Ինչպես եւ ակնկալվում էր՝ Ռուսաստանի Դաշնությունն առաջիկա վեց տարիներին առաջնորդելու է Վլադիմիր Պուտինը: Նրա ընտրությունը ՌԴ նախագահի պաշտոնում Հայաստանում հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում որեւէ բան փոխելո՞ւ է: «Ռուսաստանն այս անգամ բավականին թուլացած նախագահ ունեցավ: Նախորդ նախագահը 10 տոկոսով ավելի ձայներով էր ընտրվել, եւ այսպիսի ցույցեր չկային ինչպիսին հիմա են: Այսինքն, Պուտինը Ռուսաստանի համար լինելու է «լայթ Սերժ Սարգսյան»,- Aravot.am-ի հարցին ի պատասխան հայտարարեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:
Նրա ասելով, դա ինչ-որ առումով՝ լավ է. «Լավ է այնքանով, որքանով ռուսական դիկտատը շատ քիչ ժամանակ կունենա մեզնով զբաղվելու, մեր վրա ուշադրություն դարձնելու առումով: Դա շատ լավ է, եւ մենք ինքնուրույնության, անկախության մի քիչ ավելի մեծ չափաբաժին կարող ենք կստանալ, եւ եթե նորմալ ղեկավարներ ունենանք՝ կկարողանանք ժամանակ ունենալ օգտագործելու այս բարեպատեհությունը, որը հետո կարող է այլեւս չլինել: Բայց մյուս կողմից, Աստված չանի, Ռուսաստանում խռովք սկսվի մեր այս թույլ վիճակում: Եթե մենք ամուր լինեինք՝ սա մեզ համար երազելի պահ կլիներ. մի հարված էլ մենք կտայինք եւ Ռուսաստանից լիակատար անկախություն ձեռք կբերեինք: Բայց քանի որ այսօր մենք ռուսական մարզի կարգավիճակ ունենք, թեկուզ, ՄԱԿ-ի անդամ երկիր ենք, մեր այս թույլ վիճակով չենք կարող ինքներս մեզ պաշտպանել ե՛ւ արտաքին թշնամուց, ե՛ւ պաշտպանվել մեր սեփական քաղաքական դասի տխմարությունից»:
Նաիրա Մամիկոնյան
Կարդացեք նաև