Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը քննադատում է Ստամբուլում հնչած հակահայկական կոչերը

Մարտ 07,2012 12:48

Թուրքիա - Վարչապետ Ռեջեփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ, Անկարա, 6-ը մարտի, 2012թ.

Թուրքիայի վարչապետի համոզմամբ, Ստամբուլի կենտրոնում` Խոջալուի իրադարձությունների 20-ամյակին նվիրված ցույցի ժամանակ հնչած հակահայկական կոչերն ու կարգախոսները «այլատյացության դրսեւորում էին»:

Հայերին ու Հայաստանը վիրավորող ու նսեմացնող կոչերի մասին Ռեջեփ Էրդողանը խոսեց դրանց ի հայտ գալուց գրեթե 10 օր անց` երեքշաբթի օրը Անկարայում «Արդարություն եւ զարգացում»կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ ամենշաբաթյա հանդիպման ընթացքում։

«Խոջալուի ջարդին նվիրված այդ հանրահավաքի ժամանակ ի հայտ եկած կարգախոսները մի քանի կատաղի ռասիստների, բայց ոչ թուրքական հանրության շրջանում տիրող տրամադրությունների արտացոլումն  էին», – հայտարարում էր Էրդողանը` միաժամանակ պնդելով, թե սխալ է մի քանի կարգախոսի ու վանկարկման հիման վրա պատկերացում կազմել մի ողջ ցույցի մասին:

«Այդքան էլ ազնիվ չէ, երբ մի քանի լուսացքային ազգայնականների պատճառով  փորձ է արվում այդ կոտորածին նվիրված հանրահավաքի վրա ստվեր գցել: Մի քանի անիմաստ պաստառի պատճառով չի կարելի խաթարել Թուրքիայի միջազգային հեղինակությունը», – ասաց Էրդողանը` նշելով, թե արդեն իսկ թուրք իրավապահները հետաքննություն են սկսել փաստի առթիվ. –  «Անհրաժեշտ իրավական գործընթացներն արդեն իսկ մեկնարկել են»:

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, դեռ անցած շաբաթ էր հանդես եկել հայտարարությամբ` նշելով, թե «հանրահավաքի ընթացքում տեղ գտած մի շարք վիրավորական բնույթի պաստառներն ու կարգախոսները որեւէ կերպ արդարացնել հնարավոր չէ»:
Այդ հանրահավաքին, սակայն, ներկա էր եւ ելույթ էր ունեցել նույն այդ ներքին գործերի նախարարության ղեկավարը` Էրդողանի մերձավոր զինակիցներից Իդրիս Նաիմ Շահինը:

«Այդ հանրահավաքի ժամանակ Շահինը դատարկ մի ճառով հանդես եկավ` պնդելով, թե 21-րդ դարը թուրքերինն է լինելու: Ինչն է սակայն ավելի կարեւոր` նախարար Շահինը բառ անգամ չգտավ ցույցին ռասիստական կարգախոսներով ներկա թուրք ֆաշիստներին դատապարտելու համար», – նկատում է հայտնի թուրք սյունակագիր Մուսթաֆա Ակյոլը:

Գեւորգ Ստամբոլցյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031