«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կայացավ հնգակողմ` Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա տեսակամուրջ՝ «Ռուսաստան և ԱՊՀ. հարաբերությունների նոր սցենա՞ր» թեմայով:Մարտի 4-ին Ռուսաստանում կայացած նախագահական ընտրություններից հետո «դե յուրե» փոխվեց պետության առաջնորդը, թեեւ շատ փորձագետների կարծիքով, Պուտինի` նախագահ դառնալն ընդամենը եղած իրավիճակին իրավաբանական լուծում տալ էր, քանի որ, ըստ էության, այս հինգ տարիների ընթացքում էլ, երբ նա ՌԴ վարչապետն էր, ըստ էության, հենց ինքն էր ղեկավարում երկիրը:
Ռուսաստանի եւ նրա հարեւանների հարաբերությունների տարբեր եզրեր քննարկեցին այսօր «Նովոստի» մամուլի միջազգային կենտրոնում կայացած տեսակամուրջի մասնակի, Ռուսաստանի հինգ հարեւան պետությունների փորձագետները:
Խոսելով կիրակի օրը կայացած ՌԴ ընտրություններից, տեսակամուրջին Մոսկվայից մասնակցող Քաղաքական փորձաքննության կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեեւը գնահատեց Պուտինի հաղթանակը` որպես ռուսաստանյան ընդդիմության ջախջախիչ պարտություն.«Փլվեց ամիսներ շարունակ ընդդիմության կողմից առաջ քաշվող այն կարգախոսը, թե Ռուսաստանում ոչ ոք Պուտինին չի ընտրի: Անկախ նրանից, թե ովքեր էին նրան ընտրողները, նա ընտրվեց: Եվ հիմա, ընդդիմությունը կանգնած է կոտրած տաշտակի առջեւ ու պարզ չէ, թե ինչ պետք է անի: Չեն լինի «ռեպրեսիաները», որոնց մասին այդքան խոսում են, չեն թողնի, որ ընդդիմությունը դրանից դիվիդենտներ շահի: Կգնան մի քանի օր հրապարակներում «կճվճվան», ամենաշատը մեկ-երկու օրով մի քանի հոգու կգցեն «օբեզյաննիկներ» ու վերջ»: Պարոն Միխեեւին նաեւ նյարդայնացնում էր նաեւ ամեն կերպ տարածվող այն տեսակետը, որ Պուտինի օգտին քվեարկողները անգրագետ, «անասնակերպ» արարածներ են, իսկ հակապուտինականները` «վերերկրային փերիներ», «տերերի ռասսայից» են:
Կիեւից հետուսատակամուրջին մասնակցող Կիևի քաղաքական հետազոտությունների և կոնֆլիկտաբանության կենտրոնի տնօրեն Միխայիլ Պոգրեբենսկին էլ, պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ունեն սովորելու ռուսաստանյան ընտրություններից հարեւան պետությունները, նկատեց, որ ընտրությունները միայն քվեարկությունը չէ, եւ ի տարբերություն ուկրաինական ընտրությունների, որոնք վերջին շրջանում միշտ մրցակցային են եղել, ռուսաստանյան ընտրությունները մրցակցային չէին: Բացի այդ` «ռուսաստանյան կառավարելի դեմոկրատիան մեզ համար չէ»,-շեշտեց Ուկրաինայի ներկայացուցիչը: Սակայն նկատեց, որ կային օրինակելի կետեր, որոնք կարելի է փոխառնել, միայն թե` զուտ տեխնիկական առումով` բոլոր ընտրատարածքներում տեսախցիկների տեղադրում եւ այլն` «եթե, իհարկե, այդքան փող լինի»:
Կարդացեք նաև
Նույն կարծիքին էր նաեւ տեսակամուրջի հայաստանյան մասնակիցներից Ալեքսանդր Իսկանդարյանը.«Եթե գումարներ կան, կարելի է փոխառնել այդ նորարարությունները, սակայն չեմ կարծում, որ դրանք շատ ուժեղ են ազդում արդյունքների վրա: Նրանք, ովքեր չէին ընդունելու այդ ընտրությունների արդյունքները, միեւնույն է, չեն ընդունի` ուզում է, հինգ տեսախցիկ լինի դրված ամեն ընտրատարածքում: Այնպես որ` փոխառնել որեւէ լավ տեխնիկական նորարարություն` ումից ուզում է լինի, իհարկե, լավ է, սակայն կարծել, որ դրսից ինչ-որ մեկը մի բան կանի եւ մենք դա կընդունենք ու ամեն ինչ լավ կլինի, դա այնքան էլ ռելեվանտ մոտեցում չի, պետք է յուրաքանչյուրս մեր ճանապարհը գտնենք»: