Յուրաքանչյուր ժողովուրդ իր պատմության ընթացքում գոնե մեկ անգամ իր կռիվը պիտի մինչեւ վերջ տա: Աշխարհի ուժեղներն այդ բանն արել են միջին դարերում, մյուսները` ավելի ուշ, եւ յուրաքանչյուրն ըստ արժանավույն իր տեղն ու դերն ունի այս արեւի տակ: Մենք, ցավոք, մեր բոլոր կռիվների կեսին հոգնել, անտարբեր ենք դարձել, պառակտվել ենք: Արդյունքում… ընդամենը գոյատեւման կռիվ ենք տալիս: Մաքառում ենք պետականության ձեւավորման համար: Տասնյակ հարյուր տարով ետ ենք ընկել ծաղկող-բարգավաճող երկրներից:
Հայ ժողովուրդը վերջին տարիներին սխրանք է գործել, եւ անչափ ցավալի, ճակատագրական կլինի, եթե թյուրիմացությունների, անվստահության, անմիաբանության պատճառով հանկարծ տանուլ տանք արյունով ու մաքառումներով ձեռք բերվածը:
Հավատի ու վստահության կորուստը տանում է հոգեւոր մթնոլորտի դատարկության, որը հանգեցնում է բարոյազրկման: Բարոյազրկված հասարակությունը լուռ ու անխոս նախ պարտվում է ինքն իրեն, ապա ծրագրված դրսի ուժերին, որոնք պատերազմ են հրահրում հենց այն պահին, երբ իրենց հաջողությունը տեսանելի է: Պատերազմը բիզնես է չպատերազմող ուժերի համար, ու նրանք նախ մոռացության են մատնում անցած պատերազմը եւ ապա նորը ծրագրում: Իր իսկ ապրած պատերազմն արագ մոռացող ժողովուրդը կորցնում է հաջորդ քայլի ընկալումը եւ դատապարտված է նոր պատերազմ ապրելու: Հաջորդ քայլի ընկալումը կորցրած ժողովուրդը չի կարող հաղթել պատերազմում: Պատերազմում հաղթելը հոգու եւ որակի խնդիր է: Հաղթելու համար հաջորդ քայլի հստակ ընկալում է պետք: Երբ հաղթած երկրում հաղթողները սկսում են պարտվել, նշանակում է վերջնական արդյունքում երկիրն է պարտվում, որովհետեւ դրսի ուժերը օգտագործում են պահը եւ ստիպում են, որ ինքդ քեզ պարտվես: Պարտությունը դառնում է անխուսափելի, երբ չես գտնում հաջորդ քայլը եւ անորոշությունը խճճում է քեզ:
Խորհրդային կայսրության փլուզման եւ խորհրդային ժողովուրդների ազգային-ազատագրական զարթոնքի տարիներին ազգային հանրապետությունների անկախության գործընթացի ծանր ու պատասխանատու ժամանակաշրջանում մենք կարողացանք ոչ միայն անցնել անկախության գողգոթան, այլ նաեւ Արցախի շուրջ մեր պատմական տարածքներում ստեղծել անվտանգության գոտի:
Կարդացեք նաև
Այդ ժամանակ մենք չունեինք հաջորդ քայլի երկընտրանք եւ ընթանում էինք առաջ: Հիմա, պատերազմից տարիներ հետո, հետպատերազմյան խաղաղության ժամանակ մեր առջեւ դրված է գողգոթայի զրկանքներով վաստակածը պահելու խնդիր եւ մենք կանգնած ենք երկընտրանքի առջեւ ու չգիտենք, չենք գտնում հաջորդ քայլը: Հաջորդ քայլի պրպտումն ու վճռականության պակասը տակն ու վրա է անում մեր հասարակությանը եւ ելք չենք գտնում: Քաղաքականության մեջ զգացմունքները պետք է ստորադասված լինեն բանականությանը, որ բանականությունը գործի հաջորդ քայլի վստահությամբ: Ո՞րն է մեր հաջորդ քայլը, մեր` 21-րդ դար մտած պետության հաջորդ քայլը: Այսօր ավելի շատ այս հարցն է հուզում մեր հասարակությանը: Հուզում է… ու ոչ ոք չի համարձակվում հաջորդ քայլի կոչն անել: Ոչ ոք չի համարձակվում, որովհետեւ չկա նա, ով ինքն իրեն հաղթած հաղթանակի է տանելու նաեւ հասարակությանը, վստահեցնելով հաջորդ քայլի իր ճշտության մեջ:
Հայկական ժողովրդավարությունից հիասթափված հայ հասարակությունը զանգվածներին առաջնորդող նոր հերոս է որոնում: Սթափության կոչն ու անկեղծ երկխոսությունն անհրաժեշտ են, որովհետեւ տարածաշրջանի սպասող զարգացումները մեզանում քաղաքական բարձր գիտակցության դրսեւորում են պահանջելու ոչ միայն մեր պետական պաշտոնական այրերից, իշխանամետ եւ ընդդիմադիր հասարակական-քաղաքական կազմակերպություններից, այլ նաեւ ազգի համար քիչ թե շատ մտահոգվող յուրաքանչյուր անհատից: Ընդ որում, այսօր ավելի քան երբեւէ, որովհետեւ վատ բաներ են կատարվում աշխարհում:
Ով պիտի իր վրա վերցնի պատասխանատվությունը եւ կատարի հաջորդ քայլը, համոզված լինելով, որ արժանանալու է պատմության ճիշտ գնահատականին: Իսկ մինչ պատմության գնահատականին հասնելը դիմանալ է պետք ժամանակակիցների վախվորած տրտունջներին ու կռիսական բնազդներով ապրողների քարկոծումներին:
Հազարամյակների մշակույթ ունեցող հայերս, որ հոգեկերտվածքով եւ բնաշխարհագրությամբ եւ արեւելք ենք եւ արեւմուտք, արդեն Եվրախորհրդի անդամ ենք ու կանգնած ենք հաջորդ քայլը կատարելու երկընտրանքի առջեւ: Կանգնած ենք ու չկա նա, ով իր վրա վերցնելով հասարակության բազում շերտերի զահյրույթն ու համակրանքը բոլորիս անունից կկատարի հաջորդ քայլը: Չի կարելի այս պատերազմում պարտվել, հատկապես երբ արդեն հաղթել ես:
Մենք ինքներս մեր հաղթանակի համը հարամ արեցինք մեզ ու դեռ այն չճաշակած սկսեցինք մերժել: Ազգային ազատագրական զարթոնքի օրերին հաջորդ քայլերի շարանն ու մեր վճռականությունը մեզ հասցրեց պարտադրված պատերազմի: Պարտադրված պատերազմի ժամանակ իրար հաջորդող քայլերի շարանը մեզ հասցրեց Իրանի սահմանին եւ Միրբաշիրի խաղողի այգիներին: Տղերքն ասում են, թե անգամ Կիրովաբադի լույսերն էին երեւում: Սակայն մեր ազգը վերջապես սովորեց, մեր ժողովուրդը վերջապես սովորեց ավելի շատ գործ անել, քան խոսել: Խոսելու ժամանակը միշտ կգա: Սրանք Վազգենի ձեւակերպումներն են, այն ժամանակ, երբ մենք ջարդում էինք հակառակորդի մռութն ու առաջ մղվում եւ ոչ ոք մեզ ագրեսոր չէր անվանում: Որովհետեւ հաջորդ քայլերի վճռականությունը մեր դիվանագիտությունը դնում էր միջազգային հաջող ռելսերի վրա:
Վազգենն ուժեղ անհատականություն էր ու ցանկացած իրավիճակում` կոտրելով լռության ծանրությունը, չվախենալով պատմության վրիժառությունից, հաջորդ քայլը վերցնում էր իր վրա: Ֆիդայի, զինվոր, զորավար ու վարչապետ Վազգենն ուժեղ անհատականություն էր եւ իրարից տարբերելով խոսելու եւ գործելու ժամանակը, միշտ պատրաստ էր հաջորդ քայլի: Հաջորդ քայլին պատրաստ լինելով նա միշտ մերժում էր հուսահատությունն ու անորոշությունը: Անորոշության այս կծիկը, որ կոչվում է հարաբերական խաղաղություն, ավելի անտանելի է, քան պատերազմը: Մեր ժողովուրդը երբեք չի վախեցել պատերազմից, երբեք չի խուսափել պատերազմից, բայց ցավոք երբեք էլ իր պատերազմը մինչեւ վերջ չի տարել, որովհետեւ կորցրել է հաջորդ քայլի վճռականությունը:
Վազգենն ինքնապաշտպանության տարավ մեր սերնդին ու դարձավ Պաշտպանության նախարար: Բայց Վազգենը միայն Պաշտպանության նախարար չէր, այլ նաեւ մեր պաշտպանական համակարգն էր եւ դրա համար էլ ուժեղ էր: Դրա համար էլ մեր բանակը ընդամենը 10 տարում ոչ միայն կայացավ, հաղթանակեց, այլ նաեւ տնտեսությունից առաջ ընկավ: Իսկ պատերազմը բոլորի համար ավարտվել էր, բացի Վազգենից: Վազգենը, ոչ միայն հավատում էր ապագային, այլ նաեւ ընկալում էր ապագայի ձայնը, որովհետեւ նրա համար ներկայի եւ ապագայի միջեւ ընկած տարածությունը թափանցիկ էր ու տեսանելի: Այնքան տեսանելի, որքան ներկան: Նա մեր ժողովրդի զարթոնքի շնչառությունն էր` մեզ շարունակ հաջորդ քայլի տանող ուժը: Ու ապագայի հանդեպ վստահությունը նրան տարավ վարչապետության, այսինքն` տարավ երկրի տնտեսական հզորացման քայլին: Որովհետեւ հզոր բանակ ունեցող երկիրը չի կարող ունենալ թույլ տնտեսություն: Տնտեսությունը պիտի հզորացնի բանակին, ոչ թե բանակը տնտեսությանը: Իրողության ճիշտ ընկալումն ու իրադարձությունների հավանական զարգացումների կանխատեսումը նրան մղում էին ավելի մեծ միջոցառումներ ձեռնարկելու ու երկրին ու ժողովրդին սպառնացող մոտ ու հեռու վտանգների դեմն առնելու: Երկրի վիճակը ծանր է բայց ոչ անհուսալի: Նա այսպես եւ հպարտորեն փորձում էր հայկական նավը հանել միջազգային նավարկության: Համայն հայությունն արդեն նրա մեջ տեսնում էր իր դարավոր երազանքների մարմնավորումը եւ սիրով ու հավատով էր ուզում հազարամյակի ղեկը վստահել նրան: Ես լավատես եմ: Ես հավատում եմ: Էս երկիրը երկիր է դառնալու: Դրա համար մի բան է պետք` օգտագործել շանսը, չապավինել հայոց վերջին խելքին գործադրել այն այսօր, այս պահից եւ հավատացեք, 21-րդ դարը մերն է լինելու: Նրա այդ «մերի» մեջ եւ ինքն էր եւ մենք էինք, բայց ինքն էր «մերի» առաջնորդը, «մերի» հաջորդ քայլի դրոշակակիրն ու նաեւ մեր երազանքների արտահայտիչը: Սպարապետը, միայն Սպարապետը հանդգնեց Հայաստանը, հայ ժողովրդին տանել այն ծրագրով, որը գերտերությունները բացառություն էին արել Թուրքիային` Կիպրոսի հարցերով, եւ Իսրայելին արաբական երկրների տարածքներում:
Հնամյա եւ քաջարի հայ ժողովրդի արժանի զավակ Սպարապետ Վազգեն Սարգսյանը դուրս եկավ գործողությունների ազատության տարածք եւ խախտեց իր իսկ բառերով ասած. թույլատրելի հայրենասիրության սահմանագիծը:
Աշխարհի տերերին բնավ դուր չեկավ, որ «թույլատրելի հայրենասիրության» սահմանագիծը խախտած հայոց Սպարապետը դառնում է հայոց երկրի վարչապետ, որովհետեւ, նրանք շատ լավ էին հասկանում, վարչապետի առավելությունը Սպարապետի հանդեպ, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կարող էր հայ ժողովրդին հաղորդել ինքնուրույն գործելու ինքնավստահություն ու սեփական խնդիրները կարգավորել կարողանալու ուժ ու հավատ այդ ուժի հանդեպ: Սակայն 99-ի հոկտեմբերյան լիալուսնի օրը կրակեցին բոլորիս երազանքների վրա: Կրակեցին, որպեսզի հայն այլեւս չունենա իրականության ռելսերի վրա դրված հեռվում ուրվագծվող ու մարմնավորված երազանք: Կրակեցին, որ երկիր Նաիրին մնա որպես հավերժական միֆ կամ հիվանդ ուղեղի զառացանք, եւ հայը կորցնի արիական ցեղի հաջորդ քայլի իրական ընկալումը: «Հոկտեմբերի 27»-ը հայի թշնամու հաջորդ քայլն էր: «Հոկտեմբերի 27»-ից հետո «Մայր Հայաստան» հուշակոթողը ճոճվում է: Ճոճվում է աննկատ, փափկակենցաղ ու կարճաժամկետ կանխատեսումների սիրահար, իրենց անցյալը մոռացող ու եկամուտների ամենօրյա հաշվարկով տարված մարդկանց համար անտեսանելի ճոճքով, որովհետեւ Հայաստան պետության հոգին է գնդակահարվել եւ երկընտրանքը խեղդում է հային, ու մենք այլեւս մեր մեջ ուժ չենք գտնում հաջորդ քայլը ճիշտ կատարելու համար:
Մեր շարժումն սկսվել էր ոգեւորության եւ սիրո ալիքի վրա եւ չէր կարելի բոլորիս հասցնել ատելիության այս մակարդակին: Մեզ հազարամյակների դեգերումից հետո վերջապես մի անգամ հնարավորություն է տրված, որ մենք ինքներս մեր ճակատագիրը մեր զենքով, մեր ուժերով պահպանենք: Եթե մենք այս անգամ էլ դա չանենք, ապա սա կլինի վերջին անգամ: Արթնացեք, ապավինեք ձեր ուժին ու արժանապատվությանը: Ագռավաքարից դուրս գալու ժամանակն է: Բայց ագռավաքարից դեռ ամբողջությամբ դուրս չեկած մենք նորից հետ գնացինք դեպի ագռավաքարի անդունդը, որովհետեւ համարձակություն չունեցանք առճակատվելու ճակատագրի հետ, որովհետեւ «հոկտեմբերի 27» ապրեցինք ու դրան հաջորդած տարիներ:
Դժվար է առանց Վազգեն Սարգսյանի, որովհետեւ ապագայի հանդեպ ունեցած հավատով նա միշտ պատրաստ էր` խախտելով լռության կարծրութունը, իր վրա վերցնել հաջորդ քայլի պատասխանատվությունը: Ճիշտ եմ արել, որ կենաց ու մահու ընտրության կոչով եմ դիմել:
Երբ նա այլեւս, եւ դեռ չկա, ո՞վ է խախտելու լռությունը եւ մեզ մղելու հաջորդ քայլին: Ո՞վ է մեզ հրամցնելու խոսելու ու գործելու ժամանակների տարբերությունը, պատերազմի ու խաղաղության տարբերությունը, որ արյան ու զոհերի գին ունի: Մեծն Նժդեհն ասում է` Յուրաքանչյուր ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր հոգեբարոյական ուժերի մղումով: Դատելով նժդեհյան այս ձեւակերպումից, այսօր մենք այնտեղ ենք, ուր մեզ հասցրել է լռության քաղաքականությունն ու հաջորդ քայլի անկասելի ձգտումը կամ գուցե աշխարհաքաղաքական պարտադրանքը: Սթափվել է պետք, պատերազմը դեռ չի ավարտվել: Պատերազմը դեռ չի ավարտվել եւ ոչ մի հռչակագիր մեզ չի երաշխավորի նոր պատերազմից: Սթափվել է պետք, որովհետեւ տարածաշրջանը դարձել է կռվախնձոր ու հռչակագրերի մրցույթ է ընթանում: Հասարակությունը մտահոգ է: Մտահոգությունը Արցախի ճակատագիրն է:
Արդյո՞ք այս նոր ազգափրկիչները մի օր հասկանալու են, որ հայ ժողովրդի պայծառ ապագան ոչ տարածքների զիջման մեջ է, եւ ոչ էլ նոր պատերազմի, որը տասնապատկելու է որբերի եւ այրիների քանակը եւս անգամ սեւ հագցնելով սոցիալական բեռի տակ կքած հայոց մայրերին: Ի՞նչ անենք, որ պատերազմը բիզնես է չպատերազմող ուժերի համար:
Սթափվել է պետք, առջեւում ծանր անակնկալներ կան:
Պատմության վրիժառության առաջ չկանգնելու համար, հաջորդ քայլի կատարման պատասխանատվությամբ հոգեվերանորոգման գործընթաց է պետք սկսել այսօր, որովհետեւ վաղը ուշ կլինի: Կործանման է դատապարտված այն ժողովուրդը, որն իր տականքին բարձրացնում է վեր եւ տականքների չափանիշներով է մրցապայքարի մտնում այլ ժողովուրդների հետ: Մենք այսօր այդ հարթակի վրա ենք ու մեր հաջորդ քայլերը որոշելու են նրանք, ովքեր 88-ին թաքնված էին տաքուկ անկյուններում, ովքեր վեր են բարձրացել «հոկտեմբերի 27»-ից հետո: Գեղեցկախոս ազգափրկիչների վերամբարձ ու բազմիմաստ ճառերով ոչ միայն հայրենիք չի փրկվել, այլ հող չի պաշտպանվել, անգամ տնամերձ հողամաս: Հաջորդ քայլի ընկալման վախվորության պատճառով ազատ, անկախ եւ միացյալ հայրենիքի միֆը նորից ոտնատակ կընկնի, քանզի Արարիչը քաղաքական գործիչ չէ, որ նախօրոք հայտարարի, թե ե՞րբ ու ո՞ւմ մեջ է վերամարմնավորելու «վերջին ֆիդայի ու առաջին զինվոր» Վազգենի ոգին:
Արթնացեք, ապավինեք ձեր ուժին, այսօր առավել քան երբեւէ մեզ Վազգենն է հարկավոր:
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ