Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեբան. Միայն Հայաստանում կարելի է հանդիպել 48-ամյա կույսերի

Մարտ 06,2012 15:20

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, մաշկաբան, սեռավարակաբան Կարեն Վարդանյանը, հոգեբան Սամվել Խուդոյանը եւ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը «Հայացք» մամուլի ակումբում ներկայացրին սեռական դաստիարակության անցկացման մեթոդները ու հոգեբանական առանձնահատկությունները, ինչպես նաեւ` վտանգներից խուսափելու միջոցները:

Դեռեւս 2007 թ.-ից Հայաստանի բոլոր դպրոցներում` 8-9-րդ դասարաններում, 34 ժամով դասավանդվում է «Առողջ ապրելակերպ» առարկան, որն իրենից ներկայացնում է ուսուցման ակտիվ մեթոդ` զրույցների, քննարկումների եւ բանավեճերի տեսքով: Առարկան ներառում է ինչպես, օրինակ, ալկոհոլի ճիշտ օգտագործման, այնպես էլ` սեռական ճիշտ դաստիարակության եւ սեռավարակներից խուսափելու մասին թեմաներ:

«Մեր շրջապատում էլ կան ՁԻԱՀով հիվանդներ, եւ երեխաները պետք է իմանան, թե ինչ հիվանդություն է դա»,- նշեց Ա. Մուրադյանը: Մասնագետը հավելեց, որ ծրագիրը նպաստում է ինտերնետային ոչ ճիշտ ինֆորմացիայի օգտագործման կասեցմանը. «Մենք ուղղորդում ենք դեռահասին` տալով անհրաժեշտ հմտություններ հասունացման պրոցեսի մասին: Նպատակն է` հնարավորինս հետաձգել  առաջին սեռական փորձը, որը կարող է վտանգների առաջ կանգնեցնել»:

Հոգեբան Ս. Խուդոյանը նշեց, որ երեխայի սեռական դաստիարակությունը պետք է սկսել վաղ` «տուն-տունիկ» խաղալու տարիքից եւ ուղղել այնպիսի խնդիրների հաղթահարմանը, ինչպիսիք են համասեռամոլությունը եւ սեռական նույնականացումը. «Երբեմն տղան այնքան է կապվում մոր հետ, որ սկսում է կանացի վարք դրսեւորել: Կամ երբ քույրիկներն ու մայրը տղային բանտիկ են կապում, հետագայում առաջանում են սեռական վարքի խանգարումներ»: Հոգեբանը հավելեց, որ սեռական ճիշտ դաստիարակությունը կախված է ծնողների համապատասխան մոտեցումից. «Հայաստանում չկա այնպիսի ընտանիք, որ չունենա սեռական կյանքի խնդիրներ: Միայն Հայաստանում կարելի է հանդիպել 48 տարեկան կույսերի»: Իսկ Կ. Վարդանյանն ընդգծեց, որ սեռական դաստիարակության նկատմամբ սխալ պատկերացում է ձեւավորվում հենց «սեռական» բառից, որն անմիջապես ասոցացվում է սեքսի հետ: «Մինչդեռ հարցը վերաբերում է անձի սեռական վարքի հոգեբանական առանձնահատկություններից մինչեւ վերարտադրողական օրգանների գործունեությանը»,-նշեց սեռավարակաբանը եւ հավելեց, որ սեռական դաստիարակությունը նոր տերմին չէ: «Սովետական շրջանում անցել ենք անատոմիա, բայց սեքսի թեման տաբուի տակ է դրված եղել: Իսկ հիմա Հայաստանն առաջինն է համարվում` ինտերնետով «պոռնո» բառի որոնման հարցում: Արդյունքն էլ ոչ թե մասնագիտական նյութեր են, այլ ազատ սեքսը պրոպագանդող պոռնոգրաֆիկ ֆիլմեր ու տեսահոլովակներ»,- նշեց նա:

Ս. Խուդոյանը խորհուրդ տվեց սեռական կյանքով ապրել 18 տարեկանից հետո. «Իսկ ամուսնության համար ճիշտ տարիքը 25-ն է: 15-20 տարիքում զավակ ունենալու դեպքում մեծ է թերզարգացած երեխա ծնելու հավանականությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031