Լրահոս
Օրվա լրահոսը

Շոկոլադը օգտակար է, երբ չի չարաշահվում

Մարտ 06,2012 13:39

Շոկոլադ սիրում են բոլորը՝ թե մեծերը, թե փոքրերը: Սակայն, ըստ մասնագետների, շոկոլադի (ընկուզեղենով եւ այլ նյութերով շոկոլադը) չարաշահումը բերում է ավիտամինոզի, լեղապարկի հիվանդության, խոլեցիստիտի (շնորհիվ տապակած ընկուզեղենի), առաջին տիպի շաքարային դիաբետի, սնկային հիվանդությունների (քանի որ շաքարը մեծացնում է խմորիչների քանակը), մարսողական՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների (գաստրիտ, էնտերիտ եւ խոցային կոլիտ), ալերգիայի եւ սրտանոթային համակարգի հիվանդությունների (շաքարի ավելցուկի եւ մնացած անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով):

«Շոկոլադը գայթակղիչ է իր տեսքով եւ համով, սակայն եթե ցանկանում ես հիվանդանալ՝ շատ շոկոլադ օգտագործիր»,- մեզ հետ զրույցում ասաց դեղագետ Լուսինե Չոբանյանը:

Բժիշկները հավաստիացնում են, որ միայն սեւ շոկոլադն է, որը, ի տարբերություն մյուս տեսակների ու հատկապես սպիտակի, պարունակում է մեծ քանակությամբ կակաոյի փոշի, սպիտակուց, ճարպ, ածխաջրատ, կախետին, վիտամիններ PP, B1, B2, E, պոլիֆենոլ, կալիում, կալցիում, մագնեզիում (որոնց պակասի դեպքում առաջանում են անքնություն, խրոնիկական հոգնածություն, միգրեն եւ այլ հիվանդություններ), նատրիում, ֆոսֆոր եւ երկաթ: Սեւ շոկոլադը, պոլիֆենոլի շնորհիվ, օժտված է հակաքաղցկեղային հատկությամբ ու օգտակար է օստեոպոռոզի, փորկապության, արթրիտի եւ ցավոտ նախադաշտանային համախտանիշի դեպքում: «Այն արտազատում է էնդորֆիններ, որոնց շնորհիվ առաջանում է գոհունակության եւ բավարարվածության զգացում՝ նվազեցնելով ցավի նկատմամբ զգայունությունը»,- բացատրում է թերապեւտ Անահիտ Հովհաննիսյանը: Ըստ նրա՝ սեւ շոկոլադի չափավոր կիրառումը նվազեցնում է կաթվածի հավանականությունը եւ իջեցնում խոլեստերինը արյան մեջ՝ 39 տոկոսով նվազեցնելով հիպերտոնիան (բարձր ճնշումը):

Մուգ շոկոլադը կարող է կանխել նաեւ կարիեսի առաջացումն ու ատամների փչացումը՝ շնորհիվ կակաոյի հակամանրէային հատկության՝ «սննդակարգում օգտագործած օրական 25-30 գրամ շոկոլադը կանխարգելում է քաղցկեղային հիվանդություններն ու բարելավում արյունատար անոթների գործունեությունը»,- հավելեց թերապեւտ Ա. Հովհաննիսյանը:

Իսկ դիմահարդար Մանե Հովսեփյանի փոխանցմամբ էլ՝ մուգ շոկոլադը կարելի է օգտագործել դեմքի, մազերի (վիտամին E-ն խոնավեցնում է գլխամաշկը եւ սնուցում մազերի ծայրերը) խնամքի եւ ցելյուլիտից ազատվելու համար:

Գուցե շոկոլադի մասին կարծիքները տարբեր են կամ հակասական, բայց հոգեբաններն էլ խորհուրդ են տալիս չհրաժարվել այդ հրաշալի քաղցրավենիքից՝ չչարաշահելով այն, քանի որ շոկոլադը դրական ազդեցություն է ունենում մեր տրամադրության վրա:

ԵԼԵՆԱ ՉՈԲԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031