Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքը կա, ամլացվող չկա

Մարտ 06,2012 13:22

Անցանկալի հղիությունից խուսափելու «հոգսը» տղամարդիկ  թողնում են հիմնականում կանանց վրա

Մոտ 10 տարի է՝ մեր երկրում ուժի մեջ է տղամարդկանց եւ կանանց ամլացման վերաբերյալ օրենքը, ինչը հնարավորություն է տալիս խուսափել անցանկալի հղիությունից: Այսինքն՝ կանանց պես, տղամարդիկ էլ կարող են դիմել կամավոր բժշկական ամլացման: Սակայն օրենքի ընդունումից ի վեր ոչ մի հայ տղամարդ չի դիմել նման քայլի: Ըստ բժիշկ-մասնագետների՝ հայկական մենթալիտետից ելնելով,  անցանկալի պտղից ազատվելու կամ չհղիանալու համար միջոցներ ձեռնարկելու ամբողջ բեռը, մեր տղամարդիկ որպես կանոն, թողնում են կանանց վրա: Անցանկալի հղիությունից խուսափելու համար, իհարկե, մի շարք մեթոդներ կան՝ պահպանակներ, հակաբեղմնավորիչ հաբեր, պարույր եւ այլն: Եթե այս բոլոր մեթոդները զուգընկերների սրտով չեն, անցանկալի երեխայից աբորտի միջոցով են ազատվում, ինչը կնոջ առողջության համար խիստ վտանգավոր է եւ կարող է հանգեցնել քաղցկեղի:

Իսկ երբ տղամարդը չի ուզում պահպանակ օգտագործել, կնոջն էլ հակաբեղմնավորիչ հաբերը եւ պարույրը հակացուցված են, բժիշկներն առաջարկում են կամավոր բժշկական ամլացումը: Ընդ որում, տղամարդկանց ամլացումն ավելի հեշտ է կատարվում, քան կանանց: Բժիշկների հավաստմամբ՝ ամլացումից հետո տղամարդու սեռական պոտենցիան չի նվազում:

Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Բժշկական ամլացման տարատեսակ մեթոդներ կան: Կանանց մոտ կատարվում է փողերի փակում, իսկ տղամարդկանց դեպքում սերմնածորաններն են փակում, որն ավելի հեշտ է: Այսինքն՝ եթե կնոջ որովայնը պետք է կտրել այդ վիրահատությունն անելու համար, ապա տղամարդկանց մոտ արտաքին հատվածում է կատարվում: Կամավոր ամլացումը կոչվում է մշտական բեղմնականխում, եւ դրանից հետո վերականգնել երեխա ունենալու ֆունկցիան 99.9%-ով հնարավոր չէ»:

Բայց սա չի նշանակում, թե մարդիկ, որոնք ենթարկվել են ամլացման, այլեւս երեխա ունենալ չեն կարող: Գայանե Ավագյանի խոսքերով՝ կինը կարող է արհեստական ճանապարհով երեխա ուենալ, այսինքն՝ տղամարդու սերմնաբջիջները կարող են տեղադրել կնոջ արգանդի մեջ: Բժշկուհու ներկայացմամբ՝ ի տարբերություն Հայաստանի, արտերկրում շատ տղամարդիկ են դիմում կամավոր ամլացման: Նրանք այդ քայլին են գնում իրենց կանանց առողջության մասին մտածելով: Բացի այդ, դա ապահովագրում է ապօրինի երեխաներ ունենալուց:

Ամլանալուց հետո տղամարդիկ բնական ճանապարհով չեն կարող սերունդ ունենալ, սակայն ժամանակակից բժշկությունը նրանց էլ է «շանս» տալիս հետագայում, ցանկության դեպքում՝ հայր դառնալ: Մինչ այս վիրահատության դիմելը՝ տղամարդը կարող է իր սերմնահեղուկը կրիոկոնսերվացնել, այսինքն՝ ի պահ տալ, այսպես ասած, «սերմնահեղուկների բանկին»: Սերմը սառեցվում է, եւ երբ անձը ցանկանում է սերունդ ունենալ, ի պահ տված սերմն օգտագործում են:

Համաշխարհային պրակտիկայում, օրինակ՝ կամավոր ամլացման եղանակին են դիմել հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդոն, Պելեն: Ռոնալդոն այս քայլին է գնացել, երբ արտամուսնական կապից ունեցել է 4-րդ երեխան եւ դատարանի միջոցով ճարահատյալ ընդունել է հայրությունը: Պելեն կամավոր ամլացել է, երբ արդեն ապահովված է եղել իր ժառանգներով:

Որպեսզի կամավոր բժշկական ամլացումը չդիտվի ժողովրդագրական աճի անկմանը նպաստող հանգամանք, ամլացմանը վերաբերող օրենքը ամեն մարդու չէ, որ թույլ է տալիս ամլանալ: Նախ՝ ամլացվող կինը պետք է 40 տարեկանից բարձր լինի, իսկ ընտանիքը ունենա առնվազն 4 երեխա:

Ամլացման է ենթակա այն կինը, որը եռակի ենթարկվել է կեսարյան հատման եւ ունի առողջ երեխաներ, առկա են բժշկական ցուցումներ եւ այլն:

Մեզ հետ զրույցում Գայանե Ավագյանը նշեց, որ կառավարությունը պատրաստվում է ամլացման կարգում տարիքային շեմը նվազեցնել՝ 40-ից դարձնելով 35, իսկ 4 երեխան դարձնել 3: Ի՞նչն է փոփոխության պատճառը՝ մեր հարցին տիկին Ավագյանը պատասխանեց. «Օրենքն ընդունելու ժամանակ՝ 2002 թվականին, ծնելիությունն ավելի բարձր էր: Իսկ տարիքն իջեցնելու միտքն այն է, որ 40-ից հետո ինքնին պտղաբերությունն ընկնում է»:

Եթե անգամ զույգերը որոշում են կայացրել, որ մեկն ու մեկն ամլացվելու է, ապա նրանց եւս մեկ ամիս ժամանակ են տրամադրում՝ նախազգուշական տեղեկատվական թերթիկ տալով, որպեսզի լավ մտածեն, վերլուծեն ու հետո միայն վերջնական որոշում կայացնեն:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031