Այսօր ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Բացման խոսքում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել է. “Մենք այսօր պետք է ամփոփենք տարվա ընթացքում մեր գերատեսչությունների կողմից կատարված աշխատանքը, ինչը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Նախագահին: 2011թ.-ի ներկայացված ուսումնասիրությունները մեզ հիմք են տալիս պնդելու, որ մենք ունենք կայունության դրսևորում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Գրանցված իրավախախտումների վերլուծությունը ցույց է տալիս, որ անցած տարի գրացվել է 1525 դեպք, և նախորդ տարվա համեմատ աճ չի արձանագրվել, եթե առգրավվել է 128կգ թմրանյութ, ապա նախորդ տարվա հետ կապված որևիցե բացասական դինամիկա մենք չունենք: Աճի բացակայությունն այս ոլորտում կատարվող իրավախախտումների արդեն իսկ դրական է, բայց մենք պետք է քայլեր գործադրենք, որ նրանց ծավալները հետևողականորեն նվազեն: Ես կարծում եմ, որ միջգերատեսչական հանձնաժողովն այս ուղղությամբ ունի ասելիք և անելիք, և մենք պետք է կարողանանք ակտիվ աշխատել”,- ասել է Արթուր Բաղդասարյանը:
Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները հանդես են եկել ՀՀ Նախագահի համապատասխան կարգադրությամբ հաստատված “2009-2012թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրի”` իրենց գերատեսչության մասով իրականացված աշխատանքների վերաբերյալ զեկույցներով: Բանախոսները փաստել են, որ 2011թ. ըստ ժամանակացույցի հաջողությամբ իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները:
Քննարկվել է Եվրամիության ֆինանսավորմամբ սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական աջակցություն տրամադրող վերականգնողական կենտրոնների ստեղծման ծրագիրը, որը մշակվել է մի շարք երկրների փորձի և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Կենտրոնները կնպաստեն թմրամոլության հակում ունեցող անձանց հասարակական կյանքում ինտեգրվելու, մասնագիտական վերապատրաստումներով և աշխատանքով ապահովելու խնդիրների լուծմանը:
Կարդացեք նաև
Քննարկվել են նաև թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցերով Ռուսաստանի և Եվրամիության հատուկ կառույցներում ՀՀ պետական գերատեսչությունների ներկայացուցիչների վերապատրաստմանն առնչվող հարցեր:
ԱԱԽ մամուլի հաղորդագրություն