Այսօր երեկոյան վարչապետ Տիգրան Սարգսյանը Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում հանդիպելու է գյումրեցիների հետ: Սակայն, ինչպես տեղեկացնում են մեր ՀՀԿ-ական աղբյուրները, մինչ պաշտոնական հանդիպումը, կառավարության ղեկավարը քաղաքական վերնախավի` մի քանի նախարարների ու պատգամավորների հետ մասնակցելու է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր, Արման Սահակյանի ծննդյան 34-ամյակին, որը նշելու են Գյումրիում՝ Վարդան Ղուկասյանին պատկանող «Օազիս» ռեստորանում:
Նշենք, որ Արման Սահակյանը թեև կուսակցական չէ, սակայն ՀՀԿ-ի աջակցությամբ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Գյումրիում` թիվ 34 ընտրատարածքում` այսպիսով դուրս գալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի դեմ:
Aravot.am-ը այս տեղեկությունները փորձեց ճշտել նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մամլո քարտուղար Աննա Թադևոսյանից: Վերջինս հաստատեց մեր տեղեկությունը` հավելելով, որ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը երեկ իր ծնունդը նշել է Երևանում, այսօր կնշի Գյումրիում` «Օազիսում»: Մեր այն հարցին էլ, թե վարչապետն այսօր հրավիրվա՞ծ է, մամլո քարտուղարը պատասխանեց` «Դե, իհարկե»:
Ի դեպ, Արման Սահակյանի քարոզարշավը Գյումրու բուհերում սկսել էր անել նրա ընկերը` Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անձամբ առիթ ենք ունեցել տեսնելու, թե ինչպես նախարարը դեռ 3 ամիս առաջ Երևանի Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողներին ծանոթացնում էր գործարարի հետ` նրա արժանիքները գովերգելով:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ