Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ գումար եմ բաժանելու, ոչ DVD. ոչ մի բան»

Մարտ 06,2012 13:24

Ասում է ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը

ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատուն երեկ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում մամուլի ասուլիս էր հրավիրել՝ պաշտոնապես տեղեկացնելու, որ ինքը մեծամասնական ընտրակարգով նորից է առաջադրելու իր թեկնածությունը թիվ 34 ընտրատարածքում: Նշենք, որ այդ նույն ընտրատարածքում մեծամասնական կարգով, ՀՀԿ-ի դաբրոյով մտադրություն ունի իր թեկնածությունն առաջադրել նաեւ երեւանաբնակ գործարար, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը: «Այս օրերին քաղաքում ինչ-որ խմբեր են շրջում, որոնք ներկայանում են որպես Մարտուն Գրիգորյանի գրասենյակի անդամներ, շրջում են տնետուն ու փորձում մարդկանց թյուրիմացության մեջ գցել, ապատեղեկատվություն տարածել, թե ես իբր իմ թեկնածությունը չեմ առաջադրելու»,- նեղսրտեց պատգամավորը: Նրան նաեւ վրդովեցրել է այն, որ այդ նույն խմբերը քաղաքում խոսակցություններ են տարածում, թե պատգամավորը պատրաստվում է ածուխ, ալեհավաքներ ու DVD-ներ բաժանել: «Ես մարդկանց խորհուրդ չէի տա նմանատիպ պայքարի մեջ մտնել, ես ոչ մի բան չեմ բաժանել ու չեմ էլ պատրաստվում բաժանել, հայտարարում եմ՝ ոչ գումար, ոչ DVD. ոչ մի բան: Էն մարդիկ, որոնք էսպես լարված սպասում են, թե Մարտուն Գրիգորյանը ինչ է անելու, հիասթափեցնելու եմ՝ նմանատիպ բաներ չեն լինելու. 5 տարի շարունակ աշխատել եմ ժողովրդի հետ, 5 տարի շարունակ արել եմ, բաժանել եմ, տվել եմ, ինչ հնարավորություն ունեցել եմ, էս ընթացքում ես արդեն դադարեցնում եմ իմ՝ նմանատիպ ակցիաները, քանի որ դիմացը ընտրություններ են»,- ասաց բանախոսը:

Պատգամավորը նախազգուշացրեց, որ եթե այսպես շարունակեն, ապա հակաքարոզչություն անողների հետ իրենք շատ խիստ կվարվեն: «Առավոտ»-ը Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ եթե իր թեկնածությունն առաջադրելու է մեծամասնական ընտրակարգով, ինչո՞ւ օրերս խորհրդարանում դեմ քվեարկեց այդ նույն ընտրակարգին: «Այո, ես դեմ քվեարկեցի մեծամասնական ընտրակարգին, ցանկանում եմ Հայաստանը անցնի համամասնական ընտրությունների, որպեսզի տեղում լարվածություններ, թիմերի միջեւ թշնամանք չլինի: Էսօր բոլորս լավ գիտենք՝ ընտրություններ են. կուսակցություններն ակտիվանում են, լարվածություն, չգիտեմ՝ վերջում ով ինչ է պայմանավորվում, ինչ եզրահանգման են գալիս, էստեղ թշնամանք է մնում երկու թիմակիցների միջեւ: Տարիներ շարունակ ընտրությունները անցնում են, թիմերը կոալիցիա են կազմում, նորմալ աշխատում են, համագործակցում են, լավ բարեկամական հարաբերություններ, իսկ էստեղ՝ քաղաքում, պատերազմական տրամադրությունները շարունակվում են: Ելնելով դրանից, խնդիր չունենալով մեծամասնական ընտրակարգի եւ ընտրվելու հետ՝ կողմ եմ համամասնական ընտրակարգին»,- պարզաբանեց պատգամավորը:

Նա անչափ վստահ է, որ ինքը հաղթելու է, քանի որ, նրա համոզմամբ, գյումրեցիները իր կողքին են, թասիբով մարդիկ են, իսկ թիվ 34 ընտրատարածքում, ըստ պատգամավորի, թեժ ընտրապայքար չի սպասվում, եւ ավելի շատ լրագրողներն են այդպես ներկայացնում: Իսկ կառաջադրի՞ Մարտուն Գրիգորյանը իր թեկնածությունը Գյումրու քաղաքապետի պաշտոնում, հարցին պատասխանեց՝ «Ես այդ հարցին կպատասխանեմ պարոն Ծառուկյանի պես՝ այդ հարցին՝ հաջորդ դասին»: Նշենք, որ նա նախորդ ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի աթոռի համար ընտրապայքարի էր դուրս եկել Վարդան Ղուկասյանի հետ, որն այդ պատճառով մինչեւ օրս չի ներում պատգամավորին:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031