Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը

Մարտ 07,2012 12:43

ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հայտարարել է ՀՀ նախագահը

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ: Հանդիպման ավարտին ՀՀ նախագահը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել հայտարարությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու կողմն էլ բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ երկխոսությունը՝ ընդգծելով, որ այդ երկխոսությունը նպաստում է տարածաշրջանային եւ հյուսիսատլանտյան անվտանգության ապահովմանը: Անդերս ֆոգ Ռասմուսենը իր խոսքում ասել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին: Նրա խոսքով՝ Հայաստանը եւ ՆԱՏՕ-ն ընդհանուր մոտեցումներ ունեն քաղաքական առաջնայնությունների ու անվտանգության ոլորտում մարտահրավերների բազմաթիվ հարցերում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իր երախտագիտությունն է հայտնել Աֆղանստանում միջազգային խաղաղարար ուժերի գործունեությանը Հայաստանի ունեցած ներդրման համար եւ տեղեկացրել, որ դրանց հետագա վերակառուցման ու անվտանգության ապահովումը Աֆղանստանի ուժերին թողնելու վերաբերյալ որոշումներ են կայացվելու առաջիկայում Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում, որին մասնակցելու հրավեր ունի նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանը որպես խաղաղարար ուժերի մասնակից կողմ՝ մասնակցություն է ունենալու նաեւ այս թեմայով որոշումների կայացմանը: ՀՀ նախագահն էլ իր հերթին կարեւորելով տարածաշրջանային անվտանգությունը՝ ասել է, որ գիտակցելով այս ոլորտում հավաքական ջանքերը՝ Հայաստանը եռապատկել է Աֆղանստանում առաքելություն իրականացնող զորակազմը: Խոսելով երկկողմ համագործակցության մասին՝ նախագահը նշել է, որ համագործակցության անկյունաքարը շարունակում է մնալ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, որի 3-րդ փուլի անելիքները համաձայնեցվել են դեռ նախորդ տարվա նոյեմբերին եւ արդեն իսկ իրականացման փուլում են: Սերժ Սարգսյանը շեշտել է նաեւ, որ համագործակցության շրջանակներում բարեփոխումներ են իրականացվում երկրի պաշտպանության, անվտանգության եւ արտակարգ իրավիճակների ոլորտներում, եւ դրանք իրենց հերթին բաղկացուցիչ մաս են կազմում համակարգային այն փոփոխությունների, որոնք ձեռնարկել եւ իրականացնում են Հայաստանի Հանրապետության իշխանությունները: Էլեկտրոնային կայքերի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Ադրբեջանը կտրականապես մերժում է վստահության կառուցման ցանկացած առաջարկ՝ ուղղված թե՛ տարածաշրջանային համագործակցության խթանմանը, թե՛ շփման գծում լարվածության թուլացմանը: Ադրբեջանը, ցավոք սրտի, դեմ է դիպուկահարների ետքաշմանը առաջին գծից, դեմ է միջադեպերի հետաքննությանը, ավելին՝ ոչ մի րոպե չեն դադարել պատերազմի սպառնալիքները»:

Նախագահը տեղեկացրել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է հայերի նկատմամբ ատելության սերմանումը. «Ադրբեջանի նախագահն ընդամենը մի քանի օր առաջ հայտարարեց, որ ադրբեջանցիների թիվ մեկ թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: Այս հանգամանքը պետք է արժանանա միջազգային հանրության գնահատականին»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Գառնիկ Գեւորգյանին «Առավոտը» խնդրեց մեկնաբանել ՀՀ նախագահի բրյուսելյան այցի որոշ մանրամասներ, հետաքրքրվեցինք՝ արդյոք այս այցերը չե՞ն նշանակում, որ Հայաստանն այս տարածաշրջանում ակտիվ է ոչ միայն Ռուսաստանով, այլեւ ԵՄ անդամ երկրներով եւ եվրոպական կառույցներով: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցչը ի պատասխան մեր հարցերի՝ ասաց. «Ինչ վերաբերում է այցերին եւ հանդիպումներին, մենք միշտ խոսել ենք իրական ինտեգրացիայի խորացման, բոլոր եվրոպական կառույցների հետ ամենաակտիվ համագործակցության եւ, ի վերջո, այդ վեկտորը գերակա վեկտոր դարձնելու անհրաժեշտության մասին: Ես չեմ կարող ասել, թե ինչ նպատակներ են հետապնդում Սերժ Սարգսյանի այդ հանդիպումները, ուղղակի կարող ենք արձանագրել, որ դրանք, ըստ էության, ուշացած քայլեր են, քանի որ այս բոլոր քայլերը Սերժ Սարգսյանը կարող էր անել՝ սկսած 2008-ի ապրիլ ամսից, եթե չլինեին բոլոր հետընտրական իրադարձությունները, այնուամենայնիվ, եթե այս քայլերի մեջ, այսօր կատարվող այցերի եւ հանդիպումների մեջ կա բովանդակություն եւ ոչ թե քարոզչություն կամ այլ ենթատեքստ, դրանք, թեկուզ եւ ուշացած, սակայն կարեւոր քայլեր կարելի է գնահատել»: Ի պատասխան մեր հարցին՝ ԵՄ անդամ երկրների եւ եվրոպական կառույցների ղեկավարների հետ մեր երկրի ղեկավարի ակտիվ շփումները արդյոք չե՞ն առաջացնի խանդի որոշ էլեմենտներ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մոտ, Գառնիկ Գեւորգյանն ասաց. «Թերեւս կառաջացնի, բայց երեւի այդ հնարավոր խանդը հաշվի առնելով է, որ նույն Սերժ Սարգսյանը Բրյուսել մեկնելուց առաջ, առավոտյան, դեռ ՌԴ նախագահական ընտրությունների միայն նախնական արդյունքների հրապարակումից հետո, անմիջապես շնորհավորեց Պուտինին: Գուցե կլինեն խանդի էլեմենտներ, բայց եթե կատարվող քայլերի մեջ իսկապես կա կամք՝ Հայաստանը գոնե ավելի պակաս կախված դարձնելու Ռուսաստանից, ապա չեմ կարծում, որ այդ խանդը պետք է մեզ խոչընդոտի»:

Մեր զրուցակցին խնդրեցինք նաեւ հայտնել իր տեսակետը, թե ինչով է պայմանավորված ԵՄ անդամ երկրների ընդգծված ուշադրությունը Հայաստանի եւ Հայաստանում սպասվող ընտրությունների նկատմամբ: Գառնիկ Գեւորգյանի կարծիքով՝ այդ ուշադրությունը միշտ էլ եղել է, եւ երեւի դրանում տեղ ունի այն դերակատարությունը, որը վերապահված է տարածաշրջանում Հայաստանին. «Ես կարծում եմ՝ այդ ուշադրությունը Հայաստանի համար միայն եւ բացառապես դրական է, եթե հերթական անգամ այդ ուշադրությունը բավարելու համար փորձեն իսկապես իրական քայլեր կատարել եւ ոչ թե իմիտացիա անել, որովհետեւ այն չափանիշները, որ դրված են այդ ուշադրության հիմքում, առաջին հերթին անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությանը եւ հետո միայն ԵՄ-ին կամ որեւէ այլ կառույցի»:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031