Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր-Պետրոսյանը չի ստանձնել, նրան պարտավորեցրել են

Մարտ 06,2012 22:30

լուսանկարը` «Գալա» հեռուստաընկերության

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող, բայց արդեն ավելի քան մեկուկես տարի Կոնգրեսին իր անդամությունը սառեցրած Պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է վերաբերում Կոնգրեսին մաս կազմող քաղաքական այն չորս ուժերին՝«Հայ կամավորականների համախմբում», «Ազգային վերածնունդ», «Հայրենիք եւ պատիվ», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ», որոնք այսօր հայտարարեցին, թե չեն մասնակցում Կոնգրեսի համամասնական ցուցակի ձեւավորմանն ու ընտրություններին, քանի որ  ցուցակը կազմելու է Տեր-Պետրոսյանը՝ միանձնյա որոշմամբ, նաեւ, որ «շատ լուրջ տարաձայնություններն ունեն» ՀԱԿ-ի ռազմավարական եւ մարտավարական հարցերի հետ կապված:

«Նախ՝ ՀԱԿ-ին մաս կազմող քաղաքական ուժերի մեծամասնությունն, այդ թվում ես,  այդ լիազորությունը հանձնեց ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Ես ամենամեծ ջատագովն էի, որպեսզի Լեւոն Տեր-Պետրոսյանը միանձնյա կազմի այդ ցուցակը, որովհետեւ առնվազն, գոնե, տեսանելի մակարդակում՝  2007 կամ 2008 թվականից, սա Տեր-Պետրոսյանի պարտիան է, եւ երբեք պետք չէ նրան խանգարել իր պարտիան ավարտելուն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Միքայել Հայրապետյանը:

Բայց արդյոք դա ավտորիտարիզմի դրսեւորում չէ՞, երբ ՀԱԿ-ում 18 քաղաքական ուժեր կան, բայց համամասնական ցուցակի ձեւավորումը ստանձնում է  մեկ հոգի՝ առաջնորդը: «Ոչ թե ստանձնում է մեկ հոգի, այլ նրան պարտավորեցնում են: Եթե դա ձեզ այդքան հուզում էր՝ ինչո՞ւ որպես լրագրող ժամանակին չհարցրիք՝ լավ, Կոնգրեսը հռչակագիր ընդունեց, եւ հիմնադիր քաղաքական ուժերը դա ստորագրեցին, ինչո՞ւ այնտեղ կար լրացուցիչ մեկ  ստորագրություն եւս՝ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Մենք հռչակագրով արդեն իսկ ընդունել ենք «18= 1» բանաձեւը, այնպես որ խաղի կեսից խաղի կանոնները չեն փոխում: Դա անբարոյականություն է ինքներս մեր նկատմամբ»,- հայտարարեց պահպանողականների առաջնորդը՝ հավելելով, թե՝ ելակետն այն է, որ նախ՝ համամասնական ցուցակն առաջին հերթին  նախընտրական ծրագիր է, երկրորդ՝ դա կազմողի դեմքն է: «Եթե իրենք մի անգամ վստահել են այդ կազմողին՝ Տեր-Պետրոսյանին եւ 2008-ին հավաքվել են նրա շուրջ, ապա հիմա պիտի բարի լինեն ասելու, թե ի՞նչն է փոխվել Տեր-Պետրոսյանի մեջ, որ նրան այլեւս չեն վստահում: Եթե կապացուցեն, որ ինչ-որ բան փոխվել է՝ ապա ես կհասկանամ նրանց, իսկ եթե ոչ՝ ապա նրանց հրաժարումն իսկապես չեմ հասկանում: Դա անլուրջ է, ապաքաղաքական է: Այ, այն մյուսները՝  Արարատ Զուրաբյանը, Խաչատուր Քոքոբելյանը, երբ դուրս եկան ՀԱԿ-ից՝ ասացին, որ Տեր-Պետրոսյանի մեջ բան է փոխվել: Մարդիկ ասացին ու հեռացան: Կարող ենք ընդունել կամ չընդունել նրանց հիմնավորումները, բայց որ մարդիկ փորձեցին տրամաբանական հիմնավորում տալ՝ փաստ է: Հիմա սրանք էլ են պարտավոր հիմնավորել իրենց քայլը. ինչո՞ւ էին այն ժամանակ մի կերպ էին նայում Տեր-Պետրոսյանին եւ ինչու այլկերպ՝ հիմա»,-ասաց Մ.Հայրապետյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031