Լրահոս
Օրվա լրահոսը

200.000 դրամ տուգանք՝ Փակ շուկայում չթույլատրված շինարարության համար

Մարտ 07,2012 00:31

Երեւանի Փակ շուկայի տարածքում շինարարական աշխատանքներն այժմ դադարեցված են:

Շուկայի տնօրենի վստահված անձ Մարատ Ապինյանը «Մասքլիբերթիին» փոխանցեց, որ այժմ սպասում են Մշակույթի նախարարության եւ քաղաքապետարանի թույլտվությանը՝ շինարարությունը շարունակելու համար:
Մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունից «Մաքսլիբերթի»-ին տեղեկացրին, որ շուկայի սեփականատեր «Թիվ մեկ շուկա» ընկերությունն իրենց ներկայացրել է միայն շուկայի ստորգետնյա մասում շինարարություն կատարելու նախագիծ: Վերգետնյա մասում շինարարության մասին որեւէ նախագիծ ներկայացված չէ:
Որքա՞ն ժամանակ են շինարարական աշխատանքները դադարեցված լինելու  հարցին` գործակալության ներկայացուցիչ Կարո Այվազյանը  պատասխանեց. «Մինչեւ որոշում կայացնենք՝ տեսնենք՝ ինչ ենք անում: Նախագիծ պետք է ներկայացվի, այն քննարկվի եւ այլն: Այսօրվա դրությամբ չեմ կարող որեւէ կոնկրետ բան ասել»:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին քաղաքապետարանը արձանագրություն էր կազմել՝ վարչական պատասխանատվության ենթարկելով «Թիվ մեկ շուկա» ընկերությանը, որն առանց համապատասխան թույլտվության՝ շինության տանիքի փայտաշեն հատվածի փոխարինման աշխատանքներ էր կատարել:
Փակ շուկան ընդգրկված է պետության կողմից գրանցված մշակութային հուշարձանների ցանկում եւ առանց համապատասխան մարմինների թույլտվության շինարարական աշխատանքներ այնտեղ իրականացնել չի կարելի:
Կարո Այվազյանը տեղեկացրեց, որ պատմական հուշարձաններին վնաս հասցնելու չափի որոշման մասին օրենք չկա: Վարչական իրավախախտումների օրենսգրքի 154-րդ հոդվածը, որով պատասխանատվության է ենթարկվել «Թիվ մեկ շուկա» ընկերությունը, շենքեր եւ շինություններ ինքնակամ կառուցելու համար է պատասխանատվություն սահմանում: Ըստ այդմ` պատմամշակութային կառույցին վնաս հասցնելու մասին որեւէ արձանագրություն չի կազմվել եւ պատմամշակութային կառույց հանդիսացող Փակ շուկայում առանց թույլտվության շինարարություն իրականացնելու համար ընկերությունը կվճարի ընդամենը 200.000 դրամ տուգանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031