Բելգիայի Թագավորություն աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձևաչափով նիստին:
Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն-ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:
Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների և դրանց արդյունքների մասին: Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ՆԱՏՕ-ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր են գնահատել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան, Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է իրականացնում՝ որպես գործընկեր երկիր:
Քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի և դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարվել է որպես այլընտրանք չունեցող:
Կարդացեք նաև
Նախագահ Սարգսյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալություն հայտնել գնահատանքի և քաջալերանքի խոսքերի համար:
ՀՀ նախագահի մամլո ծառայություն