Այսօր՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ինչպես «Առավոտին» հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13.00-ի սահմաններում «Ֆորդ» մակնիշի 96 94 Լ համարանիշի ավտոմեքենան, որը վարում էր 60-ամյա Վլյատ Ոսկանյանը, Երևան–Երասխ–Մեղրի–Իրանի Իսլամական հանրապետության սահման ավտոճանապարհի 228-րդ կմ–ի հատվածում, բախվել է 27-ամյա Մհեր Պապյանի վարած «Օպել» մակնիշի 23 ՍՕ 286 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով վարորդներն ու ուղևորներն ստացել են մարմնական վնասվածքներ։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս բերելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ–փրկարարական ջոկատի 4 հրշեջ–փրկարարներ՝ հրամանատարի տեղակալ Սամվել Մուսախանյանի գլխավորությամբ։
Վարորդներն ու «Օպել»–ի ուղևորներ 41-ամյա Լուսինե Ոսկանյանը, 68-ամյա Ալվարդ Հովակիմյանը և «Ֆորդ»–ի ուղևորներ 77-ամյա Սաթիկ Խուրշուդյանը, 44-ամյա Նինա Մովսիսյանը, 35-ամյա Էլմիրա Հարությունյանը տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։ Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Արամ Գալստյանի գլխավորությամբ։ Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի քննիչ Գոռ Մանուչարյանը։ Փաստի առթիվ քննիչի կողմից նյութ են նախապատրաստվում։
Կարդացեք նաև