Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը պատասխանեց մեր հարցին՝ արդյոք սկզբունքայի՞ն է այն երևույթը, երբ տարաբնույթ խոսակցությունների համաձայն, ՀՀԿ ցուցակում տեղ կունենան այնպիսի անձինք, որոնց նկատմամբ ժամանակին ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուներ արտահայտված բացասական վերաբերմունք: Որպես օրինակ՝ նշեցինք Արտաշես Գեղամյանի անունը: Պարոն Հակոբյանը պատասխանեց. «Շատ էլ սկզբունքային է, քանի որ քաղաքականության մեջ չկան ոչ թշնամիներ, ոչ բարեկամներ, այլ կան քաղաքական հարաբերություններ, որոնք քաղաքական գործիչների միջոցով գնում են առաջ»:
Նշված երևույթն ԱԺ պատգամավորը համեմատեց այսպիսի իրավիճակի հետ. «Դա նույնն է , թե ասենք, որ մեկը մյուսին ինչ–որ ժամանակ թարս նայեց, հիմա ինչու են իրար բարև տալիս»: Պատասխանը տեղափոխելով փոքր-ինչ ավելի լուրջ հարթություն, ԱԺ պատգամավորը հավելեց. «Գիտակցությունը հիմա ավելի բարձր մակարդակի վրա է, մյուս կողմից էլ՝ ժամանակն է փոխում գիտակցությունը»:
Վերջին շրջանում իշխանական թևից կարծիքներ են հնչում, թե ժամանակը փոխել է նաև ՀՀԿ-ին, որն այլևս առաջվա միամիտը չէ, որ տուրք տա ՀԱԿ-ի սադրանքներին: Հ. Հակոբյանին խնդրեցինք մեկնաբանել նաև այս տեսակետը: Նա պատասխանեց. «Ոչ ՀՀԿ–ն է միամիտ, ոչ էլ ՀԱԿ–ը: Բոլորն էլ հայեր են և շարժվելու են իրենց ամբիցիաներով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ