Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ եւ Սաշիկ Սարգսյաններին հաղթեց, Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ վիրավորվեց (Տեսանյութ)

Մարտ 06,2012 15:49

Ինչպե՞ս ստացվեց, որ  մեկ ամիս առաջ՝ հունվարի 30-ին, ՀԱԿ-ը հայտարարություն տարածեց այն մասին, որ 18 կուսակցությունների դաշինքով գնում են խորհրդարանական ընտրությունների՝ «դա դարձնելով վարչախմբի դեմ համաժողովրդական ցասման գեներացման, քաղաքացիական  ընդվզման, քաղաքական կամքի մեկտեղման, Սերժ Սարգսյանի նկատմամբ անվստահության արտահայտման հարթակ», ՀԱԿ-ի մաս կազմող բոլոր 18 կուսակցությունները համամիտ էին: Իսկ հիմա, երբ խնդիրը հանգեց ցուցակին՝ անհամաձայնություններ առաջ եկան: Արդյոք խնդիրը հենց ցուցակում ցանկալի տեղը զբաղեցնե՞լը չէ: «Ուրբաթ» ակումբում լրագրողների նմանօրինակ հարցերին Հայ կամավորականների համախմբում նախաձեռնությունը ներկայացնող Սամվել Հարությունյանը պատասխանեց. «Լրագրողներն ինձ ճանաչում են: Սրանից հինգ տարի առաջ 37 ընտրատարածքում ես մրցում էի Սերժ եւ Սաշիկ Սարգսյանների հետ: Դուք գիտեք ինչպիսի պայքար էր, ինչպես է ինձ հաջողվել ժողովրդին ոտքի հանել եւ 76 ընտրատեղամասերից ընդամենը 25-ում են կարողացել պահել եւ արձանագրել ռեկորդային թիվ՝ 13.606 ձայն: Բոլորը գիտեն, որ այդ մրցապայքարում ես 80 տոկոսից ավել ձայն եմ ունեցել՝ 21 հազարից ավել: Չորս անգամ առաջադրվել եմ մեծամասնականով: Ոչ միայն ինքս, այլ մյուս ընկերները՝ Վաղարշակ Հարությունյանը, Գառնիկ Մարգարյանը, Սոս Գիմիշյանը, նախանձախնդրություն հանդես չեն բերել անգամ իրենց անունն այդ ցուցակում տեսնել: Հավատացեք, որ այստեղ միայն կազմավորման սկզբունքի հարց է»:

Սամվել Հարությունյանը թեեւ առաջին նախագահին շատ է հարգում, բայց իրեն վիրավորված է զգացել, երբ տեղեկացել է, որ առաջին նախագահը պետք է միանձնյա կազմի ՀԱԿ-ի ցուցակը: Նա ասում է, որ ՀԱԿ-ի միասնականության պահպանման խնդրից ելնելով՝ հաճախ են զիջումների գնացել եւ եթե առաջին նախագահը շշնջար ՀՀՇ-ի ականջին՝ նրանք էլ զիջումների կգնային:

Անդրադառնալով մարտիմեկյան հանրահավաքին՝ բանախոսը տեղեկացրեց, որ պատրաստել էր հայտարարության նախագիծ, որով հանրահավաքի ժամանակ պետք է հաստատվեր՝ մարտի 9-ին, ժամը 16:00-ից, Ազատության հրապարակը նորից պետք է դառնա «բարոյական օազիս և ոգեղեն խոյանքի էպիկենտրոն, հանդուգն վճռականությամբ կոփի բաղձալի հաղթանակ և օր առաջ հասնի Մարտի 1-ի արյունով արբեցած Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության կազմավորմանը և ՀՀ նախագահական արտահերթ և ՀՀ ԱԺ օրինակելի ընտրությունների անցկացմանը: Հացադուլ հայտարարեինք»: Նախագիծը չի ընդունվել, ինչն ավելի է վիրավորել Սամվել Հարությունյանին, ինչն էլ նպաստել է, որ նա որոշում կայացնի՝ ՀԱԿ քաղխորհրդում իր անդամությունը դադարեցնելու մասին, քանի որ  այս տարաձայնությունների պարագայում չի պատկերացնում, թե ինչպես պետք է համատեղ հարցեր քննարկեն եւ լուծումներ գտնեն: Հայ կամավորականների համախմբումը կմասնակցի միայն համաժողովրդական շարժման «հանդուգն գործողություններին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031