18-ամյա Արթուր Արզումանյանը սովորում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի 2-րդ կուրսում: Բնակվում է Գյումրիում: «Ինձ շատ է հետաքրքրում իմ շրջապատը՝ նորություններ, ծրագրեր, հետաքրքիր խնդիրներ: Իմ նախասիրություններից ելնելով՝ որոշեցի ստեղծել մի անկյուն, որտեղ կարող եմ տարածել հետաքրքիր նորություններ իմ ընկերներին և մտերիմներին, օրերից մի օր էլ բացվեց բլոգս` arturblog-ը» :
Արթուրի բլոգում տեղադրվում են նյութեր, որոնք ինչ-որ չափով օգնում են ընթերցողին և ամենակարևորը՝ բարձրացնում են այցելույի տրամադրությունը: Կայքի վրա մենակ է աշխատում: «Մեկնաբանություններում մինչ այժմ վատ կարծիքներ կամ դժգոհություններ չեմ տեսել: Հիմնականում հարցեր են, որոնք համակարգչի կամ ծրագրերի հետ են կապված»,- ասում է Արթուրը:
«Երբ նյութ եմ ավելացնում, չեմ մտածում, թե ինչ օգուտ կլինի ինձ, մտածում եմ՝ կհետաքրքրի՞ արդյոք այն ընթերցողին: Շահադիտական նպատակներ չունեմ: Բնավորությամբ սանգվինիկ եմ՝ հետաքրքրասեր, նպատակասլաց, վճռական, համարձակ»,- ասում է նա: Պատմում է՝ վերջերս տեղի ունեցավ մի մրցույթ. կայքից օգտվողները նկարներ էին ավելացնում այնտեղ, իսկ մյուսները գնահատում էին նկարները: Հաղթեց ամենաշատ գնահատականներ ունեցող մասնակիցը, ով, որպես պարգև, ստացավ դրամական մրցանակ: Արթուրմ ասում է՝ նպատակներ շատ ունի, երազանքն էլ կապված է կայքը հետ, ուզում է այն բարգավաճի և լավ ապագա ունենա:
Հարություն Հովհաննիսյան