Ս. Սաֆարյանի նամակում մասնավորապես ասված է.
«Հարգելի պարոն Մարգարյան,
Այսօր առավոտյան ես եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ահազանգի հիման վրա այցելեցինք Աբովյան-Իսահակյան գետնանցում, որտեղ գործող տաղավարների 6 վարձակալներ քաղաքապետարանի կողմից նախազգուշացվել էին իրենց տաղավարների հնարավոր հարկադիր ապամոնտաժման մասին:
Քաղաքապետարանի եւ գետնանցումի տարածքի նոր վարձակալների ներկայացուցիչները ժամանելուն պես տեղեկացրեցին, որ իրենց այցելության նպատակը նախկին վարձակալներին իրենց միջոցներով տաղավարները ապամոնտաժելու` քաղաքապետի կարգադրության մասին ծանուցելն է: 6 վարձակալները եւ նրանց ներկայացուցիչները առարկեցին այդ բանավոր պահանջի դեմ` նշելով, որ տարածքը աճուրդով մասնակի օտարելու, մասնակի վարձակալության տալու նախկին քաղաքապետերի որոշումների օրինականությունը վիճարկելու եւ իրենց իրավունքների խախտման մասին հայցեր են ներկայացրել դատարան, որոնցից մեկի դատական քննությունը պետք է լիներ այսօր, մյուսինը` մարտի 15-ին:
Կարդացեք նաև
Իմ կողմից առաջարկ է ներկայացվել թե´ 6 վարձակալներին, թե´ քաղաքապետարանի ներկայացուցիչներին` քաղաքապետի հետ միասին հարցը քննարկելու, կողմերի դիրքորոշումներին ու առաջարկներին ծանոթանալու նպատակով` այդ կապակցությամբ հորդորելով ձեռնպահ մնալ հարկադիր բնույթի որեւէ գործողությունից: Առաջարկն ընդունվել է բոլոր կողմերից:
Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածով` դիմում եմ Ձեզ` Երևանի քաղաքապետարանում Աբովյան-Իսահակյան գետնանցումի խնդրով քննարկում կազմակերպելու առաջարկով:
Քննարկմանը ներկա կգտնվեն ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, 6 կրպակատերերի ներկայացուցիչներ:
Խնդրում եմ առաջիկայում կազմակերպել սույն քննարկումը եւ վերը նշված օրենքով սահմանված կարգով ոչ ուշ, քան քննարկումից երեք օր առաջ գրավոր տեղեկացնել հարցի քննարկման մասին»:
«Ժառանգության» մամուլի հաղորդագրություն