Շատ եմ ուզում հավատալ Սերժ Սարգսյանի խոսքերին, որ նա երկու օր շարունակ հայտարարում է Բելգիա կատարած այցելության շրջանակներում։ «Մենք հաստատակամ ենք նոր թափ հաղորդելու մեր երկրում ընթացող համապարփակ բարեփոխումներին։ Այս համատեքստում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն առանցքային նշանակություն ունի»։ Գեղեցիկ է հնչում։ Բայց երբ տեսնում ես, որ երկրի նախագահն այցելել է Արտաշես Գեղամյանի հերթական գրքի շնորհանդեսին, հասկանում ես, որ վերը ասվածը Եվրախորհրդի, Եվրահանձնաժողովի ղեկավարներին ուղղված սոսկ խոսքեր են՝ իրականացման ոչ ենթակա։ Երբ «Հայոց արծիվների» առաջնորդը գյուղերից ավտոբուսներով երեխաներ է բերում Երեւան՝ ՀՀԿ-ի ու ՀՀ նախագահի ուժն ու ընտրվելու անխուսափելիությունն ամրագրելու համար, հասկանում ես, որ արդարն ու թափանցիկը մեզանից շատ հեռու են։ Այնպես, ինչպես Բելգիան Հայաստանից։ Այնպես, ինչպես եվրոպական դեմոկրատիան հայկականից։ Կարծում եմ՝ եվրոպական պաշտոնյաները եւս լսում են այս խոսքերը եւ ուզում են հավատալ դրանց, բայց Հայաստանի հետ շփվելու փորձը հուշում է, որ սրանք ընդամենը բարի ցանկություններ են կամ խոստումների հրապարակայնացում։ Եվ անգամ արտաբերողը վստահ չէ, որ դրանք իրականացվելու են։ Բայց, ինչպես ասում են, պետք է՝ ասում է։ Ի վերջո, եթե անգամ լավագույն տարբերակով ենթադրենք, որ դրանք բխում են հաստատ որոշումից եւ իրականացման հզոր կամքից, չէ՞ որ դրանց իրականացումը միայն այն արտասանողից չի կախված։ Հազար ու մի օլիգարխ ու քրեական տարր կա, մշակված ավանդույթներ եւ գործող մեխանիզմներ, որոնց ետ վարժեցնելը, արգելելն ու խափանելը բարդ է:
«Հրապարակ»