Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2012 թվականի հունվարի 31-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը սահմանելու մասին» թիվ 18-Ն որոշումը։
Նշված որոշմամբ հաստատված կարգը սահմանում է լրագրողի հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` ընտրական հանձնաժողովներում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու իրավունքը։
Որոշումն ընդունելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության ընտրական նոր օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի պահանջը։ Միաժամանակ հիմք են ընդունվել «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կանոնակարգումները։
«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում հավատարմագրման օրինակելի կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
Կարդացեք նաև
ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 333-Ն որոշմամբ սահմանվել է համապատասխան կարգ, որի կանոնակարգումների համաձայն լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե`
ա) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
բ) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
գ) նա տարածել է պետական մարմնի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով։
Ի դեպ, նշված իրավական ակտերի պահանջներին համապատասխան` դեռևս 2004 թվականի ապրիլի 29-ին ՀՀ ԿԸՀ-ն ընդունել էր «ՀՀ կենտրոնական ըտնրական հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 2-Ն որոշումը, որով արդեն իսկ սահմանված են եղել հավատարմագրումը մերժելու վերոհիշյալ հիմքերը, և 2012 թվականի հունվարի 31-ի թիվ 18-Ն որոշմամբ որևէ նոր սահմանափակում կամ մերժման նոր հիմք սահմանված չէ։ Նման պայմաններում անընկալելի է սեփական չիմացությամբ պայմանավորված դատողությունները իբրև բացահայտ ճշմարտություններ մատուցելու իրական նպատակը։
Ուշագրավ է, որ 2004 թվականի նույնաբովանդակ կարգի հիման վրա ևս իրականացվել է հավատարմագրում, և մինչ օրս ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողի հավատարմագրումը մերժելու գեթ մեկ դեպք չի գրանցվել, իսկ նոր կարգի ընդունումից հետո մինչ օրս թվով 26 լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններ ներկայացրել են իրենց լրագրողներին հավատարմագրելու դիմումներ, և թվով 44 լրագրողներ հավատարմագրվել են։ Որևէ մերժման դեպք առկա չէ։
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով