Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ

Մարտ 06,2012 21:36

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջև հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին

 

Պարո՛ն Նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ հանդիպելու և Հայաստան-ԵՄ օրակարգում առկա հարցերը քննարկելու հնարավորության համար: Մեր նախորդ հանդիպումից ի վեր մի շարք կարևոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նոր հանգրվանի են հասցրել Հայաստան-ԵՄ հարաբերությունները, և մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնաժողովի և անձամբ պարոն Բառոզուի ավանդը մեր համագործակցության խորացման գործում:

Միանգամից պետք է նշեմ, որ մեր օրակարգում գտնվող բոլոր հարցերի շուրջ մեզ մոտ առկա է մոտեցումների և հայացքների լիակատար փոխըմբռնում: Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունները խարսխված են միասնական արժեհամակարգի վրա, ինչը պայմանավորված է պատմական, մշակութային, կրոնական և լեզվական ընդհանրություններով:

Միաժամանակ ուրախ եմ փաստել, որ մեր հարաբերություններն այսօր զարգանում են վերընթաց կերպով: Այս օրերին Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունները թևակոխեցին որակական նոր փուլ. վճռական առաջընթաց ենք արձանագրում մեր հարաբերությունների ողջ սպեկտրով:

Երկուստեք գոհունակությամբ ընդգծեցինք Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում արձանագրված զգալի առաջընթացը: Այն նոր մակարդակի կբարձրացնի մեր իրավապայմանագրային հարաբերությունները և սերտ համագործակցության ուղնիշներ կսահմանի անվտանգության քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդու իրավունքների, էներգետիկայի և այլ բնագավառներում:

Մեր փոխադարձ հաջողությունների հաջորդ հանգրվանը Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները մեկնարկելու վերաբերյալ ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն որոշումն էր, ինչը վկայում է նաև այդ ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունավետության մասին: Եվրոպական Միությունը ՀՀ ամենամեծ առևտրային գործընկերն է, և այս համաձայնագրի ստորագրումն էական ազդեցություն կունենա հետագա ինտեգրման, ներդրումների խրախուսման  առումով, ինչպես նաև լուրջ խթան կհանդիսանա Հայաստանի տնտեսության հետագա զարգացման համար:

Մենք կարևորեցինք ս.թ. փետրվարի 27-ին Երևանում մեկնարկած ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը: Ակնկալում ենք, որ հնարավորինս կարճ ժամկետներում բանակցությունները հաջողությամբ կավարտվեն, և ընդլայնված հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի ու ԵՄ քաղաքացիների միջև ամենատարբեր ոլորտներում շփումները խթանելու ուղղությամբ:

Ներկայումս ԵՄ հետ մեր քաղաքական երկխոսության հիմնական տարրը մեր ներքին բարեփոխումների և եվրոպական օրակարգի համադրումն է` որպես մեկ միասնական ամբողջություն: Մենք վճռական ենք Հայաստանում խորքային և համակողմանի բարեփոխումները շարունակելու հարցում, և մեր երկրում իրականացվող բարեփոխումները դիտարկում ենք նաև որպես ԵՄ հետ ծավալվող համագործակցության կարևոր մաս:

Մենք ողջունել և կիսում ենք Եվրոպական միության «ավելի շատ աջակցություն` ավելի շատ բարեփոխումների դիմաց» սկզբունքը: Մեր բարեփոխումների իրականացման ուղղությամբ որոշակի ծրագրեր մշակելու գործում առաջնորդվում ենք նաև այդ սկզբունքով: Իմ երախտագիտությունը հայտնեցի Եվրամիությանը Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար:

Մեր հանդիպման ընթացքում անդրադարձանք նաև ս.թ. մայիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին, և ես վերահաստատեցի հայկական կողմի հանձնառությունը` ընտրական գործընթացները կազմակերպել և անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան: Մենք խորապես գիտակցում ենք ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների անցկացման կարևորությունը մեր երկրի հետագա զարգացմանհամար:

Քննարկեցինք նաև մի շարք տարածաշրջանային հարցեր: Պարոն Բառոզուին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի ներկա փուլը: Հայկական կողմն այլընտրանք չի տեսնում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում հարցի խաղաղ, բանակցային ճանապարհով լուծմանը: Անկախ Հայաստանում և ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում ներգրավված երկրներում ընթացող ընտրական գործընթացներից, հայկական կողմը հավատարիմ է մնում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավորման գործընթացի շարունակմանը և Հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքները ավարտելուն, դրանից հետո նոր միայն խոսք կարող է գնալ «մեծ շրջանակային համաձայնագրի» շուրջ բանակցություններն սկսելու մասին: Բանակցություններն անհամատեղելի են պատերազմի քարոզչության, ազգատյացության և աննախադեպ չափերի սպառազինությունների ձեռքբերման հետ: Նրանք, ովքեր պատերազմ են «խաղում», պետք է արդեն վաղուց սովորած լինեին պատմության դասերը:

Հայաստանը մշտապես կարևորել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ ուղիղ շփումների և ԵՄ ներկայացուցիչների Ղարաբաղ պարբերական այցելությունների անհրաժեշտությունը:  Մենք բազմիցս շեշտել ենք, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողն է և հետապնդում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության վրա հիմնված հասարակարգ ձևավորելու նպատակներ:

ՀՀ նախագահի մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031