Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «ՀԱԿ-ում տեղի ունեցածը սպասելի էր»

Մարտ 06,2012 21:52

Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող քաղաքական չորս ուժեր՝ «Հայ կամավորականների համախմբում», «Ազգային վերածնունդ», «Հայրենիք եւ պատիվ», «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություններ, այսօր հայտարարեցին Կոնգրեսի նախընտրական դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկվելուց եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու որոշման մասին: Ինչպես «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ներկայացուցիչ Սամվել Հարությունյանն ասաց՝ պատճառը դաշինքի հետ «շատ լուրջ տարաձայնություններն են», որոնք կապված են ոչ միայն Կոնգրեսի համամասնական ցուցակի, ինչպես նաեւ «ռազմավարական եւ մարտավարական հարցերի հետ»: Սամվել Հարությունյանն ասել է նաեւ, թե մասնավորապես իր համար «վիրավորական է», որ ցուցակը «վերջնական տեսքի բերելու պարտականությունը» դրվել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա:

Խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե այն, ինչ տեղի է ունենում Կոնգրեսում՝ իր համար  սպասելի էր. «Տվյալ պարագայում, իհարկե, ՀԱԿ-ի համամասնական ցուցակը կազմելու բարդությունները կարող են տարբեր անձնական հավակնությունների պատճառ  լինել: Բայց առաջին հերթին, այս ժայթքման առիթ եմ համարում նախկինում տարբեր հարցերում ՀԱԿ-ի մարտավարական եւ ռազմավարական որոշումների վերաբերյալ ներքին դժգոհությունները, որոնք այն ժամանակ Կոնգրեսի շրջանակներից դուրս չէին գալիս, եւ որոնց մասին այսօր ակնարկ արվեց»:

Այդ դեպքում ինչո՞ւ այսօր այդ նախկին ու ներքին դժգոհություններն այսօր ջրի երես դուրս եկան, եթե խնդիրը այս չորս ուժերի մատուցմամբ՝ ամենեւին էլ մանդատների համար պայքարի համատեքստում չէ: Ըստ Ստեփան Սաֆարյանի, «համամասնական ցուցակն ու մանդատների խնդիրը չկարգավորված կամ չհամաձայնեցված անձնական հավակնությունների պատճառ է, բայց նաեւ առիթ է այլ հարցերի վերաբերյալ նախկին դժգոհությունն ի ցույց դնելու համար»:

Այս զարգացումները խորհրդարանական ընտրություններից առաջ կարո՞ղ են թուլացնել ՀԱԿ-ին կամ արդյոք դրանով Կոնգրեսի համամասնական ցուցակն ավելի խոցելի՞ կլինի: «Խնդիրն այն է, որ ՀԱԿ-ն իրեն ներկայացնում էր որպես միավորված ընդդիմություն, եւ այս զարգացումների մասին տեղեկություն ստացող քաղաքացու համար  առաջին տպավորությունն այն է, որ ՀԱԿ-ում ոչ միայն միավորում չկա, այլեւ հակառակ պրոցեսը՝ տարանջատում կա: Միավորման էֆեկտը միշտ քաղաքական ուժին լրացուցիչ հնարավորություններ եւ համակիրների բանակ է բերում: Այս պարագայում, ես հիմա ոչ թե քաղաքական ուժի ներկայացուցիչ, այլ որպես փորձագետ եմ ասում,  համարում եմ, որ տեղի ունեցածը կթուլացնի ՀԱԿ-ի դիրքերը»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց «Ժառանգության» ներկայացուցիչ Ստեփան Սաֆարյանը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031