Օրերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած Բալետի երեկոն այս տարի թվով երրորդն էր: Ինչպես նախորդ, այնպես էլ այս անգամ «Առավոտը» թատրոնի խաղացանկային ներկայացումներից ընտրված համարների թվում արձանագրեց մի քանի ժամանակակից բեմադրություններ, որոնք իրականացրել են բալետային խմբի որոշ առաջնակարգ մենապարողներ: Բրավոներով ընդունվեց հատկապես Scorpions խմբի Still Loving You երգի բեմադրված համարը: Այս հանրահայտ ստեղծագործությունը պարի էին վերածել եւ ներկայացրին մենապարողներ Սյուզի Փիրումյանը եւ Յու. Գրիգորովիչի անվան միջազգային մրցույթի դափնեկիր Սեւակ Ավետիսյանը: Նշենք, որ բարձրակարգ այս բալետի արտիստները իրենց շուրջ տասնամյա բեմական գործունեության ընթացքում ընդգրկված են թատրոնի խաղացանկային համարյա բոլոր ներկայացումներում:
Սյուզի Փիրումյանը շեշտեց, որ պարը, մարդկության պատմության հնագույն արվեստներից մեկը լինելով, շարժումների ու դիմախաղի արդյունք է, ինչն էլ իր հերթին կապված է արտաքին աշխարհի՝ մարդու զգացմունքային ընկալման հետ. «Բալետը, որպես բարդ սինթետիկ բեմադրական արվեստ, ծագել է Վերածննդի դարաշրջանում, զուգահեռ զարգանալով Իտալիայում եւ Ֆրանսիայում: Բալետի պրոֆեսիոնալ ուսուցումը առաջացել է հյուսիսային Իտալիայում, ուր ի հայտ եկավ պարուսույցի մասնագիտությունն ու ստեղծվեցին տեսական աշխատություններ»: Կոլեգայի խոսքը շարունակելով՝ Սեւակ Ավետիսյանը տեղեկացրեց, որ 1581թ. Փարիզում բեմադրվեց մի ներկայացում՝ «Թագուհու կատակերգական բալետ», որն ընդունված է համարել առաջին բալետը պատմության մեջ: Բեմադրողն էր ջութակահարների խմբի ղեկավար, բալետմայստերական ձիրքով օժտված Բալթագարինի դը Բելթուգոնը: «Պատմությունը ցույց է տվել, որ հենց բալետի արտիստներն են հետագայում դարձել ճանաչված խորեոգրաֆներ: Օրինակ, ֆրանսիացի պարողներ Ժան Դոբերվալը, Օգյուսո Վեստրիսը, Ֆաննի Էլսլերը, իտալացիներ Կարլո Բրազիսը, Սալվատորե Վիգանոն, Ֆիլիպ Տալիոնին, ամերիկացի աշխարհահռչակ Ջորջ Վալանչինը, ֆրանսիացի Մորիս Բեժարը եւ ուրիշներ»,- փաստեց Ս. Ավետիսյանը:
Դառնալով մեր ժամանակներին, բալետի արտիստները նշեցին խաղացանկային որոշ ներկայացումներ, որոնք իրականացրել են նախկինում անվանի պարողներ, այսօր խորեոգրաֆներ Վիլեն Գալստյանը (Մինկուս՝ «Դոն Կիխոտ», Խաչատրյան՝ «Գայանե») եւ Ռուդոլֆ Խառատյանը (Պրոկոֆեւ՝ «Ռոմեո եւ Ջուլիետ», «Կրքեր ըստ Բախի», Գոթան Պրոջեքթ՝ «Տանգո» եւ այլն): Հետաքրքրությանը՝ մտադի՞ր են ավելացնել իրենց բեմադրությունների թիվը եւ շարունակելո՞ւ են միասին իրականացնել դրանք, մեր զրուցակիցները հայտնեցին, որ «մտերմացել» են հատկապես Յու. Գրիգորովիչի՝ Երեւանում բեմադրված «Սպարտակի» ժամանակ, սկսած գործն էլ շարունակելու են, քանի որ իրենց առաջին աշխատանքը արժանացել է նախ՝ թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի «դաբրոյին», հետո էլ զգացել են հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը: Ոգեւորված իրենց առաջին բալետմայստերական աշխատանքից էլ, երիտասարդ պարողները ցանկություն ունեն համարներ բեմադրել Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի, Տիգրան Մանսուրյանի եւ մյուսների երաժշտությամբ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ