ՀՀ սահմանադրական դատարանում այսօր գրավոր ընթացակարգով քննության դրվեց «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Արտակ Զեյնալյանի եւ Արայիկ Ղազարյանի դիմումը:
Նրանք դիմել էին դատարան «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8, 12-րդ հոդվածների դրույթները ՀՀ Սահմանադրության 3, 5, 6, 27 և 43,83.5, 117-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ, ինչպես նաեւ
«իրացնելով Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետում ամրագրված «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության իրավունքները»:
Դիմումատու կողմը տեղեկացրել էր, որ 2010թ. փետրվարի 10-ին տեղեկատվության հարցմամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարին ` խնդրելով տրամադրել տեղեկատվություններ հետևյալ հարցերի մասին:
Կարդացեք նաև
1. Ծառայության ընթացքում քանի՞ ժամկետային և պայմանագրային զինծառայող է մահացել ՀՀ զինված ուժերում 2009 թվականին,
2.Նրանց անունը և ազգանունը,
3.Նրանց հասցեն:
Նախարարությունը 10 օր հետո հարցման կապակցությամբ տվել էր հետեւյալ պատասխանը. «Պահանջվող տեղեկատվությունը ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկությունների ընդլայնված գերատեսչական ցանկի» համաձայն` հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն և «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի պահանջների համաձայն` համարվում է ծառայողական գաղտնիք: Հաշվի առնելով վերոգրյալը և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` ՀՀ պաշտպանության նախարարությունը չի կարող Ձեզ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը»:
Իրավապաշտպան կազմակերպության կողմից կրկին նախարարությանը ուղղվել է նոր հարցում՝ խնդրելով տրամադրել.
1. ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանը (որով գործողության մեջ է դրվել «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը»):
2. ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան գաղտնի հրամանով գործողության մեջ դրված «ՀՀ պաշտպանության նախարարության գաղտնագրման ենթակա տեղեկատվությունների ընդլայնված գերատեսչական ցանկը»:
Նախարարությունը մերժում է՝ այս անգամ հղում անելով. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի դ. ենթակետի համաձայն` ՀՀ կառավարությունը մշակում և հաստատում է պետական գաղտնիքների շարքին դասվող տեղեկատվությունների ցանկը: Հելսինկյանները հայցադիմումով դիմում են ՀՀ վարչական դատարան` Պաշտպանության նախարարության դեմ:
Վարչական դատարանը դռնփակ դատական նիստում քննում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջի մասին հայցը, եւ 23.11.2010թ վճռով մերժում այն: Դատարանն իր վրա սահմանադրական դատարանի գործառույթ է վերցնում, փաստելով, որ այն չի հակասում ՀՀ սահմանադրությանը:
«Դատարանի կարծիքով, հայցվորի կողմից պահանջվող տեղեկատվության չտրամադրումը բխում է ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներից, ուստի, առկա չէ հայցվոր կողմի տեղեկատվության ազատության իրավունքի խախտման փաստ» արձանագրել էր դիմող կողմը:
Սահմանադրական դատարանը քիչ առաջ դուրս եկավ խորհրդակցական սենյակից: Թե ինչ որոշում է ընդունել, մինչ վաղը ՍԴ պաշտոնական կայքում տեղադրվելը՝ հայտնի չէ: Ըստ դիմող Արտակ Զեյնալյանի. «Մեր քաղաքական–իրավական կյանքում տեղի է ունեցել իրադարձություն: Դատարանը կայացրեց հզոր իրավական ակտ, առաջին անգամ վարչական դատարանին պարտավորեցնելով վերանայել իր որոշումը, ինչպես նաեւ գնահատական տվեց սահմանադրական դատարանի գործառույթն իր վրա վերցրած ստորադաս դատարանին»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ