Լրահոս
Օրվա լրահոսը

Որդիս տարվել է ոստիկանություն՝ ենթարկվել խոշտանգումների

Մարտ 06,2012 13:26

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին

Դիմում եմ Ձեզ՝ որպես ՀՀ-ում արդար դատավարության իրականացման երաշխավորի:

Որդիս՝ Ստեփան Հովակիմյանը, արդեն երկու տարի է՝ գտնվում է կալանքի տակ: Նա մեղադրվում է իր ընկերոջ՝ Վահրամ Քերոբյանի հետ միասին «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ. հունվարի 10-ին կատարված գողությունը կազմակերպելու ու իրականացնելու մեջ: Քրեական գործը գտնվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանում (դատավոր՝ Մխիթար Պապոյան):

Գողությունը կատարվել է 2010 թվականի հունվարի 10-ին, իսկ քրեական գործը հարուցվել է փետրվարի 6-ին։ Այս ընթացքում որդիս երկու անգամ, առանց պատշաճ ծանուցման, տարվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ենթարկվել խոշտանգումների: Բերման ենթարկելու մասին որեւէ արձանագրություն չի կազմվել: Երրորդ անգամ՝ արդեն փետրվարի 6-ին, զրուցելու պատրվակով նա կանչվել է քաղաքային վարչություն, 7 ժամ շարունակ ենթարկվել ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգումների: Չի ապահովվել փաստաբանի ներկայություն, չեն ներկայացվել նրա՝ որպես կասկածյալի իրավունքները, հնարավորություն չի տրվել տեղյակ պահել ընտանիքի անդամներին: Բռնի մեթոդներով կորզված ինքնախոստովանական ցուցմունքը միակ ապացույցն է, որն այսօր քրեական գործի հիմքում է: Միայն այդ ցուցմունքի հիման վրա ձերբակալվել է նաեւ նրա ընկերը՝ Վ. Քերոբյանը:

Ոստիկանության ապօրինի գործողությունների, խոշտանգումների վերաբերյալ որդիս՝ Ս. Հովակիմյանը եւ պաշտպան Տ. Սաֆարյանը դիմել են գործին առնչվող բոլոր ատյաններին՝ նախաքննությունը վարող քննիչին, կալանքի որոշումը կայացնող դատավորին, դատավարությունը իրականացնող դատավորներին, դատախազությանը, հատուկ քննչական ծառայությանը: Մեկ տարի անց, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին դիմելուց հետո, պատկան մարմինները արձագանքեցին խոշտանգումների եւ ապօրինի գործողությունների վերաբերյալ հայտարարություններին՝ լսելով սակայն միայն ոստիկանների միակողմանի բացատրությունները՝ ապօրինությունները արդարացնելու ակնհայտ միտումով:

Հարգարժան պարոն գլխավոր դատախազ, տվյալ դեպքում ակնհայտորեն խախտվել են արդար դատաքննության եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները: Հավատացնում եմ Ձեզ, որ քրեական գործում առկա են բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են ոստիկանների ապօրինի գործողությունների եւ հնարավոր խոշտանգումների մասին, սակայն մեր կողմից ներկայացված փաստերը հաշվի չեն առնվում:

Գործը կազմելիս քննիչը առաջնորդվել է ոչ թե անմեղության կանխավարկածով, այլ՝ գողությունը այս տղաների կողմից կատարված լինելու ենթադրությամբ: Քրեական գործի բոլոր դրվագները թերի են եւ փաստերով չհիմնավորված, վերլուծությունները անհամոզիչ են եւ, ակնհայտորեն, կառուցված են մեղադրանքը «անցկացնելու» միտումով: Այս պատճառով էլ, դատարանին ներկայացրել ենք եւ ցանկություն ունենք ներկայացնելու գործի հանգամանքները պարզող մի շարք միջնորդություններ: Դատավարությունը անհարկի ձգձգվում է, որի հետեւանքով խախտվում է ողջամիտ ժամկետում գործի հրապարակային քննության իրավունքը: Արդեն երկու տարի է՝ որդիս կալանավորված է: Կայացել է 55 դատական նիստ, եւ պարզ չէ, թե դեռ որքան կշարունակվի: Ակնհայտ է՝ ոչ մի բացատրություն չի կարող արդարացնել այս փոքրիկ գործի՝ երկու տարուց ավելի ձգձգվելու հանգամանքը:

Խոշտանգումների միջոցով ինքնախոստովանական ցուցմունք կորզելը, առանց հիմնավորումներ հրապարակելու՝ կասկածյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելը, ոստիկանության ապօրինությունների վերաբերյալ մեր ներկայացրած փաստերը ՀՔԾ-ի կողմից անտեսելը, դատավարության ժամկետների անտրամաբանական ձգձգվելը եւ մի շարք այլ հանգամանքներ փաստում են արդարացի դատավարության իրավունքի խախտումները:

Միայն հիշեցնեմ՝ այս գործի առնչությամբ դեռ անցած տարի Ձեզ են դիմել հանրապետության ճանաչված մտավորականներ ու հասարակական գործիչներ, համատեղ հայտարարություն են տարածել Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը:

Հարգարժան պարոն գլխավոր դատախազ, Ձեզ ուղղված նամակ-դիմումս չեմ ուզում ծանրացնել մանրամասներով: Քրեական այս գործը հասարակական հնչեղություն է ստացել եւ լայնորեն քննարկվել է մամուլում (նաեւ՝ https://stepanhovakimyan.wordpress.com):

Անհրաժեշտության դեպքում քրեական գործում առկա թերությունների եւ բացթողումների, ինչպես նաեւ խոշտանգումների վերաբերյալ պատրաստ ենք ներկայացնել բազմաթիվ այլ մանրամասներ:

Ակնկալում եմ, որ կփոխվի Ս. Հովակիմյանի խափանման միջոցը՝ կալանավորումը կփոխարինվի գրավով, անթույլատրելի կճանաչվեն բռնության եւ ճնշումների միջոցով ստացված ապացույցները, կապահովվի արդար դատաքննության իրավունքի իրականացումը, կկատարվի խոշտանգումների վերաբերյալ հայտարարությունների լիարժեք քննություն:

Ուղարկում եմ նաեւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտի համատեղ հայտարարությունը:

ԲԵՆԻԱՄԻՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
ՀՀ քաղաքացի

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031