «Արմավիան» մենաշնորհային դիրք կունենար, եթե որոշ ուղղություններով միայն իրեն արտոնություն տային կամ թույլ չտային, որ ուրիշ ընկերություններ այստեղ մուտք գործեին: Մեր միակ պահանջն այն է, որ վերանայվեն գները»:

«Զվարթնոց»-«Արմավիա» «հակամարտության» արդյունքում տուժում են սպառողները: Այս առնչությամբ «Առավոտը» զրուցեց նաեւ Սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանի հետ: Սպառողների պաշտպանն ասաց, որ իրենց կազմակերպություն շատ են դիմում սպառողներ, որոնք եւ դժգոհ են «Արմավիայի» սակագներից, եւ տոմսերը ետ տալու գործընթացից. «Ազգային փոխադրողը պատվավոր կոչում է, ոչ թե մենաշնորհը չարաշահելու առիթ: Սպառողի համար «Արմավիայի» հետ խնդիրները լուծելը միշտ էլ բարդ է եղել: Այդ գործընթացից մարդիկ ուղղակի խելագարվում են: Միայն այն, որ ի տարբերություն այլ ավիաընկերությունների՝ «Արմավիայի» տոմսերի գներն ավելի բարձր են, սպառողներն արդեն դատապարտված են եւ նսեմացված»: Տոմսերի բարձր գներին անդրադառնալով՝ մեզ հետ զրույցում «Արմավիան» մեղքը բարդեց «Զվարթնոցի» վրա. «Որովհետեւ օդանավակայանի սպասարկման գներն են բարձր»:

Երեկ օդանավակայանում ուղեւորները, տեղեկանալով, որ «Արմավիան» գործադուլ է անում, դժգոհել են, որ նման դեպքերում գոնե ընկերությունը իր սպառողներին տեղեկացնի, որպեսզի նման քաշքշուկների մեջ չընկնեն ու չհիասթափվեն: Ուղեւորների այս դժգոհությունը փոխանցեցինք նաեւ ավիաընկերության մամուլի քարտուղարին, որն ասաց. «Մենք միայն առավոտյան այդ մասին որոշում կայացրեցինք, եթե նախապես պլանավորած լինեինք, ապա կզգուշացնեինք: Մենք ոչ թե գործադուլ ենք արել, այլ բոյկոտել ենք «Զվարթնոցի» քաղաքականության դեմ, բայց բոյկոտն էլ հենց այն է, որ նախապես չի պլանավորվում ու հայտարարվում դրա մասին»:

Ինչ վերաբերում է երեկ տարածած «Զվարթնոցի» այն հայտարարությանը, թե «Ռոսնավիգացիա» կազմակերպության կողմից ստացվել է հեռագիր, ըստ որի՝ կուտակված պարտքերի պատճառով «Արմավիային» արգելվում է թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան եւ մուտք գործել Ռուսաստանի օդային տարածք, «Արմավիայից» այսպես պատասխանեցին. «Իսկ հենց «Ռոսնավիգացիայից» դուք նման բան ստացե՞լ եք: Օդանավակայանն ինչ ուզում՝ հայտարարում է: Հենց մենք ակցիան արեցինք, իրենք էլ դա հայտարարեցին: Պարզ է, որ պիտի հայտարարեր, իրենց դեմ ակցիա է եղել, հո չի՞ ասելու՝ հա, ես մեղավոր եմ»: Իսկ «Արմավիային» սնանկացնելու փորձերի մասին վարկածի առնչությամբ էլ ընկերության մամուլի քարտուղարն ասաց. «Նման բան չկա: Եթե հարցը լինի սնանկացման, մենք կհայտարարենք սնանկացում: Մեր խնդիրը օդանավակայանի հետ է, մենք դժգոհում ենք իրենց պայմաններից»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031