Լրահոս
Օրվա լրահոսը

Աղքատությունը մտադիր չէ նահանջել

Մարտ 07,2012 11:42

Աղքատության մակարդակը Հայաստանում չափազանց բարձր է։ Ավելին՝ առայժմ նահանջելու հիմքեր կարծես չունի։ Պաշտոնական տվյալներով, բնակչության մեկ երրորդից ավելին աղքատ է։ Դրանք այն մարդիկ են, որոնց ամսական եկամուտները չեն անցնում 33,5 հազար դրամից։ Հենց այս գումարն է Հայաստանում համարվում աղքատության նվազագույն շեմը։
Հայտնի է, որ մի տեւական ժամանակ աղքատության մակարդակը անշեղորեն իջնում էր, բայց վերջին տարիներին Հայաստանում այն նորից խորացավ։ Դրա համար անշուշտ կային օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գործոններ։
Համաշխարհային եւ ներքին տնտեսական գործընթացների հետեւանքով, մի կողմից, կրճատվեցին բնակչության եկամուտները, մյուս կողմից՝ արձանագրվեց բարձր գնաճային միջավայր։ Այս երկու գործոններն էլ իրենց ուղղակի ազդեցությունն ունեցան աղքատության մակարդակի խորացման գործում։
Երեւույթն այս կամ այն չափով արտահայտվեց ինչպես Հայաստանում, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներում։ Ի տարբերություն շատ երկրների, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում աղքատությունն առայժմ դանդաղ է նահանջում։
Թեեւ ճգնաժամի առաջին փուլից անցել է շուրջ երեք տարի, այնուհանդերձ աղքատության ցուցանիշն առայժմ շատ բարձր է։ Ավելին՝ ենթադրվում է, որ աղքատության մակարդակը Հայաստանում կխորանա նաեւ այս տարվա ընթացքում։ Նման գնահատականը պայմանավորված է նրանով, որ այս տարվա պետական բյուջեն աշխատավարձի բարձրացում հիմնականում չի նախատեսում։ Մինչդեռ գնաճ բնականաբար կլինի, որքան էլ մեղմանա անցած տարվա համեմատ։
Ինչպես հայտնի է, պետական բյուջեով ծրագրված է միայն կենսաթոշակների եւ նպաստների աննշան աճ, թեեւ դժվար է ասել, թե այն որքանով համադրելի կլինի գնաճի հետ։ Առավել եւս, որ թանկանում են մեծ մասամբ առաջին անհրաժեշտության պարենային ապրանքները, իսկ աղքատները դրանց հիմնական սպառողներն են։
Հայաստանում աղքատության մակարդակը մոտեցել է մինչեւ 36 տոկոսի։ Պաշտոնական տվյալներով, այն 35,8 տոկոս է։ Աղքատության մակարդակն այդպիսին էր նաեւ 2010թ.։ Այն դեպքում, երբ մինչեւ տնտեսական ճգնաժամը աղքատ էր համարվում բնակչության 27,6 տոկոսը։
Աղքատության խորացումը Հայաստանում ուղեկցվում է սպառման կրճատման տեսքով։ Դա արտահայտվում է հասարակության գրեթե բոլոր խմբերի շրջանում։ Թեեւ այն առավել ցայտուն է դրսեւորվում հատկապես բնակչության խոցելի խավերի դեպքում։ Խոսքը, այսպես կոչված, ծայրահեղ աղքատների մասին է, որոնց թիվն ավելի քան կրկնապատկվել է։
Եթե մինչ այդ բնակչության այս խավն ընդգրկում էր աղքատների ընդամենը 1,3 տոկոսը, ապա այժմ հասել է 3 տոկոսի։ Սրանք այն քաղաքացիներն են, որոնց ամսական եկամուտները չեն գերազանցում 19 հազար դրամը։
Հատկանշական է, որ ծայրահեղ աղքատությունը Հայաստանում խորացել է այն պայմաններում, երբ պետական բյուջեի ծախսերի շուրջ 30 տոկոսն ուղղված է սոցիալական ապահովությանը, առաջին հերթին՝ կենսաթոշակների ու նպաստների վճարմանը։ Դա հիմք է տալիս ասելու, որ բյուջեի սոցիալական հատկացումները, որքան էլ դրանք խլել են պետական ֆինանսական ռեսուրսների զգալի մասը, համարժեք չեն բնակչության սոցիալական պայմանների բարելավման համար անհրաժեշտ միջոցներին։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

«Հայոց աշխարհ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031