Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա ընտրությունները «Հրազդան 2» են լինելու

Մարտ 07,2012 12:51

Ասում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը

 – Նոր խորհրդարանի ընտրությունների մեկնարկն արդեն տրված է: Ի±նչ պաշարով է Հայաստանը մտնում նախընտրական փուլ:

– Մեր երկիրն առաջիկա համապետական ընտրություններինգնում է բավականին թուլացած վիճակում, որովհետեւ նախ` ներսում քաղաքական դաշտը բավականին քաոսային վիճակում է, երկրորդ` մեր շուրջը եռացող կաթսա է` Իրանի, Ռուսաստանի դեպքերը, Մերձավոր Արեւելքում զարգացող իրադարձություններն են բավականին վտանգավոր, եւ այդ մարտահրավերներին դիմակայելը պետք է լինի առաջիկա խորհրդարանի ձեւավորման փիլիսոփայությունը:

Ի՞նչ փիլիսոփայության մասին է խոսքը:

– Կարծում եմ`  քաղաքական որեւէ ուժի ներկայացնելիք համամասնական ցուցակը նախընտրական ծրագիր է, որից կախված է նաեւ, թե ԱԺ մտնող ուժերը  կկարողանա՞ն առաջիկա մարտահրավերներին դիմակայել, թե՞ ոչ: Դա վերաբերում է թե’ առանձին կուսակցություններին ու դաշինքներին, թե’ կուսակցությունների եւ դաշինքների ցուցակներում ընդգրկված անձանց: Եթե այդ ցուցակներում մարտահրավերներին ադեկվատ ուժեր են լինելուª հրաշալի է, եթե ոչ` մեզ շատ լուրջ փորձություններ են սպասվելու: Դատելով իր դաջվածքներից` Սերժ Սարգսյանի համար բավականին բարդ է լինելուգլուխ հանել այս վիճակից, ուր մնաց թե` օրենսդիր մարմինը կարողանա օգնել նրան, եթե կրկին բաղկացած լինի այսօրվա «համբալի», «հայվանի», «պորտից ներքեւ գոյատեւողի»,  ցուցարար գիտաշխատողներին եւ երիտասարդությանը եռամատնյա կոմբինացիա ցույց տվողի անդաստաններում մակաղածներից: Եթե այդպիսիք են գնալու` մարտահրավերներին, բնականաբար, չենք դիմակայի:

Ըստ այդմ, որո՞նք պիտի լինեն ԱԺ մտնող ուժերի չափորոշիչները, որպեսզի կարողանան դիմակայել ձեր ակնարկած մարտահրավերներին:

– Այսօրվա նախընտրական ծրագրերն առաջին հերթին պարտավոր են նույնականանալ այսօրվա եւ ամենամոտ առաջիկայի՝ Հայաստանի մարտահրավերներին: Բացի այդ, քաղաքական մարմնին՝ խորհրդարանին, քաղաքական մոտեցում է պետք ցույց տալ: Սա վերաբերում է քաղաքական ամբողջ դասին. էական չէ՝ ընդդիմադիր, թե՞ իշխանական: Այն կրիտերիաները, որ գալիս են մեր վաղ-պետականության շրջանից եւ ժամանակին գուցեեւ արդյունավետ էին, այսօր՝ հնացած են: Հարցն ամենեւին այն չէ, որ ինչ-որ մի խումբ վտանգավոր մեծամասնություն է, որովհետեւ այդպիսի մեծամասնությունները կարող են նաեւ բեկորվել, ինչպես ժամանակին եղավ «Հանրապետություն», հետո «Միասնություն» խմբակցությունների հետ: Այսինքն, բուն խնդիրը մեծամասնություն կամ փոքրամասնություն լինելու մեջ չէ, այլ սկզբունքների, որոնք դրվում են դրանց կազմման հիմքում: Եթե կուզեք՝ ցուցակն ազգային պրոեկտի մաս է: Ցավալի է, որ մեր քաղաքական մտածողության մեջ հեռահարությունը բացակայում է, նվազ է քսանամյա պետականությանը հարիր լրջությունը: Մենք ռեալ-պոլիտիկը հասկանում ենք առտնին, կոնկրետ պահի, կեղնցաղային մակարդակում: Հիմա բոլորի համար գործում են մի քանի, ըստ իս, անլուրջ եւ չհաղթահարվող կրիտերիաներ: Ասենք՝ քաղբանտարկյալ հասկացությունը, որն անձամբ ինձ համար մի տեսակ սրբազան արժեք է, այլ մեկնություն է ստանում մեր քաղաքական դասի կողմից: Առաջիկայում մենք նախկին քաղբանտարկյալներ կտեսնենք թե՛ իշխող կուսակցության, թե՛ ընդդիմադիր ուժերի ցուցակներում: Անշուշտ, քաղբանտարկյալը խիզախության, արիության, նվիրումի ցուցիչ է, բայց մի՞թե այդ որակներն են խորհրդարանական քաղաքական գործչից ամենաառաջին պահանջվողները: Մենք պետք է ֆիքսենք, թե որ որակների առկայությունն է, որ անհրաժեշտ է լինելու կոնկրետ առաջիկա հնգամյակում: Քաղբանտարկյալները պետք էին 1990-1995, 1995-1999 թվականների խորհրդարանում, որովհետեւ մարտեր էին սպասվում Հայաստանի նորաստեղծ պետության ուղու ընտրության հարցում, այսօր այդ հարցը լուծված է, ուրեմն կոնկրետ, ասենք, Պարույր Հայրիկյանը իմ պատկերացրած խորհրդարանին պետք է ոչ թե այն պատճառով, որ նա քաղբանտարկյալ է եղել, այլ որովհետեւ այսօր միանգամայն համապատասխանում է Հայաստանին սպասվող մարտահրավերներին ադեկվատ լինելու չափանիշերին: Իսկ եթե խնդիրը ներկա ռեժիմի դեմ պայքարած քաղբանտարկյալների մասին է, ապա նրանցից առաջինն Աշոտ Բլեյանն է, նրաԲն պետք է խլխլեն իրար ձեռքից: Խ որհրդարանում չպետք է լինեն քաղաքական մտածողություն չունեցողները, իսկ զբաղմունքը բացարձակապես կապ չունի: Ինքներս մեզ համոզել ենք, թե Հայաստանում դժբախտաբար նյութական կողմը որոշիչ նշանակություն ունի քաղաքական մարմնի ձեւավորման հարցում, բայց չէ՞ որ ինքներս ենք դարձել մեր այդ պատկերացման գերին: Եթե մեր մտածողությունը լինի պետականին վայել, ապա անհնար է նյութական կապիտալը վերածել քաղաքականի: Ավելի դյուրին է հակառակն անելը:

Այո, բայց հայաստանյան իրականության մեջ նյութական կողմը որոշիչ է, որովհետեւ իշխանությունը դրա հաշվին է քվեներ գնում, դրանով են կուսակցությունների ընտրարշավն ապահովվում:

– Դա միայն ներքին գործոնով չի պայմանավորված: Այստեղ, անշուշտ, հզոր գործոն է արտաքին կախվածությունը, որով դեռեւս մոնղոլական ժամանակների հանգույն «յառլիկ» ենք գնում Մոսկվայում: Եթե մենք գաղութ չլինեինք՝ ընտրակաշառք չէր լինի. պարզ տրամաբանություն է: Մի խոսքով՝ մեր քաղաքական աշխարհընկալումն է պետք փոխել: Այսօրվա համար ինքս մի քանի չափորոշիչ եմ տեսնում, որոնք կենսական են, սակայն դա չի նշանակում, որ վաղը դրանք եւս ադեկվատ կլինեն: Այսօր դրանցից առաջինը մեր տարածաշրջանին եւ երկրին սպասվող մարտահրավերներն են, որոնց համահունչ գործող անձինք են անհրաժեշտ խորհրդարանում. իսկ դա առաջին հերթին նշանակում է, որ նրանցից պահանջվող գլխավոր որակը պետք է լինի խորհրդային վասալությունը չտեսած կամ վատ հիշող, անկախության համը ռունգներում ունեցող 30-40 տարեկան կրթված քաղաքացին: Վաղն այս կրիտերիան պետք չի լինի, քանի որ մարտահրավերները փոխված կլինեն. հաջորդ խորհրդարանում գուցե պետք լինեն եվրոպական համալսարաններից ելած նոր մշակութակիրները: Եվս մեկ որակ, որ անհրաժեշտ է հենց այսօր ունենալ կամ նախագծել, դա անհուսության եւ հոռետեսության անդունդը գլորվող մեր հասարակությանն իրենց անբասիր քաղաքական կենսագրությամբ հուսադրող վառ անհատականությունների որակն է, այլապես արտագաղթի լրջագույն մարտահրավերին դիմակայելն անհնար է, ցավոք սրտի. մարդիկ հեռանում են ոչ այնքան նյութական վիճակի, որքան անփոփոխ ճահճից ելնելու հույս չտեսնելու պատճառով:

Այն, որ նոր ԱԺում պիտի կրթված եւ երիտասարդ, ոչ սովետական, հին մտածողությամբ մարդիկ լինեն` դեռ մի քանի տարի առաջ ՀՀում ԱՄՆ փոխդեսպան Փենինգթոնի հետ զրույցում ասել էր Սերժ Սարգսյանի փեստանª Միքայել Մինասյանը: Ձեզ կբավարարի՞ եթե, օրինակ, ՀՀԿի համամասնական ցուցակն այդ չափորոշիչներով ձեւավորված լինի:

– Անձամբ ինձ` ոչ, որովհետեւ դա կարող է խաբկանք լինել: Այսօր «համբալների», «պորտից ներքեւի» մասին խոսողները, որքան գիտեմ, «կրթություն» ունեցող մարդիկ են: Սերժի փեսան անգիր արած բան է ասել: Կամ` ո՞վ է ասում, թե ԱԺ-ում օլիգարխներ չպետք է լինեն: Եթե օլի•արխը քաղաքական մտածողություն ունի` պիտի խորհրդարանում լինի, եթե չունի` չպետք է լինի: Խոսում են ծերերին երիտասարդներով փոխարինելու մասին: Այդ բաժանումը հերթական դավադրությունն է մեր պետականության դեմ: Մի Գալուստ Սահակյանին չի կարելի փոխել հանրապետական  այն ջահելների հետ, որոնցից մեկը մեր լեզվի դեմ ամենախայտառակ բանը կատարեց: Եթե երբեւէ Հայաստանում օրինավոր իշխանություն լինի` պետք է այդ սափրագլուխ նախարարին պարզապես դատել: Թող հազար Գալուստ Սահակյան լինի, բայց դրանցից մեկը չլինի: Այսինքն`  տարիքը չէ էականը, այլ քաղաքական մտածողությունը: Սա է կարեւոր չափանիշը:

Ձեր գլխավորած կուսակցությունը ներկայացնում է ՀԱԿը: Արդյոք այնտեղ համամասնական ցուցակը կազմվո՞ւմ է Ձեր թվարկած չափանիշներին համապատասխան:

– Նախընտրական ցուցակն այն կազմողի դեմքն է: Այն ցուցակները, որոնք մենք կտեսնենք առաջիկայում, պետք է ընկալել ոչ միայն նախընտրական ծրագիր, այլ այդ ցուցակները կազմողների հավատո հանգանակ: Եթե Աստված իր ստեղծագործությունը` Մարդուն, ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ, ապա ցուցակներ կազմողները եւս իրենց պատկերով ու նմանությամբ են դրանք ստեղծելու: Փառք Աստծո, բոլորն էլ գիտեն, որ ըստ մեր ներկա մշակույթի` ամեն ցուցակ մեկ մարդ` մեկ պատասխանատու է կազմելու: Հիշո՞ւմ եք, մի քանի ամիս առաջ Սերժ  Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի խոսնակները կրակահերթեր փոխանակեցին ներկա խորհրդարանի կազմի հեղինակ լինելու մասին: Առաջիկան ցույց կտա, թե ով էր ներկա այլանդակության գլխավոր հեղինակը, թե որ մեկն էր իր պատկերով ու նմանությամբ ստեղծել մեր այսօրվա ունեցածը: Մանավանդ 2008թ. մարտի 1-ից հետո երեւաց, որ ամենաանաղարտ դեմքը Րաֆֆի Հովհաննիսյանինն էր, քանի որ այնտեղ էր տիկին Զարուհի Փոստանջյանը, որի ճչոցը` «ո՞ւր եք տանում երեխային»,այսօր էլ իմ ականջներում է, նաեւ` սեփական մարմնով մարդ փրկած Արմեն Մարտիրոսյանը: Տա Աստված, որ սեփական դեմքի մասին այս անգամ մտածեն բոլորը` Սերժ Սարգսյանից  ու Ռոբերտ Քոչարյանից սկսած մինչեւ Դաշնակցություն ու ՀԱԿ, մանավանդ որ այս անգամ «ամենաանհաջող կադրի» կամ «ժողովրդի վզին փաթաթած փորձանքի»  մասին ոչ մի  ապաշխարանք արդարացում չի դառնալու այլեւս: Ի վերջո, մենք պիտի հասկանանք` պտղով են ճանաչում ծառը:

Առաջիկա ընտրությունները շատերը համարում են  2013-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախերգանք:  Դուք է՞լ եք այդպես կարծում:

– Առաջիկա ընտրությունները լինելու են ոչ թե գալիք նախագահական ընտրությունների նախերգանքը, այլ նախորդ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, եթե, իհարկե, մենք ինքներս ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նման չենք փակում «Մարտի 1»-ի էջը: Եթե Հանրապետականի ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը, իսկ ՀԱԿ-ինըª Լեւոն Տեր-Պետրոսյանը, ապա ստացվում է, որ քառամյա ընդմիջումից հետո շարունակվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ գլխավոր դերակատարներն ու թիմերըգրեթե չեն փոխվել: Պարզապես երրորդ տեղը բռնած այն ժամանակվա «կառուցողական ընդդիմադիր» Արթուր Բաղդասարյանի գործառույթն իր վրա կվերցնի «կառուցողական ընդդիմադիր» «Բարգավաճ Հայաստանը», կլինեն նաեւ այլ ուղեկիցներ, ինչպիսիք կային 2008-ին, իսկ թաղային խուժանը կկրկնի իր ծառայությունը գործողին` մեծամասնական կոչված զգեստավորմամբ: Նույնիսկ տարին չի փոխվել, դարձյալ նահանջ տարի է: Սա հիմնադիր նախագահի պարտիան է, եւ նա իրավունք ունի տրամաբանական հանգրվանի հասցնել: Այլ կերպ մտածողները կարող են սկսել սեփական պարտիան, որն այս պահին անել խորհուրդ չէի տա:

Առաջիկա ընտրությունները շատ թե քիչ ժողովրդավարական չափանիշներին կհամապատասխանե՞ն, առավել եւս, որ իշխանություններն են դա խոստանում, նաեւ, որ դրանք լինելու են միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, թե՞ էլի արդյունքում  «դեժա վյու»  կլինի:

– Կոսմետիկայի առումով` սրանք շահեկանորեն տարբերվելու են  նախորդ համապետական ընտրություններից, բայց շատ չեն տարբերվելու, օրինակª 2007թ. ԱԺ ընտրություններից: Երկրորդ. բացարձակապես ոչ մի վստահություն չունեմ, որ Արեւմուտքի կողմից այս ընտրությունների նկատմամբ սեւեռված ուշադրություն է լինելու` նույնիսկ  «Մարտի 1»-ի գործոնը հաշվի առնելով: Եթե դա նրանց հետաքրքրեր, Ֆրանսիայի դեսպանատունըգոնե մի լուսանկար կհրապարակեր, թե իր պատերի տակ 2008-ի մարտի 1-ին ինչ  տեղի ունեցավ: Այսինքնª այստեղ մենք գործ ունենք ռեալ-պոլիտիկի հետ: Արդար ընտրություններ չեն լինելու, որեւէ բանով ավելի լավ ընտրություն չի լինելու, որքան էլ «մատյան գնդեր» լինեն տեղամասերում եւ փորձեն վերահսկել: Բացարձակապես: Բայց Սերժ Սարգսյանը, վստահ եմ, նախագահական ընտրությունների նախօրեին ամեն ինչ անելու է, որպեսզի ե’ւ Արեւմուտքում իր «գալոչկան» դնի, ե’ւ  Ռուսաստանի համար չընկալվի որպես ավելորդ գլխացավանք, եւ Ռուսաստանը հանկարծ չփորձի իր այդ ներկայացուցչին հաջորդ տարի մեկ այլ ներկայացուցչով փոխարինել: Այո, Սերժ Սարգսյանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի արտաքին շպարը տեղը լինի:

– Այսինքն` «Հրազդան 2» է լինելու:

– Շատ լավ նկատեցիք: Այո, տիպիկ «Հրազդան 2» է լինելու: Իսկ Հրազդանում բացարձակապես վատ չէր մեզ համար, որովհետեւ Սասուն Միքայելյանը բավականին ձայն էր հավաքել: Եթե այդ արդարությունը հնարավոր լինի ամբողջ հանրապետությունով մեկ պահպանել, ապա Հայաստանը բավականին շահեկան վիճակում կհայտնվի:

Հարցազրույցը վարեց Նաիրա Մամիկոնյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031