«Լսի, էէէէ, ընգե’ր ջան, էդ ինչի՞ վրա ես ուրախանում, ես քեզ ասեմ, որ ականջիդ օղ անես` ես Հայաստան փող բերող տղա եմ, Հայաստանից փող տանող չեմ: Ալամ աշխարհն էլ մանրադիտակով չէ, աստղադիտակով էլ որ նայի իմ վրա` կեղտ չի կարա գտնի, իսկ ով որ քաղաքականությունը կեղտ ա համարում, ինքը դրա մեջ պռոստո կեղտ ա»,- սա ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի խոսքերն են` ուղղված իր գործընկերոջը` «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին:
«Հայելի» ակումբում բանավեճի ժամանակ պարոն Այվազյանը ուղղակի կամ անուղղակի «արա, էէէ», «Ազգային ժողովում գլուխ հաշվելու համար չեք», «մի’ մտի էնտեղ, որտեղից չես դուրս գալու», «ուզում ես պորտից ներքեւ խփե՞ս» եւ այլ արտահայտություններով վիրավորում էր պարոն Մարտիրոսյանին: Բանը հասավ նրան, որ երբ խոսք գնաց հանքերի բիզնեսի մասին եւ Վարդան Այվազյանը նշեց, որ Հայաստանում սեփական հանք ոչ մեկը չունի, Արմեն Մարտիրոսյանը, չէր հասցրել հակափաստարկ բերել, որ «ուղղակի կոնցեսիոն կառավարման» են վերցրել` Այվազյանը նետեց` «ուղղակի եթե հանկարծ որեւէ մեկի ռիսկն էլ հերիք կանի, բացի իրա մամայի փեշի տակից գոռալու, գա մի հատ մտնի էս գործի մեջ, այ կասեմ նա տղամարդ է: Հիմա գալի՞ս ես հետս մտնես էդ գործի մեջ, հը՞»:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարտիրոսյանից փորձեցինք ճշտել` չի՞ վիրավորվել Վարդան Այվազյանի նման խոսքերից, ինչին նա պատասխանեց, որ «նորմալ է, որ բուռն արձագանքում է»: Ըստ Արմեն Մարտիրոսյանի, «ականջիդ օղ արա», «արա, է~» տարբերակներն ընդունելի չեն. «Բայց կարծում եմ` ինքը տեմպի տակ դա ասաց, որովհետեւ մինչեւ այժմ ինքը իրեն շատ կոռեկտ է պահել»: Մամայի փեշի տակ մտնելու արտահայտությունը պարոն Մարտիրոսյանն իրեն չի վերագրել. «Որովհետեւ ցանկություն էլ չկա, ոչ էլ մրցակցություն, որ որեւէ մեկը կարողանա նմանատիպ մեղադրանք առաջադրի: Տղամարդկության հետ դա կապ չունի: Տղամարդն այն չէ, երբ դու կարողանում ես պաշտոնական դիրքդ չարաշահելով` ունենաս ինչ–ինչ բաներ: Տղամարդկությունն այն է, երբ դու քո սեփական քրտինքով կարողանաս վաստակես: Այ դա է տղամարդկությունը»:
Վարդան Այվազյանի բուռն արձագանքները պարոն Մարտիրոսյանը բացատրեց նրանով, որ ինքը Այվազյանի թույլ, ցավոտ կետերին է կպել, դրա համար էլ նման կերպ է արձագանքել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ