Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հետընտրական պրոցեսներ

Մարտ 07,2012 12:38

Ռուսաստանում սկսվել է այն, ինչ սովորաբար անվանում են «հետընտրական պրոցեսներ»՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդիկ հավաքվում են հրապարակներում եւ իրենց բողոքն են հայտնում ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ. նրանց ձերբակալում են, դատում են եւ այլն: Հետագա զարգացումները կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե որքանով է իշխանությունը հակված արյուն թափելու, եւ որքանով է ընդդիմությունը արկածախնդիր: Անշուշտ, մարդիկ բողոքելու հիմքեր ունեն՝ ԱՊՀ երկրներում ընտրությունները կազմակերպում ու անց են կացնում իշխանությունները, եւ բնական է, որ նրանք ամեն հնարավորն ու անհնարինը անելու են՝ վերարտադրվելու համար: Ինչո՞ւ ես պետք է կազմակերպեմ մի բան, որում չեմ «հաղթելու»: Եվրոպական երկրներում եւ ԱՄՆ-ում ընտրություններն անց է կացնում պետությունը, եւ դա ոչ մեկի համար «Ավարայր» կամ «Սարդարապատ» չէ՝ սովորական, առօրյա գործընթաց է՝ 4-5 տարով ժամանակավոր վարչակազմ եւ օրենսդիր մարմին ընտրելու համար:

Տվյալ դեպքում, երբ Մոսկվայի հրապարակներ են դուրս գալիս մարդիկ եւ ասում են, որ ընտրությունները կեղծվել են, նրանք ճիշտ են միայն մասամբ: Որովհետեւ ոչ ոք չի կարող ասել, թե իրականում հաղթել է, ասենք, Զյուգանովը կամ Պրոխորովը, իսկ նախագահ է հռչակվել Պուտինը: Ավելի ճշգրիտ կլինի ասել՝ ընտրություններ, որպես այդպիսիք, տեղի չեն ունեցել: Երբ կա երկրի լիարժեք տեր եւ տիրակալ, որը թույլ է տալիս այլ թեկնածուների հավակնել նախագահի պաշտոնին (իսկ ոմանց էլ արգելում է), եւ այդ թեկնածուներն անգիր գիտեն, որ ոչ մի հաջողության չեն հասնելու, եւ քաղաքացիներն էլ շատ լավ հասկանում են, թե ով է ցարը, որը թույլ չի տա, որ որեւէ մեկը մոտենա գահին, այդպիսի միջոցառումը չի կարելի ընտրություն անվանել: Գրող եւ հրապարակախոս Վիկտոր Շենդերովիչը այդ «մրցավազքի» համար ավելի դիպուկ անուն է գտել՝ պարաօլիմպիկ խաղեր, երբ առողջ մարդն իր մրցակիցների ոտուձեռքը նախօրոք կտրել է:

2008-ի հայաստանյան ընտրություններից գլխավոր տարբերությունն այն է, որ հետընտրական գործընթացները կազմակերպում են ոչ թե անցած «ընտրապայքարի» նախկին մասնակիցները, այլ նրանք, ում կոչում են «ոչ համակարգային ընդդիմություն»: Եվ այս տարբերակն ավելի աշխատող է, որովհետեւ Նավալնին, Յաշինը, Ուդալցովը այնքան չեն հոգնեցրել ռուսաստանցիներին, որքան Զյուգանովն ու Ժիրինովսկին: Մեզանում զուտ քաղաքական ասպարեզում թարմ դեմքեր առայժմ չեն երեւում՝ ասպարեզում հիմնականում նրանք են, ովքեր այսպես թե այնպես քաղաքականության մեջ են արդեն մոտ 20 տարի:

Իսկ նմանությունն այն է, որ (եկեք իրատես լինենք) փոփոխություններ Հայաստանում եւ Ռուսաստանում հնարավոր են միայն «վերեւից»: Բայց դրանք կիրականացվեն միայն այն դեպքում, եթե «ներքեւից» լինի ուժեղ ճնշում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031