«Վերջին ամիսների բուռն քննարկումների արդյունքում՝ ՀԱԿ անդամ 18 ուժերից 13-ն արդեն համաձայնության էին եկել, բայց ստիպված են հայտարարել, որ ՀՀՇ-ի եւ նրան աջակցող 2-3 ուժերի կողմից վիժեցվեց կոնսենսուսի հասնելու բացարձակ մեծամասնության ձգտումը»,- այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց Հայ կամավորների համախմբում միավորումը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնող Սամվել Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ անդամ 4 կուսակցություններ` պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած «Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդը» եւ Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած Հայ կամավորների համախմբում միավորումը հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում:
ՀԱԿ-ի նախընտրական դաշինքում չընդգրկվելը պարոն Հարությունյանը բացատրում է Հայ ազգային կոնգրեսի հետ ունեցած ռազմավարական եւ մարտավարական, միաժամանակ ՀԱԿ-ի համամասնական ցուցակի կազմման սկզբունքի հետ կապված լուրջ տարաձայնություններով: Բանախոսը պնդում է, որ ՀԱԿ քաղխորհրդում ներկայացված իրենց առաջարկները հիմնականում անտեսվել են: Նա համոզված է, որ ավելի կտրուկ եւ արմատական ռազմավարության պարագայում ՀԱԿ-ն արդեն կյանքի կոչած կլիներ 2008-ին ընդունված հռչակագրի հինգ կետերը, որոնց թվում նաեւ իշխանափոխությունը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև