Տարեսկզբի տվյալներով, Հայաստանի արտաքին պետական պարտքը գերազանցել է 3,5 մլրդ դոլարը։ Ինչպես հայտնի է, դրա կեսից ավելին ձեւավորվել է վերջին երեք տարիներին։ Միայն այդ ընթացքում արտաքին պարտքն ավելացել է 2 մլրդ դոլարով (հիմնական մասը բաժին է ընկնում 2009թ.)։
Անցած տարվա ընթացքում արտաքին պարտքը ավելացել է 269 մլն դոլարով։ Այլ կերպ ասած, 3,299 միլիարդից հասել է 3, 568 մլրդ դոլարի (ավելացել է եւս 8,2 տոկոսով)։
Վերջին տարիներին արտաքին պարտքի կտրուկ ավելացումն անմիջական ազդեցություն է գործել դրա սպասարկման վրա, մի բան, որ առավել ցայտուն կարտահայտվի հատկապես այս տարվա ընթացքում։
Արտաքին պարտքի սպասարկման նպատակով 2012թ. պետական բյուջեով հատկացվել է ընդհանուր առմամբ 157 մլրդ դրամ։ Այսօրվա փոխարժեքներով այն գերազանցում է 402 մլն դոլարը։ Այդ միջոցների հիմնական մասը բաժին կընկնի մայր գումարի մարմանը, բայց փոքր չեն լինի նաեւ տոկոսավճարի հատկացումները։ Դրանք կգերազանցեն 47 մլրդ դրամը։ Ներգրավված վարկային ռեսուրսների մայր գումարների սպասարկումը պետական բյուջեի վրա կնստի ավելի քան 109 մլրդ դրամ։
Ակնհայտ է, որ այս տարի արտաքին պետական պարտքի մարումը ծանր կլինի Հայաստանի համար։ Անցած ժամանակահատվածում երբեւէ նման գումարի սպասարկում չի իրականացվել։ Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչի մասին է, նշենք, որ պետական պարտքի սպասարկմանը նախատեսվում է ուղղել այս տարվա պետական բյուջեի ծախսերի գրեթե 15 տոկոսը, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն է ենթադրում։ Ասենք նաեւ, որ անցած տարվա ընթացքում այդ նպատակով հատկացվել է 138 մլն դոլար։
Չնայած վերջին տարիներին արտաքին պետական պարտքի կտրուկ ավելացմանը, այնուհանդերձ Հայաստանը կարողացել է ժամանակին այն սպասարկել։ Ավելին՝ մինչ այժմ այդ նպատակով կառավարությունը չի օգտվել, այսպես ասած, կապակցված վարկերից։ Խոսքն այնպիսի վարկային ռեսուրսների մասին է, որոնք սովորաբար ներգրավվում են այլ վարկերը սպասարկելու համար։
Այս ամենով հանդերձ, պետական արտաքին պարտքի ծանրաբեռնվածության մակարդակով Հայաստանը շարունակում է դասվել պարտքի միջին բեռ ունեցող երկրների շարքին։ Այն չի գերազանցում ՀՆԱ-ի կեսը, ինչը համարվում է պարտքի միջինության գնահատման հիմնական չափորոշիչներից մեկը։
Ինչպես նախկինում, այնպես էլ այժմ Հայաստանի արտաքին պարտքի գերակշիռ մասը բաժին է ընկնում կառավարությանը. արտաքին աղբյուրներից նրա ներգրաված միջոցների գումարը հասնում է 2 մլրդ 950 մլն դոլարի, ինչը պետական պարտքի գրեթե 83 տոկոսն է։ Դրանք ինչպես բազմակողմանի, այնպես էլ երկկողմանի վարկային ռեսուրսներ են։
Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»