Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական Ֆեմիդայից դժգոհ Ֆեմիդան մտադիր է այսօր ինքնահրկիզվել նախագահի նստավայրի առաջ

Մարտ 07,2012 12:26

ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հեռակա ֆակուլտետի նախկին դեկան, Իջեւանի 52-ամյա բնակիչ Ֆեմիդա Դավթյանը մտադիր է այսօր` մարտի 7-ին նախագահական նստավայրի առաջ իրեն հրկիզել:

– Հիմա Սեւանում եմ, Երեւան գնալու ճանապարին, երկու ժամից նախագահական նստավայրի առաջ իմ վրա 10 լիտր բենզին եմ լցնելու,վառեմ,-մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց տիկին Ֆեմիդան:

Օրեր առաջ մեր զրույցում նա հայտնել էր, որ մտադիր է մարտի 8-ի նախաշեմին հրապարակային ձեւով վերջ տալ կյանքին: Ֆեմիդա (իսկական անունը` Ֆելմիրա) Դավթյանը 2009թ. մարտի 27-ին ձերբակալվել էր հեռակա սովորող մի ուսանողից 100 հազար դրամ կաշառք ստանալու համար: Կաշառքը տրվել էր ուսանողի կողմից՝ ընդհանուր առմամբ 12 քննություն և ստուգարք ստանալու համար: Ֆեմիդան իրեն մեղավոր չի համարում, ասում է, որ այդ գումարը պիտի ծախսվեր մասնաճյուղի՝ Երևանից ժամանած դասախոսների համար «հաց սարքելու» համար: Նա դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

2011թ. փետրվարի 10-ից Ֆեմիդան ազատության մեջ է: Նրա նկատմամբ համաներում է կիրառվել, սակայն դեռ մի տարի շարունակ նա պիտի ներկայանա այլընտրանքային պատիժների կիրառման ծառայության աշխատակցին ու ստորագրի համապատասխան մատյանում:

Ֆեմիդան ասում է, որ 30 տարի մատաղ սերնդին կրթել է, սակայն իր տղան` 13-ամյա Դեյվիդ Դավթյանը 5 տարի է` դպրոց չի հաճախում: Մոր խոսքերով՝ Դեյվիդը դպրոցի բակում այրել է իր բոլոր դասագրքերը:

Տիկին Ֆեմիդան ասաց, որ ազատազրկման շրջանում քրեակատարողական հիմնարկի աշխատողներին իր տված կաշառքների, երկար տեւած նախաքննության ընթացքում արված փաստաբանական ծախսերի եւ այլնի վրա ինքը ծախսել է 200 հազար դոլար, որի պատճառով ընտանիքը պարտքերի մեջ է: Նա ցանկանում է հեռանալ արտասահման, զբաղվել գիտական աշխատանքով: Գրաբարի մասնագետ կինը վկայում է ,որ ներկայումս ինքը հնարավորություն չունի Հայաստանում իր մասնագիտությամբ աշխատանք ճարելու, կերակրելու 85-ամյա մորը եւ 13-ամյա որդուն: Ֆեմիդան ասում է, որ ինքը դիմել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար: Նրա խոսքերով՝ ձերբակալելուց հետո սկզբից իրեն ցանկացել են ազգի դավաճան ներկայացնել, հետո հուդամասոն, վերջում էլ կաշառակեր: Կնոջ վկայությամբ՝ ինքը ցանկություն չունի այս երկրում ապրել, նույնիսկ եթե բարձր պաշտոններ տան: «Հայ մազոխիստ որձերն իմ արյան կարիքն ունեն»,- ասում է իր նկատմամբ վերաբերմունքից վիրավորված, ինքնասպան լինելու մտադրություն ունեցող Ֆեմիդան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031